Էպիլեպսիա. ինքնօգնություն
18-02-2021
2 րոպե

Եթե ձեզ մոտ կամ ձեր երեխայի մոտ հայտնաբերել են էպիլեպսիա, ապա հիշեք, որ դուք կարող եք օգնել բժշկին և ինքներդ ձեզ, որպեսզի հիվանդության ախտանիշները դարձնեք կառավարելի և խուսափեք բարդություններից:
Ընդհանուր առմամբ, էպիլեպսիայի վերաբերյալ որոշակի գիտելիքներ ստանալը կարող է օգնել ձեզ, որպեսզի ավելի լավ վերահսկեք հիվանդության ընթացքը:
- Ձեզ նշանակված դեղերն ընդունե՛ք այնպես, ինչպես հրահանգել է բժիշկը. մի՛ փորձեք ինքնուրույն կամ մեկ այլ բժշկի խորհրդով փոփոխել ձեր դեղերը կամ դրանց դեղաչափերը (նման որոշումից առաջ անպայման խորհրդակցեք ձեր այն բժշկի հետ, ով ստանձնել է ձեր հիվանդության բուժումը):
- Կարգավորե՛ք ձեր հանգիստը և բավարար չափով քնեք. հիշեք, որ քնի պակասը կարող է նպաստել ցնցումային նոպայի կրկնությանը և ձեռնարկեք քայլեր, որ գիշերային քունը դարձնեք բավարար:
- Կրե՛ք բժշկական նախազգուշացնող ապարանջան (բրասլետ). սա թույլ կտա անհետաձգելի բուժանձնակազմին ձեր հնարավոր ցնցումների ժամանակ իմանալ ձեր ախտորոշման մասին և ճիշտ բուժում անցկացնել:
- Մի՛ մոռացեք ֆիզիկական ակտիվության օգտակարության մասին. ֆիզիկական վարժանքները կարող են օգնել ձեր ֆիզիկական առողջության պահպանմանը և մեղմացնել հնարավոր դեպրեսիան (հիշեք նման դեպքերում ստանալ բավարար չափով ջուր և խուսափել գերծանրաբեռնվածությունից):
Ի լրումն, սթրեսի կառավարման հմտությունները, ալկոհոլային խմիչքներից և ծխախոտի օգտագործումից հրաժարվելը կարող են օգնել էպիլեպսիայի բուժմանը:
Իրականում, էպիլեպսիայով բազմաթիվ մարդիկ ունեն հուզական խնդիրներ, որը պայմանավորված է նաև շրջապատից եկող ռեակցիաներից և խարանից (ստիգմա): Նման դեպքերում հասարակությունից մեկուսանալը և ընկճվածությունը կարող են լրջորեն խանգարել բուն հիվանդության բուժմանը և նպաստել ցնցումային նոպաների վերսկսմանը կամ հաճախացմանը:
Այսպիսի անցանկալի զարգացումներից խուսափելու համար դուք կարող եք՝
- կրթվել և ձեր ընկերներին ու ընտանիքի անդամներին տեղեկացնել էպիլեպսիայի, դրա ախտանիշների և բուժման առանձնահատկությունների մասին
- փորձել անտեսել այլ մարդկանցից ստացվող բացասական ռեակցիաները
- ապրել հնարավորինս անկախ կյանքով և փորձել չկտրվել աշխատանքից և ձեր նախասիրություններից
- գտնել այնպիսի բժիշկ, որի հետ կարող եք անկեղծ շփվել
- փորձել մշտապես չլարվել՝ հերթական ցնցմանը սպասելով
- գտնել նույն ախտորոշմամբ մարդկանց կամ աջակցող խումբ, ում հետ կարելի է ազատորեն շփվել և անկեղծանալ ձեզ անհանգստացնող խնդիրներով:
Հոդվածը վերանայվել է՝ 27-04-2021