Ձեր սեռական առողջությունը բարելավելու համար գտեք մեթոդներ, որ ձեր սեռականության հետ հարմարավետ զգաք, բարելավեք ձեր ինքնագնահատականը և ձեր մարմինն ընդունեք այնպես, ինչպիսին կա:
Փորձեք կիրառել առողջ ապրելակերպի այս սովորությունները:
- Խուսափեք ավելորդ ալկոհոլից. չափից շատ խմելը թուլացնում է սեռական պատասխանը:
- Մի՛ ծխեք. ծխախոտի ծխելը սահմանափակում է արյան հոսքն ամբողջ մարմնում: Ավելի քիչ արյուն է հասնում ձեր սեռական օրգաններին, ինչը նշանակում է, որ դուք կարող եք զգալ սեռական գրգռման և օրգազմային պատասխանի թուլացում:
- Եղեք ֆիզիկապես ակտիվ. կանոնավոր աերոբիկ վարժությունները մեծացնում են ձեր տոկունությունը, բարելավում ձեր մարմնի արտաքին տեսքը և բարձրացնում ձեր տրամադրությունը: Սա կարող է օգնել ձեզ, որ ավելի հաճախ ձեզ ավելի ռոմանտիկ զգաք:
- Ժամանակ տրամադրեք հանգստի և թուլանալու համար. սովորեք սթրեսը կրճատելու մեթոդներ և ձեզ թույլ տվեք առօրյա լարվածություններից հետո թուլացնել ձեր ուղեղը և մարմինը: Բավարար հանգիստը և քունը օգնում են, որ ուժեղացնեք սեռական գործունեության վրա կենտրոնանալու ձեր ունակությունը և հասնեք ավելի լավ գրգռման և օրգազմի:
Այլընտրանքային բժշկություն
Չնայած ավելի շատ հետազոտությունների անհրաժեշտությանը, կան ոչ դեղորայքային բուժման մեթոդներ (թերապիա), որոնք կարող են օգնել բարելավելու սեռական բավարարվածությունը:
- Գիտակցվածություն. մեդիտացիայի այս տեսակը հիմնված է բարձրացած զգոնության և յուրաքանչյուր վայրկյան շրջապատում և ձեր մարմնում ընթացող ամեն ինչ վրա կենտրոնանալու վրա: Դուք կենտրոնանում եք այն ամենի վրա, ինչ զգում եք մեդիտացիայի ժամանակ, օրինակ՝ ձեր ամեն ներշնչումն ու արտաշնչումը: Դուք կարող եք հետևել ձեր մտքերին ու զգացմունքներին, բայց թողնեք, որ դրանք անցնեն առանց քննարկման առարկա դառնալու:
- Ասեղնաբուժություն. չինական ավանդական բժշկության այս մեթոդը կարող է դրական ազդեցություն ունենալ ցածր լիբիդոյի և հեշտոցի չորության հետ կապված խնդիրների վրա, հատկապես, եթե դրանք պայմանավորված են են որոշ հակադեպրեսանտային դեղամիջոցների օգտագործմամբ:
- Յոգա. յոգայի ընթացքում դուք ընդունում եք մի շարք դիրքեր և կատարում եք վերահսկվող շնչառական վարժություններ, որը նպաստում է ձեր մարմնի ճկունությանը և ձեր մտքերի հանդարտացմանը: Յոգայի որոշ տարատեսակներ նպատակ ունեն ուղղորդել մարմնի սեռական էներգիան և բարելավել սեռական գործունեությունը:
Կան նաև որոշ բուսական հավելումներ և տեղային օգտագործման յուղեր, որոնք վաճառվում են որպես լիբիդոն և սեռական հաճույքը բարձրացնելու միջոցներ: Այնուամենայնիվ, դրանք լավ ուսումնասիրված չեն: Նման արտադրանքներից մեկն ունի էստրոգենի նման հատկություններ և կարող է խթանել կրծքագեղձի որոշ տեսակի ուռուցքների մեծացումը, որոնց աճի համար անհրաժեշտ է էստրոգեն: Զրուցեք ձեր բժշկի հետ նախքան բուսական կամ տեղական օգտագործման յուղերի որևէ պատրաստուկներ փորձելը:
Դիմակայում և աջակցություն
Ձեր կյանքի ցանկացած փուլում սեռական ցանկության, գրգռման և բավարարվածության մակարդակները փոփոխվում են: Այս փոփոխություններին ավելի լավ հարմարվելու համար՝
- հասկացեք ձեր օրգանիզմը և այն, թե ինչպես է կարելի ձեր սեռական պատասխանը դարձնել բավարար
- մշտապես ինքնակրթվեք՝ ուշադրություն դարձնելով այն թեմաներին, թե ինչպես են տարիքային փոփոխությունները, հղիությունը, դաշտանադադարը և դեղերն ազդում սեռական կյանքի վրա
- ազատորեն և բաց հաղորդակցվեք ձեր սեռական զուգընկերոջ հետ
- ընդունեք անխուսափելի փոփոխությունները և հարմարվեք դրանց։
Հոդվածը հրապարակվել է՝ 28-03-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024