Առողջական խնդիրներ
Էպիլեպսիա. բարդություններ

2 րոպե
Որոշ դեպքերում ցնցումային նոպան կարող է բերել մի իրավիճակի, որը վտանգ է ներկայացնում ինչպես ձեզ, այնպես էլ շրջապատի մարդկանց:
Էպիլեպսիայի ավելի հաճախ հանդիպող բարդությունները ներկայացված են ստորև:
- Վայր ընկնել և վնասվածքներ. ցնցման սկզբում վայր ընկնելով էպիլեպսիայով մարդը կարող է վնասել իր գլուխը կամ ստանալ տարբեր կոտրվածքներ:
- Ջրախեղդություն. եթե ունեք էպիլեպսիա, ապա լողալիս կամ վաննայում լողանալիս ջրախեղդ լինելու ռիսկը բարձրացնում է 15-19 անգամ:
- Ավտովթարներ և դժբախտ պատահարներ. ուշադրության կենտրոնացման կորուստ կամ գիտակցության խանգարում առաջացնող ցնցումը կարող է վտանգավոր լինել, եթե դուք մեքենա եք վարում կամ որևէ սարքով կամ հաստոցով գործ եք անում: Տարբեր երկրներում այս բարդությունը հաշվի առնելով էպիլեպսիայով անձին վարորդական իրավունքից ժամանակավորապես զրկում են՝ մինչև տևական ժամանակի ընթացքում կբացակայեն նոր ցնցումները:
- Հղիության բարդություններ. հղի կնոջ մոտ ցնցումները կարող են վտանգ ներկայացնել ինչպես կնոջ, այնպես էլ չծնված երեխայի համար: Որոշ հակաէպիլեպտիկ (հակացնցումային) դեղեր իրենց հերթին կարող են բարձրացնել բնածին արատների հավանականությունը: Ուստի, եթե ունեք էպիլեպսիա և ցանկանում եք հղիանալ, քննարկեք այս հարցը ձեր բուժող բժշկի հետ:
- Հուզական առողջության խնդիրներ. էպիլեպսիայով անձինք ավելի հավանական է, որ կունենան հոգեբանական խնդիրներ, հատկապես՝ դեպրեսիա, տագնապ, ինչպես նաև սուիցիդալ (ինքնասպանության) մտքեր և վարքագծեր: Նման խնդիրները կարող են կապված լինել ինչպես բուն հիվանդությանը դիմակայելու դժվարությունների, այնպես էլ դեղերի կողմնակի ազդեցությունների հետ: Ընդհանուր առմամբ, էպիլեպսիան կարող է բացասաբար անդրադառնալ հիվանդի հոգեսոցիալական վիճակի վրա: Էպիլեպսիայով անձինք կարող են մեկուսանալ հասարակությունից, իրենց վրա կրել այդ խարանը (ստիգմա) ու մերժվել հասարակության կողմից (ընդ որում, ստիգման տարածվում է նաև ընտանիքի անդամների վրա): Միևնույն ժամանակ, ուշադրության պակասի գերակտիվության համախտանիշը 3-5 անգամ ավելի հաճախ է հանդիպում էպիլեպսիա ունեցող երեխաների մոտ, իսկ այս երկու հիվանդություններն ունեն զգալի ազդեցություն երեխայի վարքի, ուսուցման և զարգացման վրա։
Էպիլեպսիայի այլ՝ կյանքին սպառնացող բարդությունները թեև հազվադեպ, սակայն կարող են հանդիպել:
- Էպիլեպտիկ վիճակ (status epilepticus). սա այն վիճակն է, երբ ցնցումները շարունակվում են 5 րոպեից երկար կամ առանց լիարժեք գիտակցության գալու ցնցումները հաճախակի հաջորդում են մեկը մյուսին (մեկ ժամվա ընթացքում՝ առնվազն երկու անգամ): Էպիլեպտիկ վիճակում հայտնված մարդու մոտ բարձրանում է ուղեղի անդառնալի վնասման և մահվան ռիսկը:
- Էպիլեպտիկ հանկարծամահություն (անգլերեն հավապումը՝ SUDEP). էպիլեպսիայով մարդկանց մոտ առկա է հանկարծամահության փոքր ռիսկ, որի հստակ պատճառը պարզ չէ, սակայն ըստ որոշ հետազոտությունների կարող են լինել սրտային կամ շնչառական հիվանդությունները: Հաճախակի տոնիկ-կլոնիկ ցնցումներով և բուժումից դուրս մնացած անձանց մոտ SUDEP-ի ռիսկը աճում է: Ընդհանուր առմամբ, էպիլեպսիայով անձանց մոտ 1 տոկոսը մահանում է այս բարդությունից:
Հոդվածը տեղադրվել է՝ 18-02-2021 վերանայվել է՝ 27-04-2021
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: