Էնդոկարդիտ. ախտանիշներ
20-05-2018
2 րոպե

Էնդոկարդիտի ախտանիշները կարող են զարգանալ մի քանի օրվա (սուր ընթացք) կամ շաբաթվա և ամսվա ընթացքում (ենթասուր ընթացք)։
Սրտի ներքին թաղանթի բորբոքումը կամ էնդոկարդիտը սովորաբար բակտերիալ ծագման է, ուստի հիվանդության ժամանակ զարգացող ախտանիշները կարելի է պայմանականորեն բաժանել երկու խմբի՝ վարակով (սեպսիս) և սրտի փականային ախտահարմամբ պայմանավորված։
Բակտերիալ կամ վարակային էնդոկարդիտի հիմնական ախտանիշներն են՝
- մարմնի բարձր ջերմություն (տենդ), դող, սարսուռ և գիշերային քրտնոտություն
- մկանային ցավեր
- շնչարգելություն և հևոց, հատկապես ֆիզիկական ակտիվության ժամանակ
- հազ
- գլխացավ
- արյան ցածր ճնշում (հիպոտոնիա) և գլխապտույտ
- խիստ արտահայտված ընդհանուր թուլություն և հոգնածության զգացում
- մաշկին կարմիր կետային արյունազեղումների առաջացում (պետեխիա)
- ձեռքի կամ ոտնաթաթի մատերին ցավոտ ուռուցիկությունների առաջացում
- ձեռքերի ափերին և ոտնաթաթերի ներբաններին կարմիր ցավոտ բծերի առաջացում
- շշմածություն
- մարմնի կշռի կորուստ (նիհարում և հյուծում)։
Ինչպես նկատեցիք, այս ախտանիշների մեծ մասը կապված է սեպսիսի հետ։
Եթե ձեզ մոտ նկատել եք այս նշաններից մեկնումեկը և էնդոկարդիտի զարգացման «բարձր ռիսկի» խմբում եք, առանց ուշացնելու կապ հաստատեք ձեր բժշկի հետ։ Թեև այս նշանները կարող են հանդիպել նաև այլ հիվանդությունների ժամանակ, էնդոկարդիտի ախտորոշումը կարող է արագորեն հաստատվել։
Հիշեք, որ բուժումից դուրս մնալիս էնդոկարդիտը կարող է արագորեն հասցնել մահվան (էնդոկարդիտով հիվանդների 1/3-ը մեկ տարվա մեջ մահանում է)։ Վաղ ախտորոշումը և բուժումը խիստ նվազեցնում են մահվան ելքը։
Հոդվածը վերանայվել է՝ 26-12-2022