Սեռական խնդիրներ հաճախ զարգանում են, երբ ձեր հորմոնները փոփոխության մեջ են, օրինակ՝ երեխա ունենալուց հետո կամ դաշտանադադարի ժամանակ:
Ծանր հիվանդությունները, ինչպիսիք են քաղցկեղը, դիաբետ կամ սրտի և արյունատար անոթների (սրտանոթային) հիվանդությունները, նույնպես կարող են նպաստել սեռական դիսֆունկցիայի առաջացմանը:
Սեռական անբավարարվածության կամ դիսֆունկցիայի առաջացմանը նպաստող գործոնները, որոնք հաճախ փոխկապակցված են, ներառում են հետևյալը:
- Ֆիզիկական (մարմնական) գործոններ. մի շարք հիվանդություններից յուրաքանչյուրը, ներառյալ քաղցկեղը, երիկամային անբավարարությունը, ցրված սկլերոզը, սրտային հիվանդությունը և միզապարկի խնդիրները, կարող են հանգեցնել սեռական դիսֆունկցիայի: Որոշ դեղամիջոցներ, ներառյալ որոշ հակադեպրեսանտներ, արյան ճնշման դեղամիջոցներ, հակահիստամիններ և քիմիաթերապիայի դեղեր, կարող են նվազեցնել ձեր սեռական ցանկությունը և ձեր օրգանիզմի՝ օրգազմ զգալու ունակությունը:
- Հորմոնային գործոններ. դաշտանադադարից (մենոպաուզա, կլիմաքս) հետո էստրոգենի ցածր մակարդակը կարող է հանգեցնել ձեր սեռական հյուսվածքների և սեռական պատասխանի փոփոխությունների: Էստրոգենի քչացումը հանգեցնում է դեպի փոքր կոնքի արյան հոսքի կրճատմանը, ինչը կարող է առաջացնել սեռական օրգանների զգացողության նվազեցում, գրգռման և օրգազմի հասնելու համար անհրաժեշտ ժամանակի երկարաձգում: Միևնույն ժամանակ, հեշտոցի լորձաթաղանթը դառնում է ավելի բարակ և պակաս առաձգական, հատկապես, եթե դուք սեռական ակտիվ չեք: Այս գործոնները կարող են հանգեցնել ցավոտ սեռական հարաբերության (դիսպարեունիա): Հորմոնային մակարդակի կրճատումը նաև առաջացնում է սեռական ցանկության (լիբիդո) թուլացման։ Ձեր հորմոնների մակարդակները նաև փոխվում են ծննդաբերությունից հետո և կրծքով կերակրման ընթացքում, որը կարող է հանգեցնել հեշտոցի չորության և ազդել սեռական հարաբերություն ունենալու ձեր ցանկության վրա:
- Հոգեբանական և սոցիալական գործոններ. չբուժված անհանգստությունը և տագնապը կամ դեպրեսիան, ինչպես նաև երկարատև սթրեսը և սեռական բռնության պատմությունը կարող են առաջացնել սեռական դիսֆունկցիա կամ նպաստել վերջինիս զարգացմանը: Հղիանալու վերաբերյալ անհանգստությունը և երիտասարդ մայր դառնալու հետ կապված պահանջները կարող են նման ազդեցություն ունենալ: Ձեր զուգընկերոջ հետ երկարատև հակասությունները՝ սեռական կյանքի կամ ձեր փոխհարաբերությունների այլ ոլորտների վերաբերյալ, նույնպես կարող են նվազեցնել ձեր սեռական պատասխանը: Մշակութային և կրոնական խնդիրներն ու ինքնագնահատականի հետ կապված խնդիրները նույնպես կարող են նպաստել:
Ռիսկի գործոններ
Որոշ գործոններ կարող են մեծացնել սեռական դիսֆունկցիայի ձեր ռիսկը՝
- դեպրեսիա կամ անհանգստություն և տագնապ
- սրտի և արյունատար անոթների հիվանդություն
- նյարդաբանական հիվանդություններ, ինչպիսիք են ողնաշարի վնասվածքը կամ ցրված սկլերոզը
- գինեկոլոգիական հիվանդություններ, ինչպիսիք են վուլվովագինալ ատրոֆիան, վարակները կամ սկլերոզացնող որքինը
- որոշ դեղամիջոցներ, ինչպիսիք են հակադեպրեսանտները կամ բարձր արյան ճնշման դեղերը
- հուզական կամ հոգեբանական սթրես, հատկապես՝ կապված ձեր զուգընկերոջ հետ հարաբերությունների հետ
- սեռական բռնության պատմություն:
Հոդվածը հրապարակվել է՝ 28-03-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024