Skip to main content

Ախտանիշներ - Ալերգիա հավկիթից

Ձվից կամ հավկիթից ալերգիակ ռեակցիաները տարբերվում են անձից անձից և սովորաբար զարգանում են այս սննդամթերքի ազդեցությանը ենթարկվելուց անմիջապես հետո:

Երբեմն ալերգիայի նշանները կարող են հետաձգվել մինչև մի քանի ժամ:

Ձվից ալերգիայի ախտանիշները կարող են ներառել՝

  • մաշկի բորբոքում կամ եղնջացան (ալերգիկ եղնջայտուց), որը ձվից ալերգիայի ամենատարածված ռեակցիան է
  • քթի փակվածություն, քթահոսություն և փռշտոց (ալերգիկ ռինիտ)
  • երբեմն՝ դեմքի, շրթունքների կամ կոպերի այտուցվածություն
  • բերանում ծակոցներ
  • մարսողական ախտանիշներ, ինչպիսիք են կծկանքները, սրտխառնոցը և փսխումը
  • ասթմայի գանգատներ և ախտանիշներ, ինչպիսիք են հազը, շնչառական խզզոցները, կրծքավանդակի ճնշվածության զգացումը կամ շնչարգելությունն ու հևոցը:

Անաֆիլաքսիա

Սուր ալերգիկ ռեակցիան կարող է հանգեցնել անաֆիլաքսիայի՝ կյանքին սպառնացող արտակարգ իրավիճակ, որը պահանջում է Էպինեֆրինի (Ադրենալինի) անհապաղ ներարկում և անհետաձգելի բուժօգություն: Անաֆիլաքսիայի գանգատներն ու ախտանիշները ներառում են՝

  • շնչուղիների նեղացում, ներառյալ՝ կոկորդի կամ լեզվի այտուց կամ կոկորդում գոյացության զգացողություն, որը դժվարացնում է շնչելը և ուղեկցվում ձայնի խռպոտացմամբ կամ խոսքի դժվարացմամբ
  • որովայնային ցավ և կծկանքներ (սպազմ)
  • արագացած անոթազարկ (պուլս)
  • մաշկային ծածկույթների գունատություն և սառը կպչուն քրտինք
  • շոկ՝ արյան ճնշման կտրուկ անկումով (կոլապս), որը զգացվում է որպես գլխապտույտ, ուշագնացության զգացում կամ գիտակցության կորուստ:

Տեղեկացրեք բժշկին ձեր կամ ձեր երեխայի մոտ ձվի նկատմամբ դրսևորված ցանկացած ռեակցիայի մասին, նույնիսկ այն դեպքերում, երբ ալերգիկ նշանները եղել են թույլ: Ձվից ալերգիայի սրությունն ամեն անգամ կարող է տարբեր լինել, ուստի, եթե նույնիսկ անցյալում ռեակցիան թույլ է եղել, չի բացառվում, որ հաջորդը կարող է ավելի ծանր դառնալ:

Եթե ձեր բժիշկը կարծում է, որ դուք կամ ձեր երեխան կարող եք ծանր ռեակցիայի ռիսկի տակ լինել, կարող է նշանակել Էպինեֆրինի անհետաձգելի ներարկում, որին պետք է դիմեք, եթե առաջանա անաֆիլաքսիա: Նման դեպքերում սովորաբար դուրս է գրվում ինքնաներարկման հեշտ գործիք, որը կոչվում է ինքնաներարկիչ:

Ե՞րբ դիմել բժշկին

Այցելեք ձեր բժշկին, եթե դուք կամ ձեր երեխան ունեք սննդային ալերգիայի գանգատներ կամ ախտանիշներ ձու կամ ձու պարունակող սննդամթերք ուտելուց անմիջապես հետո: Հնարավորության դեպքում այցելեք ձեր բժշկին, երբ ալերգիկ ռեակցիա է առաջանում: Սա կարող է օգնել ախտորոշմանը:

Եթե դուք կամ ձեր երեխան ունեք անաֆիլաքսիայի գանգատներ և ախտանիշներ, անհապաղ զանգեք 1-03 և կանչեք շտապ օգնություն և օգտագործեք Էպինեֆրինի ինքնաներարկիչ, եթե այդպիսին նշանակվել է:

Հոդվածը հրապարակվել է՝ 06-12-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024