Առողջական խնդիրներ

Կերակրափողի կծկանքներ (սպազմ)

Կերակրափողի կծկանքներ (սպազմ)

Time Read 3 րոպե

Կերակրափողային կծկանքները բերանի խոռոչը ստամոքսին միացնող մկանային խողովակի՝ կերակրափողի ցավոտ կծկանքներն են:

Դրանք կարող են դրսևորվել որպես հանկարծակի ի հայտ եկող հետկրծոսկրային ցավեր, որոնք տևում են մի քանի րոպեից մինչև ժամեր:

Կերակրափողային կծկանքներն առաջանում են միայն հազվադեպ և կարող են որևէ բուժման կարիք չառաջացնել: Սակայն երբեմն դրանք ի հայտ են գալիս հաճախակի, առաջացնում ռեգուրգիտացիա կամ ուղեկցվում ուժեղ ցավերով: Նման դեպքերում, երբ կերակրափողային կծկանքները խանգարում են ձեր սնունդ կամ հեղուկներ ընդունելուն կամ ուղեկցվում անհանգստացնող ցավերով, բուժումը կարող է զգալիորեն բարելավել ձեր ինքնազգացողությունը:

Կերակրափողի կծկանքների պատճառները

Դեռ լիարժեք պարզ չէ, թե ինչն է կերակրափողի կծկանքների պատճառը, սակայն հնարավոր է, որ նման վիճակը կապված է կուլ տալուն մասնակցող մկանների գործունեությունը կարգավորող նյարդերի շեղված գործունեության հետ:

Առողջ կերակրափողը կուլ տված սնունդը ստամոքս է տեղափոխում ներդաշնակ կծկումների շնորհիվ: Կծկանքը դժվարացնում է կերակրափողի ստորին շրջանի մանների համակարգված գործունեությունը` ուղղված կուլ տված սնունդը կամ հեղուկը ձեր ստամոքս ներմուծելուն:

Կերակրափողի կծկանքները լինում են երկու տեսակի՝

  • պատահական կծկանքներ (դիֆուզ կերակրափողային կծկանքներ), որը կարող է լինել ցավոտ և հաճախ ուղեկցվում է սննդի կամ հեղուկի ռեգուգիտացիայով
  • ցավոտ ուժեղ կծկանքներ («աքցանային կերակրափող» կամ «հորատիչի կերակրափող»), որը խիստ ցավոտ է և կարող է չառաջացնել ռեգուրգիտացիա:

Ռիսկի գործոններ

Կերակրափողի կծկանքները հանդիպում են խիստ հազվադեպ: Դրանք հակված են առաջանալու 60-80 տարեկան մարդկանց շրջանում և կարող են կապված լինել գաստրոէզոֆագեալ ռեֆլյուք հիվանդության հետ (ԳԷՌՀ):

Կերակրափողի կծկանքների ռիսկը բարձրացնող հավանական այլ գործոններից են՝

Կերակրափողի կծկանքների ախտանիշները

Կերակրափողի կծկանքի ախտանիշներն են՝

  • կրծոսկրի տակ ճնշող-սեղմող ցավեր, որը հաճախ ուժեղ է և դուք կարող եք այն շփոթել սրտային ցավի հետ (կրծքահեղձուկ)
  • կլման դժվարություն, որը երբեմն կապված է կոնկրետ նյութերի հետ, օրինակ՝ կարմիր գինի կամ խիստ տաք կամ սառը հեղուկներ
  • ըմպանում կամ կերակրափողում օտար մարմնի կամ սննդի «լռվելու» զգացողություն
  • ռեգուրգիտացիա, երբ ընդունած սնունդը կամ հեղուկները ետ են բարձրանում դեպի կերակրափող:

Ե՞րբ դիմել բժշկին

Կերակրափողի կծկանքով պայմանավորված հետկրծոսկրային սեղմող բնույթի ցավերը կարող են ի հայտ գալ նաև սրտամկանի ինֆարկտի ժամանակ: Ուստի, եթե առաջին անգամ են նման ցավեր ի հայտ գալիս կամ դուք չեք կարող որևէ կերպ դրանք կապել սննդի ընդունման հետ, ապա առանց ուշացնելու դիմեք ձեր բժշկին կամ զանգեք 1-03 և կանչեք շտապբուժօգնություն:

