Էպիլեպսիա ունեցող մարդկանց մեծ մասը կարող է զերծ մնալ ցնցումներից՝ ընդունելով մեկ հակացնցումային դեղամիջոց, որը նաև կոչվում է հակաէպիլեպտիկ դեղամիջոց:
Մյուսների մոտ ցնցումների հաճախականությունը և ուժգնությունը կարող է պակասել մի քանի դեղամիջոց ընդունելու շնորհիվ:
Էպիլեպսիայով հիվանդ շատ երեխաներ, ում մոտ հիվանդության ախտանիշները որոշ ժամանակ չեն դրսևորվել, ի վերջո կարող են դադարեցնել դեղամիջոցները և ապրել առանց ցնցումների: Բազմաթիվ չափահասներ կարող են դադարեցնել դեղորայքը, եթե երկու կամ ավելի տարի ցնցումներ չեն գրանցվել: Ձեր բժիշկը ձեզ խորհուրդ կտա, թե երբ է կարելի դադարեցնել դեղերի ընդունումը:
Ճիշտ դեղորայքի և դեղաչափի որոնումը կարող է բարդ լինել: Ձեր բժիշկը հաշվի կառնի ձեր վիճակը, ցնցումների հաճախականությունը, ձեր տարիքը և այլ գործոններ, որ ընտրի, թե որ դեղամիջոցը նշանակի: Ձեր բժիշկը նաև ձեզ հետ կքննարկի ցանկացած այլ դեղամիջոց, որը դուք կարող եք ընդունել՝ համոզվելու, որ հակաէպիլեպտիկ դեղամիջոցները չեն փոխազդում դրանց հետ:
Ձեր բժիշկը, ամենայն հավանականությամբ, նախ կնշանակի մեկ դեղամիջոց համեմատաբար ցածր դեղաչափով և կարող է աստիճանաբար ավելացնել դեղաքանակը՝ մինչև ձեր ցնցումներն արդյունավետ վերահսկվեն:
Առկա են ավելի քան 20 տարբեր տեսակի հակացնցումային դեղամիջոցներ: Դեղորայքը, որը ձեր բժիշկն ընտրում է ձեր էպիլեպսիայի բուժման համար, կախված է ձեր ունեցած ցնցումների տեսակից, ինչպես նաև այլ գործոններից, ինչպիսիք են ձեր տարիքը և առողջական այլ վիճակները:
Այս դեղերը կարող են դրսևորել որոշ կողմնակի ազդեցություններ: Մեղմ կողմնակի ազդեցությունները ներառում են՝
- հոգնածություն
- գլխապտույտ
- քաշի ավելացում
- ոսկրերի խտության կորուստ (օստեոպորոզ)
- մաշկային ցան
- կորդինացիայի խանգարումներ
- խոսքի հետ կապված խնդիրներ
- հիշողության և մտածողության հետ կապված խնդիրներ:
Ավելի ծանր, սակայն՝ հազվադեպ հանդիպող կողմնակի ազդեցություններից են՝
- դեպրեսիա
- ինքնասպանության (սուիցիդալ) մտքեր և վարքագծեր
- ծանր ցանավորում
- որոշ օրգանների բորբոքում, ինչպիսին է ձեր լյարդը:
Դեղորայքի միջոցով ցնցումների լավագույն վերահսկման հասնելու համար հետևեք այս քայլերին:
- Դեղորայքն ընդունեք ճիշտ այնպես, ինչպես նշանակված է:
- Միշտ զանգեք ձեր բժշկին, նախքան ձեր դեղորայքի փոխարինող տարբերակին անցնելը կամ այլ դեղեր ընդունելը, այդ թվում՝ դեղատոմս չպահանջող կամ բուսական միջոցներ:
- Երբեք մի՛ դադարեցրեք ձեր դեղորայքի ընդունումն առանց ձեր բժշկի հետ խոսելու:
- Անհապաղ տեղեկացրեք ձեր բժշկին, եթե նկատել եք դեպրեսիայի խորացում, սուիցիդային մտքեր կամ տրամադրության ու վարքագծի անսովոր փոփոխություններ:
- Անմիջապես տեղեկացրեք ձեր բժշկին, եթե նկատում եք դեպրեսիայի, ինքնասպանության մտքերի կամ ձեր տրամադրության կամ վարքագծի անսովոր փոփոխություններ կամ ավելացած զգացումներ:
- Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե ունեք միգրեն: Բժիշկները կարող են նշանակել հակաէպիլեպտիկ դեղամիջոցներից մեկը, որը կարող է կանխել ձեր միգրենը և բուժել էպիլեպսիան:
Էպիլեպսիայով նոր ախտորոշված մարդկանց առնվազն կեսը կազատվի ցնցումներից առաջին դեղամիջոցի ընդունումից հետո: Եթե հակաէպիլեպտիկ դեղամիջոցները բավարար արդյունքներ չեն տալիս, ձեր բժիշկը կարող է առաջարկել վիրահատություն կամ այլ բուժում: Դուք պարբերաբար հանդիպումներ կունենաք ձեր բժշկի հետ՝ գնահատելու ձեր վիճակը և դեղերը:
Հոդվածը հրապարակվել է՝ 18-02-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024