Դուք կարող եք փորձել կանխարգելել ֆոլիկուլիտը՝ հետևելով այս խորհուրդներին:
- Կանոնավոր կերպով լվացեք ձեր մաշկը. ամեն անգամ օգտագործեք մաքուր անձեռոցիկ և սրբիչ և մի՛ կիսվեք ձեր սրբիչներով կամ անձեռոցիկներով այլ, այդ թվում՝ ձեր ընտանիքի անդամների հետ:
- Հաճախակի լվացք արեք. օգտագործեք տաք օճառաջուր՝ կտորները, սրբիչները և յուղով ներծծված ցանկացած համազգեստ կամ այլ հագուստ լվանալու համար:
- Խուսափեք ձեր մաշկի վրա ճնշում գործադրելուց կամ շփելուց և տրորելուց. պաշտպանեք ֆոլիկուլիտի նկատմամբ հակված մաշկը ուսապարկերի, սաղավարտների և կիպ հագուստի հետևանքով առաջացած շփումից:
- Չորացրեք ձեր ռետինե ձեռնոցները օգտագործումների միջև. եթե պարբերաբար ռետինե ձեռնոցներ եք կրում, յուրաքանչյուր օգտագործումից հետո շրջեք դրանք, լվացեք օճառով, մաքրաջրեք և լավ չորացրեք։
- Հնարավորության դեպքում խուսափեք սափրվելուց. դեմքի ֆոլիկուլիտ ունեցող մարդկանց համար մորուք աճեցնելը կարող է լավ տարբերակ լինել, եթե մաքուր սափրված դեմքի կարիք չունեք:
- Սափրվեք խնամքով. եթե սափրվում եք, աստիճանաբար անցեք այս սովորույթներին, որոնք կօգնեն վերահսկելու ախտանիշները՝
- սափրվեք ավելի հազվադեպ
- սափրվելուց առաջ մաշկը լվացեք գոլից մինչև տաք ջրով և դեմքի թույլ մաքրող միջոցներով (Սետաֆիլ, ՍերաՎե և այլն)
- օգտագործեք մաքուր շոր կամ մաքրող բարձիկ՝ սափրվելուց առաջ մեղմ շրջանաձև շարժումներով ներաճած մազերը բարձրացնելու համար
- սափրվելուց առաջ լավ քանակությամբ սափրվելու փրփուր կամ փրփող գել քսեք
- սափրվեք մազերի աճի ուղղությամբ
- խուսափեք շատ խորը սափրվելուց՝ օգտագործելով էլեկտրական ածելի կամ պաշտպանված սայր և հնարավորինս խուսափեք մաշկը քերծելուց
- օգտագործեք մաքուր, սուր միանվագ օգտագործման սայր և յուրաքանչյուր շարժումից հետո լվացեք այն տաք ջրով
- խուսափեք նույն շրջանը երկու անգամից ավելի սափրվելուց
- սափրվելուց հետո օգտագործեք խոնավացնող, ոչ գրգռիչ (հիպոալերգիկ) լոսյոն
- խուսափեք ածելիների, սրբիչների և դեմքի անձեռոցիկների համատեղ օգտագործումից:
- Փորձեք մազահեռացնող միջոցներ (դեպիլյատորներ) կամ այլ մեթոդներ. այնուամենայնիվ, մաշկի մեջ ներաճած մազի հեռացումը կարող է գրգռել մաշկը:
- Բուժեք փոխկապված վիճակները. եթե գիտեք, որ ֆոլիկուլիտից բացի ունեք այլ առողջական խնդիր, որը նպաստում է ձեր ախտանիշներին, բուժեք այդ վիճակը: Օրինակ, ավելորդ քրտնարտադրությունը (հիպերհիդրոզ) կարող է առաջացնել ֆոլիկուլիտ: Փորձել կանխել դա՝ հաճախակի փոխելով քրտնած հագուստը, ամեն օր լողանալով և օգտագործելով ոչ գրգռիչ (հիպոալերգիկ) հակաքրտինքային միջոցներ:
- Օգտվեք միայն մաքուր ջակուզիներից և սպա-սրահներից. ԱՄՆ Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոնը (CDC) նաև առաջարկում է, որ ջրից դուրս գալուց հետո հանեք լողազգեստը և օճառով լոգանք ընդունեք: Այնուհետև լվացեք ձեր լողազգեստը: Եթե տանն ունեք տաք լոգարան կամ ջակուզի, պարբերաբար մաքրեք այն և ավելացրեք քլոր, ինչպես խորհուրդ է տրվում:
- Խոսեք ձեր բժշկի հետ. եթե ձեր ֆոլիկուլիտը հաճախ կրկնվում է, բժիշկը կարող է առաջարկել վերահսկել ձեր քթի բակտերիաների աճը: Ձեզ կարող է անհրաժեշտ լինել հակաբակտերիալ քսուքի հնգօրյա բուժում: Գուցե նաև անհրաժեշտ լինի օգտագործել մարմնի լվացում Քլորհեքսիդինով (Հիբիկլենս, Հիբիստատ և այլն):
Հոդվածը հրապարակվել է՝ 19-05-2023
Վերջին վերանայում՝ 04-04-2024