Դուք կարող եք ազատվել ֆիբրոզ-կիստոզ կրծքագեղձերի ախտանիշներից այս տնային միջոցներով:
- Հագեք ամուր օժանդակող կրծկալ, որը, հնարավորության դեպքում, ցանկալի է, որ ընտրվի մասնագետի կողմից:
- Վարժանքներ կատարելիս կամ քնած ժամանակ հագեք մարզական կրծկալ, հատկապես, եթե ձեր կուրծքը չափազանց զգայուն է:
- Սահմանափակեք կամ խուսափեք կոֆեինից. թեև կոֆեինի ազդեցությունը կրծքագեղձի ցավի և այլ նախադաշտանային ախտանիշների վրա հակասական է, բազմաթիվ կանայք տեղեկացնում են, որ կոֆեին պարունակող ըմպելիքներից կամ սննդամթերքներից հրաժարվելը օգտակար է։
- Կերեք ավելի քիչ ճարպ, որը կարող է նվազեցնել ֆիբրոզ-կիստոզ գոյացությունների հետ կապված ցավը կամ անհարմարավետությունը:
- Կրճատեք կամ դադարեցրեք հորմոնային բուժումը, եթե հետդաշտանադադարի շրջանում եք: Այնուամենայնիվ, մինչև ձեր նշանակումներում որևէ փոփոխություն անելը խորհրդակցեք բժշկի հետ:
- Օգտագործեք ջեռակ կամ տաք ջրով շիշ, որը կարող է մեղմացնել ձեր գանգատները:
Այլընտրանքային բժշկություն
Վիտամինները և սննդային հավելումները որոշ կանանց մոտ կարող են մեղմացնել կրծքագեղձի ցավի ախտանիշները և սրությունը: Հարցրեք ձեր բժշկին, թե արդյոք դրանցից մեկը կարող է օգնել ձեզ, և հարցրեք նաև դեղաչափերի և ցանկացած հնարավոր կողմնակի ազդեցությունների մասին:
- Երեկոյան գարնանածաղկի (պրիմուլայի) յուղ (масло примулы вечерней). այս հավելումը կարող է փոփոխել ձեր բջիջներում ճարպաթթուների հավասարակշռությունը, որը կարող է նվազեցնել կրծքագեղձի ցավը:
- Վիտամին E (տոկոֆերոլ). ավելի վաղ հետազոտությունները ցույց են տվել վիտամին E-ի հնարավոր բարենպաստ ազդեցությունը դաշտանային ցիկլի ընթացքում փոփոխվող կրծքագեղձի ցավի վրա: Մի հետազոտությամբ երկու ամսվա ընթացքում օրական երկու անգամ ընդունված 200 միջազգային միավոր (IU) վիտամին E-ն բարելավել է ախտանիշները, սակայն չորս ամիս հետո հավելյալ օգուտ չի արձանագրվել։ 18 տարեկանից բարձր, հղի և կրծքով կերակրող կանանց համար վիտամին E-ի առավելագույն չափաբաժինը օրական 1000 միլիգրամ է (կամ 1500 IU):
Եթե կրծքագեղձի ցավի դեմ հավելումներ եք փորձում, դադարեցրեք այն ընդունելը, եթե մի քանի ամիս անց կրծքագեղձի ցավի բարելավում չնկատեք: Փորձեք միայն մեկ հավելում միաժամանակ, որ կարողանաք հստակ որոշել, թե որն է օգնում կամ չի օգնում ցավի մեղմացմանը: Բոլոր դեպքերում, տեղեկացրեք բժշկին ձեր որոշումների մասին:
Հոդվածը հրապարակվել է՝ 12-07-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024