Կան ուշագնացության կամ սինկոպեի մի քանի հիմնական տեսակներ՝ յուրաքանչյուրն իր առանձնահատուկ պատճառով:
Սակայն, երբեմն ուշագնացության հստակ պատճառը հնարավոր չի լինում որոշել: Ըստ որոշ գնահատականների, այդպիսի դեպքերը կազմում են 10-40%:
Ռեֆլեկտոր (նյարդային միջնորդավորված) ուշագնացություն
Ռեֆլեկտոր կամ նյարդային միջնորդավորված ուշագնացությունն ամենատարածված տեսակն է: Այն առաջանում է, երբ որոշ ռեֆլեքսներ ճիշտ չեն կարգավորվում, որի արդյունքում սրտազարկը դանդաղում է՝ բերելով արյան ճնշման նվազեցման, իսկ վերջինս՝ գլխուղեղի արյան հոսքի կրճատման:
Տարբերում են ռեֆլեկտոր ուշագնացության 3 տեսակներ:
- Վազովագալ. սա առաջանում է, երբ ձեր օրգանիզմը ուշագնացությանը նպաստող ազդակին տալիս է գերակտիվ պատասխան: Նման գործոնները բազաթիվ են՝ ուժեղ ցավ, վախ, դիսթրես, ամոթ, անհանգիստ վիճակ, երկարատև կանգնած դիրք և այլն: Վազովագալ ուշագնացությունը նաև սնիկոպեի ամենատարածված տեսակն է, որը կազմում է բոլոր դեպքերի մոտ 50%-ը։
- Իրավիճակային. ուշագնացության այս տեսակն առաջանում է որոշակի գործողություններ կատարելիս, օրինակ՝ ծիծաղելիս, հազալիս, կլման ընթացքում (ընդ որում, պայմանավորված ոչ միայն պինդ սննդի ընդունմամբ, այլ նաև գազավորված և սառը ըմպելիքներով), միզելիս, աղիները դատարկելիս կամ փսխելիս:
- Քնային զարկերակի ծոցի սեղմում (կարոտիսային սինուս). ուշագնացության այս տեսակն առաջանում է, երբ ճնշում է գործադրվում պարանոցով անցնող քնային զարկերակի վրա: Դուք կարող եք ուշագնաց լինել պարանոցի որոշ անհաջող շարժումներ կատարելիս, նեղ օձիքով վերնաշապիկ կրելիս կամ սափրվելիս:
Սրտային ուշագնացություն
Ինչպես հուշում է անվանումը, ուշագնացության այս տեսակը պատճառվում է սրտային խնդիրներից: Երբ ձեր սիրտը նորմալ չի գործում, գլխուղեղը ստանում է նորմայից ավելի պակաս արյուն: Սրտային ուշագնացությունը կազմում է բոլոր դեպքերի մոտ 15%-ը։
Կան սրտային ուշագնացության հանգեցնող տարբեր գորոծոններ, այդ թվում՝
- սրտի կառուցվածքային խնդիրներ, օրինակ՝ կարդիոմիոպաթիաներ (իշեմիկ, դիլատացիոն) կամ սրտի փականային հիվանդություններ (աորտալ սթենոզ և միտրալ սթենոզ)
- սրտի էլեկտրական խնդիրներ, օրինակ՝ սրտի ռիթմի խանգարումներ (առիթմիա), այդ թվում՝ սրտի պաշարման հանգեցնող սրտազարկի դանդաղում (բրադիկարդիա) կամ արագացում (տախիկարդիա), ինչպիսին են Վոլֆ-Պարկինսոն-Ուայթ համախտանիշը, փորոքային տախիկարդիան և Բրուգադայի համախտանիշը
- սրտամկանի ինֆարկտ
- այլ հիվանդություններ, օրինակ՝ թոքային զարկերակի թրոմբոէմբոլիա (ԹԶԹԷ), Ադամ-Սթոքի համախտանիշ կամ աորտայի շերտազատում:
Սրտային ուշագնացության ռիսկի գործոններից են՝
- 60-ից բարձր տարիք
- արական սեռ
- սրտային հիվանդության առկայություն
- սրտային հիվանդության կամ ուշագնացության վերաբերյալ ընտանեկան պատմություն:
Օրթոստատիկ (դիրքային) ուշագնացություն
Օրթոստատիկ ուշագնացությունն առաջանում է արյան ճնշման կտրուկ անկմամբ (ծանրության ուժի ներքո)՝ կանգնած դիրք ընդունելուց: Սա կոչվում է օրթոստատիկ կամ դիրքային հիպոտենզիա: Նորմայում գլխուղեղը կարողանում է կայունացնել այսպիսի վիճակը, որը օրթոստատիկ ուշագնացության դեպքում բացակայում է և բերում գիտակցության կորստի:
Օրթոստատիկ ուշագնացությունն ունի բազմաթիվ հնարավոր պատճառներ, այդ թվում՝
- ջրազրկում՝ անբավարար քանակով հեղուկներ ստանալու կամ առատ հեղուկներ կորցնելու պատճառով (փսխումներ, փորլուծություն, ծանր վարակներ և այլն)
- արյան զգալի կորուստ (արյունահոսություն) և անեմիա (սակավարյունություն)
- որոշ դեղամիջոցների ընդունում, օրինակ՝ արյան ճնշումը նվազեցնող, հակադեպրեսանտային կամ դիաբետի բուժման դեղեր
- ալկոհոլի մեծ քանակների օգտագործում
- որոշ հիվանդություններ, ինչպիսիք են դիաբետ, Պարկինսոնի հիվանդություն կամ ցրված սկլերոզ:
Օրթոստատիկ ուշագնության ռիսկի գործոններից են՝
- մեծ (ծերունական) տարիք:
Ուղեղանոթային (ցերեբրովասկուլյար) ուշագնացություն
Ուշագնացության այս տեսակն առաջանում է գլխուղեղային կամ գլուխուղեղը սնուցող արյունատար անոթների հետ կապված խնդիրների պատճառով, որոնք թույլ չեն տալիս, որ գլուխուղեղը բավարար արյուն և արյան հետ՝ թթվածին ստանա:
Կան ուղեղանոթային ուշագնացություն պատճառող տարբեր գործոններ, սակայն դրանք տարածված չեն: Օրինակներից են՝
- ուղեղանոթային հիվանդության որևէ պատահար, օրինակ՝ ինսուլտ, քնային զարկերակի սթենոզ (նեղացում) կամ անևրիզմա
- բազիլյար զարկերակային հիվանդություն, որը բերում է նույն զարկերակով արյուն ստացող ուղեղահյուսվածքի արյունամատակարարման կրճատման
- «կողոպտման» համախտանիշ, երբ գլխուղեղային արյունը ետհոսքով հայտնվում է վերին վերջույթը սնուցող ենթաանրակային զարկերակում:
Ուշագնացության այս տեսակի ռիսկի գործոններից են՝
- մեծ տարիք
- սրտանոթային հիվանդություն, օրինակ՝ աթերոսկլերոզ, բարձր արյան ճնշում (հիպերտենզիա) կամ բարձր խոլեստերին
- ուղեղանոթային հիվանդություն:
Հոդվածը հրապարակվել է՝ 18-03-2021
Վերջին վերանայում՝ 02-06-2024