Առողջական խնդիրներ
Էնդոկարդիտ. պատճառներ

2 րոպե
Սրտի ներքին թաղանթի բորբոքման՝ էնդոկարդիտի հիմնական պատճառը բակտերիալ վարակն է։
Ուստի այս հիվանդությունը կոչվում են նաև «բակտերիալ էնդոկարդիտ» կամ «վարակային էնդոկարդիտ» կամ էլ «սեպտիկ էնդոկարդիտ»։ Բակտերիաներից էնդոկարդիտի պատճառ մեծամասամբ հանդիսանում են ստաֆիլոկոկերը և ստրեպտոկոկերը։ Բորբոքված էնդոկարդը այտուցվում է և վնասում սրտի փականային ապարատը։
Բակտերիաները սրտի խոռոչ ներթափանցում են արյան հունով։ Օրինակ, բակտերիաները սիրտ կարող են հասնել բերանի խոռոչից (ատամնաբուժական միջամտություններ, ատամների և լնդերի բակտերիային վարակներ), վիրահատությունների կամ բժշկական այլ միջամտությունների պատճառով, ինչպես նաև մաշկով, մարսողական ուղիով կամ միզուղիներով։
Ավելի հաճախ բակտերիաները շրջանցում են իմունային համակարգը, հասնում էնդոկարդ և ախտահարում այն, եթե վերջինս արդեն իսկ վնասված է։ Բակտերիալ էնդոկարդիտի զարգացման ռիսկի գործոններից են՝
- վիրահատական կամ բժշկական «արյունային» այլ միջամտություններ
- սրտի փականների հետ կապված խնդիրներ (բնածին արատներ)
- սրտի արհեստական փական կամ փեյսմեյքերի առկայություն
- ատամների կամ լնդերի հիվանդություններ
- ներարկային ապօրինի թմրամիջոցների օգտագործում
- հիվանդություններ կամ վիճակներ, որոնք բերում են իմունային համակարգի (բակտերիաների նկատմամբ օրգանիզմի դիմադրողականության) թուլացման։
Հոդվածը տեղադրվել է՝ 20-05-2018 վերանայվել է՝ 13-10-2021
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: