Գրադարան
Ֆիբրոադենոմա․ բուժում

2 րոպե
Դեպքերի մեծ մասի համար ֆիբրոադենոման որևէ բուժում չի պահանջում:
Այնուամենայնիվ, որոշ կանայք կարող են ապահովության համար ընտրել ուռուցքային գոյացության վիրահատական հեռացում։
Ոչ վիրահատական վարում
Եթե կրծքագեղձի կլինիկական հետազոտությամբ ու շոշափմամբ, պատկերային հետազոտություններով և բիոպսիայով ստացված տվլաներից ելնելով բժիշկը վստահ է, որ կրծքագեղձի ուռուցքը ֆիբրոադենոմա է, վիրահատության հարցը կարող է օրակարգից հանվել:
Դուք կարող եք դեմ լինել վիրահատությանը, քանի որ՝
- վիրահատությունը կարող է խեղաթյուրել կրծքի ձևը և տեքստուրան
- ֆիբրոադենոմաները երբեմն ինքնուրույն փոքրանում կամ անհետանում են
- կրծքագեղձն ունի բազմաթիվ ֆիբրոադենոմաներ, որոնք կայուն են և ժամանակի ընթացքում գերձայնային հետազոտությամբ (սոնոգրաֆիա) փոփոխություններ չեն գրանցվում:
Եթե որոշում եք չվիրահատվել, կարևոր է, որ կանոնավոր բժշկական այցերի և գերձայնային հետազոտությունների միջոցով վերահսկեք ֆիբրադենոման:
Վիրահատություն
Որոշ դեպքերում բժիշկը կարող է առաջարկել ֆիբրոադենոմայի վիրահատական հեռացում, եթե կրծքագեղձի կլինիկական հետազոտության կամ շոշափման, պատկերային հետազոտության կամ բիոպսիայի արդյունքներից մեկնումեկը շեղված է կամ եթե ուռուցքը խիստ մեծ է, արագորեն մեծանում է կամ առաջացնում է գանգատներ:
Ֆիբրոադենոմայի հեռացման միջամտություններից են՝
- լամպէկտոմիա կամ էքսցիզիոն բիոպսիա․ այս դեպքում վիրաբույժը հեռացնում է կրծքագեղձի ուռուցքային հյուսվածքը և ուղարկում լաբորատորիա՝ ստուգելու քաղցկեղի առկայությունը
- կրիոաբլացիա․ սա հատուկ բարակ սարքով և սառեցնող գազով ֆիբրոադենոմայի ոչնչացման միջամտություն է:
Բուժումից հետո կարող են ձևավորվել այլ ֆիբրոադենոմաներ: Եթե կրծքագեղձի նոր ուռուցք եք հայտնաբերել, տեղեկացրեք ձեր բժշկին: Ձեզ կարող է անհրաժեշտ լինել գերձայնային հետազոտություն, մամոգրաֆիա կամ բիոպսիա՝ պարզելու, թե արդյոք կրծքագեղձի նոր ուռուցքը ֆիբրոադենոմա է, թե կրծքագեղձի այլ հիվանդություն:
Հոդվածը տեղադրվել է՝ 11-07-2021 վերանայվել է՝ 03-04-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: