Այս էջում ձեզ կտրամադրվի հանրամատչելի տեղեկատվություն ազդրային ճողվածքի վիրահատական վերականգնման մասին:
Եթե ունեք այս թեմայի հետ կապված որևէ հարց, ապա քննարկեք այն ձեր ընտանեկան բժշկի և վիրաբույժի հետ:
Ի՞նչ է ազդրային ճողվածքը
Ձեր որովայնի խոռոչը պարունակում է ձեր աղիները և այլ օրգաններ: Դրանք պաշտպանված են ձեր որովայնի պատով, որը կազմված է 4 շերտից:
Որովայնի պատի մկանային շերտի վրա կարող են առաջանալ թույլ տեղամասեր, որոնք հարաճում են տեղայնացված անցքի կամ դեֆեկտի, որի միջով էլ ձեր որովայնի պարունակությունը ներքին շերտի՝ որովայնամզի հետ միասին արտանկում է պատի թույլ դիմադրության տեղից: Արդյունքում տվյալ շրջանի մաշկի տակ առաջանում է տեսանելի (ավելի արտահայտիչ է դառնում կռանալիս) կամ շոշափելի արտափքվածություն, որն էլ կոչվում է ճողվածք:
Վիրաբույժները ճողվածքի համար տարբերում են՝
- ճողվածքի դուռ. սա որովայնի խոռոչի պատի թուլացած կամ խախտված հատվածն է (որովայնի պատի փակեղների կամ շարակցական հյուսվածքի վրա առաջացած ճեղքեր կամ բացվածքներ), որով դուրս են գալիս ներքին օրգանները
- ճողվածքապարկ, որը որովայնի պատը ներսից ծածկող բարակ թաղանթն է (որովայնամիզ)
- ճողվածքապարկի պարունակություն, որը ճողվածքապարկում առկա օրգաններն են (ավելի հաճախ` բարակ աղիքներ և ճարպոն. սովորաբար ճողվածքապարկ առաջինը մտնում է ճարպային հյուսվածքը, որին կարող է հետևել կամ ուղեկցել այլ օրգան):
Ազդրային ճողվածքն առաջանում է ձեր աճուկի ստորին մասում` որովայնի պատի այն անցքով, որտեղից ազդրային զարկերակը և երակը որովայնի խոռոչից անցնում են դեպի ստորին վերջույթ:
Որո՞նք են վիրահատության օգուտները
Վիրահատությունից հետո դուք այլևս չեք ունենա ճողվածք: Վիրահատությունը նաև կանխարգելում է ճողվածքի ծանր բարդությունները (բորբոքում, օղակում, աղիքի լուսանցքի խցանում, որը բերում է աղիքային անանցանելիության կամ ստրանգուլյացիա, երբ աղիքի մի մասի արյան շրջանառությունը ընդհատվում է) և թույլ է տալիս վերադառնալ ձեր նորմալ գործերին:
Կա՞ արդյոք վիրահատությանը որևէ այլընտրանք
Վիրահատությունը խորհուրդ է տրվում որպես այս հիվանդության բուժման միակ մեթոդ: Ճողվածքը չի կարող առանց վիրահատության ինքնուրույն բարելավվել (կարող է ներուղղել դեպի որովայնի խոռոչ, սակայն դարձյալ արտանկվել):
Ի՞նչ է վիրահատությունը ներառում
Հնարավոր է վիրահատության ցավազրկումն ապահովող անեսթեզիայի (անզգայացման) տարբեր մեթոդներ: Վիրահատող բժիշկը (վիրաբույժը) կընտրի այն անզգայացումը, որն առավելագույնս համապատասխանում է նախատեսվող վիրահատության բարդության աստիճանին և ձեր ընդհանուր առողջական վիճակին: Վիրահատությունը սովորաբար տևում է մոտ 45 րոպե:
Վիրաբույժը կտրվածք է կատարում անմիջապես արտափքված մասի վրա կամ դրանից քիչ բարձր և հեռացնում է ճողվածքապարկը՝ մինչ այդ ներուղղելով դրա պարունակությունը:
Այնուհետև վիրաբույժը նեղացնում է այն անցքը (ազդրային խողովակ), որի միջով որովայնի պարունակությունն արտանկվել էր՝ օգտագործելով կարեր կամ արհեստական ցանց և թողնելով բավարար տեղ ազդրային զարկերակի և երակի անցման համար: Վերջում վիրաբույժը կարում է ձեր մաշկը:
Ինչպիսի՞ բարդություններ կարող են առաջանալ
Թվարկված բարդություններից որոշները կարող են լինել ծանր և անգամ բերել մահվան:
Որևէ վիրահատության ընդհանուր բարդությունները
- ցավ
- արյունահոսություն
- վիրահատական շրջանի (վերքային) վարակ
- որովայնի մաշկի սպիական տգեղացում
- արյան մակարդուկներ (թրոմբոզ) ձեր ոտքերում
- արյան մակարդուկներ (թրոմբոզ) ձեր թոքերում:
Այս վիրահատության առանձնահատուկ բարդությունները
- վերքի տակ արյան (հեմատոմա) կամ հեղուկի (սերոմա) կուտակում
- միզարձակության դժվարություն
- ազդրային երակի վնասում կամ նեղացում
- որովայնի խոռոչից դուրս եկած և ճողվածքապարկում հայտնված օրգանների կամ հյուսվածքների վնասում
- ոտքի ժամանակավոր թուլություն
- նյարդերի վնասում:
Որքա՞ն շուտ ես կվերականգնվեմ
Դուք ի վիճակի կլինեք տուն վերադառնալ վիրահատության օրը:
Առաջին մի քանի օրվա ընթացքում փորձեք մեծացնել ձեր քայլքի կամ զբոսանքի տևողությունը:
Դուք կարող եք վերադառնալ ձեր աշխատանքին, երբ բժիշկը համոզվի, որ դրա համար բավարար լավ եք զգում (սովորաբար 2-4 շաբաթ անց՝ կախված վիրահատության ծավալից և ձեր աշխատանքի բնույթից):
Կանոնավոր վարժանքները կարող են օգնել, որ հնարավորինս շուտ վերադառնաք ձեր սովորական գործերին: Մինչև վարժանքներ սկսելը, խորհուրդ հարցրեք ձեր բժշկից:
Մարդկանց մեծ մասը լիարժեք վերականգնվում է և անցնում իր նորմալ գործերին: Սակայն, ճողվածքը կարող է «վերադառնալ» (կրկնվել):
Ամփոփում
Ազդրային ճողվածքը տարածված առողջական խնդիր է, որը պատճառվում է ձեր որովայնի խոռոչի պատի` ազդրային խողովակին մոտ ընկած շրջանի թուլությամբ: Չբուժվելու դեպքում ազդրային ճողվածքը կարող է առաջացնել ծանր բարդություններ:
Լրացուցիչ տեղեկատվություն
Ճողվածքների մասին
Այցելե՛ք Մեդեքսի ճողվածքներ էջը, որպեսզի ծանոթանաք այս հիվանդության և բուժման մեթոդների մասին:
Վիրահատական միջամտությունների մասին
Այցելե՛ք Մեդեքսի վիրահատական միջամտությունների համապատասխան էջերը, որ լրացուցիչ ընդհանուր բնույթի տեղեկություններ ստանաք վիրահատությունների վերաբերյալ, այդ թվում՝
Հոդվածը հրապարակվել է՝ 11-06-2020
Վերջին վերանայում՝ 30-04-2024