Առողջական խնդիրներ
Ճողվածքներ

2 րոպե
Ճողվածքը բավական տարածված առողջական խնդիր է, որը հանդիպում է բնակչության մինչև 4%-ի շրջանում:
Ճողվածքն առաջանում է, երբ ներքին օրգանները կամ խորը հյուսվածքներն անցնում են որովայնի պատի «թույլ կետերով» և արտացցվում են դեպի ենթամաշկ կամ միջմկանային բջջանք՝ առանց մաշկային ծածկույթները վնասելու։
Որոշ ճողվածքներ բնածին են։ Մյուսները զարգանում են վիրահատությունից հետո։ Այլ դեպքերում որովայնի մկանային պատի թուլությունը կարող է զարգանալ ժամանակի ընթացքում՝ ի վերջո հանգեցնելով ճողվածքային արտափքման։
Եթե ճողվածքը փոքր է կամ որևէ լրացուցիչ խնդիր չի առաջացնում, դուք և բժիշկը կարող եք որոշել համբերել և հսկել հետագա ընթացքը։ Նման դեպքերում բժիշկը ձեզ կտա մի շարք օգտակար խորհուրդներ։ Սակայն, եթե ճողվածքը մեծ է, ցավոտ է կամ ժամանակ առ ժամանակ անշարժանում է, ապա ձեզ կարող է առաջարկվել վիրահատություն, որոշ դեպքերում՝ շտապ կամ անհետաձգելի։
Ճողվածքի տեսակները
Ըստ տեղակայման և զարգացման մեխանիզմի տարբերում են որովայնային ճողվածքների տարբեր տեսակներ։
- Ստոծանիական ճողվածքն առաջանում է, երբ ստամոքսի մի մասը ստոծանու բնական (որտեղից անցնում է կերակրափողը) կամ արհեստական բացվածքներով (բնածին արատների ժամանակ) ներթափանցում է կրծքի խոռոչ։ Սա համարվում է ներքին ճողվածք (այսինքն՝ արտաքինից չերևացող), որը թեև հազվադեպ է հանդիպում, սակայն հաճախ բերում է աղիքային անանցանելիության։
- Աճուկային ճողվածքը սովորաբար զարգանում է տղամարդկանց մոտ, երբ որովայնի պարունակությունը (աղիներ, ճարպոն) արտանկում է աճուկային խողովակից: Տարբերում են բնածին և ձեռքբերովի, թեք և ուղիղ աճուկային ճողվածքներ։ Աճուկային ճողվածքը «օղակվող» և անհետաձգելի վիրահատություն պահանջող ճողվածքի ամենահաճախ հանդիպող տեսակն է։
- Պորտային ճողվածքը հաճախ առաջանում է երեխաների (բնածին կամ ձեռքբերովի) և կանանց մոտ, երբ որովայնի պարունակությունը (աղիներ, ճարպոն) արտանկում է պորտից: Պորտային ճողվածքները լինում են տարբեր չափերի և սովորաբար ունեն գնդաձև տեսք:
- Վենտրալ (հետվիրահատական) ճողվածքը զարգանում է որովայնի խոռոչի վիրահատություններից հետո։ Վիրահատական վերքի ուշ լավացումը և սպիները կարող է նպաստել այս ճողվածքի առաջացմանը։
- Ազդրային ճողվածքն ավելի հաճախ հանդիպում է կանանց մոտ և զարգանում է, երբ որովայնի պարունակությունը (աղիներ, ճարպոն) արտանկում է ազդրային խողովակից:
- Էպիգաստրալ ճողվածքը առաջանում է, երբ որովայնի պարունակությունը (աղիներ, ճարպոն) արտանկում է որովայնի պատի՝ կրծոսկրի թրաձև ելունից մինչև պորտն ընկած գծով: Սա համարվում է որովայնի սպիտակ գծի ճողվածքի տարբերակներից մեկը և ավելի հաճախ հանդիպում է տարեց տղամարդկանց մոտ։
Հոդվածը տեղադրվել է՝ 26-05-2018 վերանայվել է՝ 25-02-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: