Բարձր արյան ճնշումը նվազեցնող դեղերը նաև կոչվում են հակագերճնշումային (հակահիպերտենզիվ) դեղեր կամ, ինչպես ընդունված է պացիենտների շրջանում, ճնշման դեղեր:
- Միզամուղներ (դիուրետիկներ). այս դեղերը խթանում են օրգանիզմից նատրիումի և ջրի հեռացումը: Դրանք հաճախ բարձր արյան ճնշման բուժման առաջին դեղամիջոցներն են: Կան միզամուղների տարբեր դասեր, ներառյալ՝ թիազիդային, կանթային և կալում խնայող: Այն, թե բժիշկն այս խմբերից որ դեղամիջոցը ձեզ կնշանակի, կախված է ձեր արյան ճնշման ցուցանիշներից և այլ առողջական խնդիրների առկայությունից, ինչպիսիք են երիկամային հիվանդություն կամ սրտային անբավարարություն: Արյան ճնշումը նվազեցնելու համար ավելի հաճախ նշանակվում են Քլորթալիդոն, Հիդրոքլորթիազիդ (Միկրոզիդ) և այլն։ Միզամուղների տարածված կողմնակի ազդեցությունը խթանված միզարձակումն է: Շատ միզելը կարող է նվազեցնել արյան կալիումի մակարդակը: Կալիումի բավարար քանակներն անհրաժեշտ են սրտի ճիշտ կծկման համար: Եթե ունեք ցածր կալիում (հիպոկալեմիա), բժիշկը կարող է խորհուրդ տալ որևէ կալիում խնայող միզամուղ, որը պարունակում է Տրիամտերեն։
- Անգիոտենզին փոխակերպող ֆերմենտի (ԱՓՖ) արգելակիչներ (ինհիբիտորներ). ԱՓՖ արգելակիչներն օգնում են արյունատար անոթների թուլացմանը: Դրանք արգելակում են արյունատար անոթները նեղացնող բնական քիմիական միացության արտադրությունը: Օրինակներից են՝ Լիզինոպրիլ (Պրինիվիլ, Զեստրիլ), Բենազեպրիլ (Լոտենզին), Կապտոպրիլ (Կապոտեն) և այլն:
- Անգիոտենզին II ընկալիչների պաշարիչներ (բլոկատորներ). այս դեղամիջոցները նույնպես թուլացնում են արյունատար անոթները: Սակայն, դրանք ոչ թե արգելակում են արյունատար անոթները նեղացնող բնական քիմիական նյութի արտադրությունը, այլ պաշարում դրա ազդեցությունը: Այս խումբը ներառում է՝ Կանդեսարտան (Ատականդ), Լոզարտան (Կոզաար) և այլն:
- Կալցիումական անցուղիների պաշարիչներ (բլոկատորներ). այս դեղամիջոցներն օգնում են արյունատար անոթների պատի մկանների թուլացմանը: Դրանցից որոշները դանդաղեցնում են ձեր սրտի ռիթմը: Այս խմբի օրինակներից են՝ Ամլոդիպին (Նորվազք), Դիլթիազեմ (Կարդիզեմ, Տիազակ և այլն) և այլն: Կալցիումական անցուղու պաշարիչները կարող են ավելի լավ ազդել մեծ տարիքով կամ սևամորթ մարդկանց շրջանում, քան առանձին վերցրած ԱՓՖ արգելակիչները: Նկատի ունեցեք, որ կալցիումի պաշաիչ ընդունելիս պետք է հրաժարվել գրեպֆրութից, քանի որ վերջինս բարձրացնում է արյան մեջ որոշ դեղամիջոցների մակարդակը, որը կարող է կալցիումի պաշարիչների հետ զուգակցվելիս հանգեցնել վտանգավոր հետևանքների:
Այլ դեղամիջոցներ, որոնք երբեմն օգտագործվում են բարձր արյան ճնշման բուժման մեջ
Եթե վերոնշյալ խմբի դեղերով կամ դրանց զուգակցումներով չի հաջողվում հասնել արյան ճնշման ցանկալի ցուցանիշներին, բժիշկը կարող է կատարել լրացուցիչ նշանակումներ:
- Ալֆա պաշարիչներ (բլոկատորներ). այս խմբի դեղամիջոցները թուլացնում են արյունատար անոթներին ուղարկվող նյարդային ազդանիշները: Դրանք օգնում են արյունատար անոթները նեղացնող բնական քիմիական միացությունների ազդեցությունները: Оրինակներից են՝ Դոքսազոզին (Կարդուրա), Պրազոզին (Մինիպրես) և այլն։
- Ալֆա բետա պաշարիչներ (բլոկատորներ). ալֆա բետա բլոկատորներն արգելակում են արյունատար անոթներին ուղարկվող նյարդային ազդանիշները և դանդաղեցնում սրտազարկը: Դրանք կրճատում են անոթներ արտամղվող արյան քանակը: Oրինակներից են՝ Կարվեդիլոլ (Կորեգ) և Լաբետալոլ (Տրանդատե)։
- Բետա պաշարիչներ (բլոկատորներ). այս դեղամիջոցները նվազեցնում են սրտի բեռնվածությունը և լայնացնում արյունատար անոթները: Սա օգնում է սրտի ռիթմի դանդաղեցմանը և կծկողական ուժի թուլացմանը: Оրինակներից են՝ Ատենոլոլ (Տենորմին), Մետոպրոլոլ (Լոպրասոր և այլն) և այլն: Բետա բլոկատորները սովորաբար առանձին չեն նշանակվում, սակայն կարող են զուգակցվել արյան ճնշման այլ դեղերի հետ:
- Ալդոստերոնի ներհակորդներ (անտագոնիստներ). այս դեղերը կարող են օգտագործվել կայուն հիպերտենզիայի բուժման մեջ: Դրանք արգելակում են օրգանիզմում կերակրի աղի և ջրի պահպանմանը և կուտակմանը։ Оրինակներից են՝ Սպիրոնոլակտոն (Ալդակտոն) և Էպլերենոն (Ինսպրա):
- Ռենինի արգելակիչներ (ինհիբիտորներ). Ալիսկիրենը (Տեկտունա) դանդաղեցնում է ռենինի արտադրությունը՝ երիկամներում արտադրվող ֆերմենտ, որը մեկնարկում արյան ճնշումը բարձրացնող քիմիական փուլերի շղթան: Ալիսկիրենը չի կարելի զուգակցել ԱՓՖ ինհիբիտորների կամ ԱԸՊ հետ լուրջ բարդությունների, այդ թվում՝ ինսուլտի ռիսկի բարձրացման պատճառով:
- Անոթալայնիչներ (վազոդիլատատորներ). այս դեղերն արգելակում են զարկերակների պատի մկանների կծկանքը, որի շնորհիվ կանխարգելվում է դրանց նեղացումը: Օրինակներից են՝ Հիդրալազին և Մինօքսիդիլ:
- Կենտրոնական ազդեցության նյութեր. այս դեղերը կանխարգելում են սրտի ռիթմի բարձրացման և անոթների նեղացման բերող գլխուղեղից դեպի նյարդային համակարգ հաղորդվող ազդանիշները։ Օրինակներից են՝ Կլոնիդին (Կատապրես, Կապվայ), Գուանֆացին (Ինտունիվ) և Մեթիլդոպա:
Հոդվածը հրապարակվել է՝ 14-04-2019
Վերջին վերանայում՝ 23-04-2024