Կերակրափողի կծկանքների ախտորոշումը

Ձեր գանգատները լսելուց հետո բժիշկը կարող է առաջարկել որոշ հետազոտություններ, որոնց նպատակը հնարավոր այլ հիվանդությունները բացառելն է՝

  • Էնդոսկոպիական հետազոտություններ, երբ բարակ, ճկուն, լուսավորվող և ազատ ծայրին տեսախցիկ ունեցող խողովակը ձեր բերանով և ըմպանով ներմուծվում է կերակրափող և դիտվում դրա պատերը, երբեմն նաև՝ վերցվում հյուսվածքային փոքր նմուշ (բիոպսիա)
  • ռենտգեն հետազոտություն, երբ պատկերվում է ձեր կերակրափողը նախապես կոնտրաստային հեղուկ խմելուց հետո
  • կերակրափողային մանոմետրիա, երբ չափվում է ջուր խմելուց հետո կերակրափողի մկանների կծկումները
  • կերակրափողի pH հսկողություն, որի նպատակը ստամոքսի թթվային պարունակության դեպի կերակրափող հնարավոր ռեգուրգիտացիան հայտնաբերելն է (թթվային ռեֆլյուքս):

Կերակրափողի կծկանքների բուժումը

Բուժումը կախված է կերակրափողի կծկանքների հաճախականությունից և ծանրության աստիճանից:

Եթե կծկանքները հազվադեպ են, բժիշկը կարող է խորհուրդ տալ, որ դուք խուսափեք նման վիճակ պատճառող սննդամթերքներից կամ իրավիճակիցներից:

Եթե կծկանքների պատճառով սննդի և հեղուկի ընդունումը դժվարանում է, բժիշկը կարող է առաջարկել՝

  • առկա հիվանդությունների կամ վիճակների կառավարում, որը կարող է ուղղվել այրոցքի, ԳԷՌՀ, տագնապի կամ դեպրեսիայի բուժմանը (օրինակ՝ պրոտոնային պոմպի արգելակիչների (Օմեպրազոլ, Լանզոպրազոլ և այլն), հակադեպրեսանտների (Տրադոզոն, Իմիպրամին և այլն) և այլ դեղերի նշանակում)
  • կլմանը մասնակցող մկանների թուլացում, որի համար բժիշկը կարող է նշանակել որոշ դեղեր՝ ուղղված կերակրափողային կծկանքների մեղմացմանը
  • վիրահատություն (միոպոտմիա), որը եզակի դեպքերում կարող է ձեզ առաջարկվել, եթե դեղերը չեն օգնում, իսկ գանգատները խիստ անհանգստացնող են
  • պերօրալ էնդոսկոպիկ միոտոմիա, որն ավելի նոր մեթոդ է և թույլ է տալիս կերակրափողի որոշ մկանների հատում կատարել «ներսից»՝ կերակրափողի լուսանցքից:

Կենսակերպ և ինքնօգնություն

Դուք կարող եք օգնել կերակրափողային կծկանքների կանխարգելմանը հետևյալ մեթոդներով՝

  • խուսափեք կծկանքներ առաջացնող սննդամթերքներից կամ հեղուկներից (ալկոհոլ, ըմպելիքներ և այլն)
  • խուսափեք խիստ տաք կամ խիստ սառը վիճակում սննդամթերքներ կամ հեղուկների ընդունելուց
  • փորձեք սթրեսը մեղմացնող կամ կառավարող ուղիներ և մեթոդներ
  • որոշ մարդկանց կարող է օգնել անանուխի յուղի ենթալեզվային օգտագործումը (որպես մկանները թուլացնող միջոց):

Հոդվածը տեղադրվել է՝ 08-05-2020 վերանայվել է՝ 07-03-2021

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: