Առողջական խնդիրներ
Ուշագնացություն. ինքնօգնություն

1 րոպե
Այս խորհուրդները կօգնեն ձեզ ճիշտ կողմնորոշվել ուշագնացությանը նախորդող իրավիճակներում և դրանից հետո:
Ի՞նչ անել, եթե դուք եք ուշագնաց եղել
- Եթե ունեք ուշագնաց լինելու զգացողություն, պառկե՛ք. պառկեք այնպես, որ ձեր գլուխն ունենա ցածր, իսկ ոտքերը՝ բարձր դիրք, որը թույլ կտա ավելացնել ուղեղի արյան հոսքը: Պառկած դիրքը նաև թույլ է տալիս խուսափել ընկնելուց և վնասվածք ստանալուց:
- Եթե չեք կարող պառկել, նստե՛ք. եթե պառկելու հնարավորություն չկա, ապա նստեք և գլուխը առաջ թեքեք՝ դեպի ծնկները, որպեսզի բարձրացնեք գլխուղեղի արյան հոսքը:
- Մնացե՛ք պառկած կամ նստած այնքան ժամանակ, մինչև ուշագնացության զգացողություններն անհետանան. մի՛ փորձեք արագ վեր կենալ, քանի որ ուշագնացության դրվագը կարող է կրկնվել:
Ինչպե՞ս օգնել այլ մարդկանց
Եթե ձեր ներկայությամբ որևէ մեկն ուշագնաց է լինում, ապա ստուգեք ու համոզվեք, որ նա վնասվածքներ չի ստացել և կարողանում է շնչել: Եթե վնասվածքը բացառվում է, օգնեք նրան պառկելու մեջքի վրա և բարձրացրեք ոտքերը:
Եթե տվյալ անձը վնասվածներ ունի, չի վերականգնվում գիտակցությունը կամ չի շնչում, զանգեք 1-03 և կանչեք շտապբուժօգնություն: Մինչև բուժանձնակազմի ժամանելը մնացեք նրա կողքին և անհապաղ սկսեք քայլ առ քայլ իրականացնել սիրտ-թոքային վերակենդանացման միջոցառումները:
Ի՞նչ անել ուշագնացության դրվագից հետո
Ուշագնացության ոչ բոլոր դեպքերն են լուրջ, սակայն բոլոր դեպքերում պետք է այդ դրվագի մասին տեղեկացնել ձեր բժշկին: Եթե ցանկանում եք անմիջապես այցելել բժշկին, ապա խնդրեք, որ մեկ ուրիշը վարի ձեր մեքենան:
Որոշ դեպքերում ուշագնացությունը կարող է լինել որևէ լուրջ առողջական խնդրի ախտանիշներից մեկը: Անհապաղ զանգեք 1-03 և կանչեք շտապբուժօգնություն, եթե դուք՝
- ունեք կրկնվող ուշագնացության դրվագներ
- գիտակցությունը վերականգնվում է միայն մի քանի րոպե հետո
- ընկնելիս վնասվածք եք ստացել
- հղի եք
- ունեք դիաբետ
- ունեք սրտանոթային կամ այլ սրտային հիվանդություն
- մինչև ուշագնաց լինելը զգացել եք կրծքավանդակային ցավ կամ անսովոր սրտխփոց
- կորցրել եք միզապարկի կամ աղիների գործունեության վերահսկողությունը:
Հոդվածը տեղադրվել է՝ 18-03-2021 վերանայվել է՝ 30-03-2021
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: