Եթե ձեր ներկայությամբ որևէ մեկն ուշագնաց է լինում (ուշաթափվում է), դուք կարող եք օգնել նրան մի քանի պարզ միջոցառումներով:
Նույն կերպ, դուք կարող եք օգնել ինքներդ ձեզ, եթե զգում եք, որ կարող եք ուշագնաց լինել և ընկնել։
Ուշագնացությունը տեղի է ունենում, երբ ձեր գլխուղեղը ժամանակավորապես չի ստանում բավարար արյուն: Նման դեպքերում գիտակցության կորուստը լինում է կարճատև:
Ուշագնացությունը կարող է որևէ լուրջ նշանակություն չունենալ: Այլ դեպքերում այն կարող է պատճառվել լուրջ հիվանդությամբ, հաճախ՝ սրտի գործունեությունը խաթարող: Ուստի, ուշագնացության ցանկացած դեպք պետք է դիտարկել որպես անհետաձգելի բուժօգնություն պահանջող վիճակ, քանի դեռ ախտանիշները չեն վերացել կամ պատճառն անհայտ է:
Եթե զգում եք մոտալուտ ուշագնացություն
- Պառկեք այնպես, որ ոտքերը գլխից մի փոքր բարձր դիրքում լինեն։
- Եթե չեք կարողանում պառկել, նստեք և գլուխն իջեցրեք ներքև՝ պահելով ձեր ծնկների միջև։
- Հղիության առկայության ժամանակ խուսափեք մեջքի վրա պառկելուց, հատկապես հղիության վերջին ամիսներին։
- Պառկած կամ նստած դիրքում ձեր մարմնի դիրքը փոփոխեք ոչ կտրուկ շարժումներով, այլ՝ զգուշորեն և դանդաղ։
- Մինչև անկողնուց վեր բարձրանալը, մի քանի րոպե մնացեք անկողնում նստած վիճակում։
- Երբ կանգնած վիճակում զգում եք ուշագնացության նշաններ, հնարավորինս արագ փորձեք նստել որևէ տեղ։
- Խուսափեք երկար ժամանակ կանգնած մնալուց։
- Խուսափեք տոթ միջավայրերից։
- Որևէ առիթով (նիհարում և այլն) ձեզ երբեք մի զրկեք սննդից, դրա փոխարեն անցեք առողջ սննդակարգի։
- Խմեք շատ ջուր կամ այլ հեղուկներ:
Եթե կարծում եք, որ ձեր ներկայությամբ որևէ մեկն ուշագնաց է լինում
- Օգնեք այդ մարդուն պառկել, ցանկալի է՝ ոտքերը գլխից մի փոքր բարձր դիրքով։
- Մի փոքր բարձրացրեք նրա ոտքերը, որը կնպաստի դեպի գլխուղեղ արյան հոսքի ավելացմանը։
- Եթե պառկեցնելն անհնար է, նստեցրեք նրան և գլուխն իջեցրեք ներքև՝ պահելով իր ծնկների միջև։
Ինքնօգնություն և ուրիշներին օգնություն ցուցաբերելը
Եթե ձեզ մոտ առաջացել են ուշագնացության նշաններ, ապա՝
- եթե մեքենա եք վարում, կանգ առեք և մի շարունակեք երթևեկելը, մինչև ձեր ինքնազգացողությունն ինքնուրույն բարեավվի կամ ստանաք համապատասխան օգնություն
- փորձեք հասկանալ ուշագնացության պատճառը և հնարավորության դեպքում վերացնել այն:
Եթե հոգ եք տանում ուշագնաց վիճակում հայտնված ինչ-որ մեկի մասին, ապա՝
- պառկեցրեք նրան հորիզոնական դիրքով այնպես, որ նրա ոտքերը գլխի մակարդակից մի փոքր ավելի բարձր լինեն
- ըստ հնարավորության, ապահովեք թարմ և մաքուր օդի առկայություն
- եթե դիմացինի գիտակցությունը շուտ չի վերականգնվում, ապահովեք նրա վերին շնչուղիների անցանելիությունը (պրոթեզների հեռացում, բերանի պարունակության մաքրում, ծնոտի՝ քիչ բարձրացրած դիրք)
- զանգեք 1-03 և կանչեք շտապ օգնություն
- եթե անհրաժեշտություն կա (պարանոցի վրա անոթազարկի բացակայություն, ինքնուրույն շնչառության բացակայություն, մաշկի ընդհանուր գունատություն կամ կապտություն) սկսեք սիրտ-թոքային վերակենդանացման միջոցառումները:
Ուշագնացության դրվագից հետո, կապ հաստատեք ձեր բժշկի հետ, եթե՝
- վայր ընկնելուց ստացել եք որևէ վնասվածք
- ուշագնացության դեպքերը կրկնվում են
- ձեր տարիքը 40-ից անց է և առաջին անգամ եք ուշագնաց եղել
- դուք կին եք և ձեզ մոտ հղիություն կա
- ձեզ մոտ ախտորոշվել է շաքարային դիաբետ կամ որևէ սրտային հիվանդություն
- մինչև ուշագնացությունը ունեցել եք կրծքավանդակի ցավեր կամ կրծոսկրի վրա ճնշման կամ ծանրության զգացում
- ուշագնացության պահին ձեզ մոտ ի հայտ է եկել ակամա միզում կամ կղում
- ձեր անգիտակից վիճակը տևել է 1 րոպե և ավելի երկար:
Հոդվածը հրապարակվել է՝ 12-04-2018
Վերջին վերանայում՝ 23-04-2024