Առողջական խնդիրներ
Ֆոլիկուլիտ

2 րոպե
Ֆոլիկուլիտը մաշկի բորբոքային հիվանդություն է, որն ախտահարում է մաշկի վրա առկա մազային ծակոտկենները՝ մազարմատները։
Ֆոլիկուլիտը շատ հաճախ հանդիպող վիճակ է։ Ինքնին լինելով անվնաս, ֆոլիկուլիտը կարող է առաջացնել մաշկի գրգռում։
Ֆոլիկուլիտն արտահայտվում է որպես մաշկային ցան՝ կազմված կենտրոնում մազ պարունակող կարմիր հանգույցիկների կամ սպիտակ-գլխիկավոր կորյակների «կուտակումներից»։ Ֆոլիկուլիտային ցանը կարող է առաջացնել քոր կամ թույլ ցավ։
Ֆոլիկուլիտը կարող է առաջանալ մարմնի բոլոր այն տեղամասերի մաշկի վրա, որտեղ առկա է մազակալում։ Ինքնազգացողության վատթարացում կարող է գրանցվել ծանր վարակային բարդությունների դեպքում։
Ֆոլիկուլիտի պատճառները
Ֆոլիկուլիտը կարող է պատճառվել բակտերիալ, վիրուսային կամ սնկային վարակից։ Այն կարող է ի հայտ գալ նաև մաշկի քիմիական գրգռման արդյունքում կամ ուղեկցել մաշկային այլ հիվանդություններին։
Ֆոլիկուլիտ հարուցող ամենատարածված բակտերիաները ոսկեզօծ ստաֆիլոկոկն է՝ Staphylococcus aureus, որը հաճախ առկա է մաշկի վրա և կապտաթարախային ցուպիկը՝ Pseudomonas, որը կարող է հայտնաբերվել անբավարար քլորացված լողավազաններում, բաղնիքներում կամ սպա-սրահներում։
Ֆոլիկուլիտի մյուս հարուցիչներից են մակաբույծները, բորբոսասնկային վարակները և որոշ վիրուսները (օրինակ՝ հերպես): Ինչպես արդեն նշվեց, մաշկի գրգռումը նույնպես կարող է դառնալ ֆոլիկուլիտի պատճառ։
Ֆոլիկուլիտը երբեմն կարող է զարգանալ սափրվելուց հետո։ Այս հիվանդությունն ավելի հաճախ հանդիպում է դիաբետ ունեցող, խիստ գեր մարդկանց և նրանց մոտ, ովքեր տևական ժամանակ ստանում են հակաբիոտիկներ, ունեն թույլ դիմադրողականություն (իմունիտետ) կամ օգտագործում են մաշկի խնամքի յուղոտ արտադրանքներ։
Ֆոլիկուլիտի բուժումը
Եթե կարծում եք, որ ունեք ֆոլիկուլիտ, ձեր բժիշկը կամ մաշկաբանը կարող են խորհուրդ տալ, թե որն է բուժման լավագույն տարբերակը։
Ֆոլիկուլիտի բուժումը կախված է առաջացման պատճառից, քանի որ ելնելով այն հանգամանքից, թե բակտերային, սնկային, վիրուսային վարակը կամ մաշկի գրգռումն է պատճառը, բուժումները կարող են միմյանից կտրուկ տարբերվել։
Մեղմ ֆոլիկուլիտները հաճախ անհետանում են մաշկի հականեխիչ (անտիսեպտիկ) խնամքի օգնությամբ։ Ավելի լուրջ ընթացքով կամ բակտերիալ ծագման ֆոլիկուլիտի բուժման մեջ բժշկի նշանակմամբ կարող են ավելացվել նաև հակաբիոտիկային քսուքներ կամ հաբեր։ Եթե առկա է հարաճուն ընթացքով վարակային բարդություն, որն առաջացնում է մաշկային մեծ թարախաբշտեր, բուժումը պետք է իրականացվի միայն բժշկի միջամտությամբ։
Եթե ձեզ մոտ ֆոլիկուլիտն առաջացել է սափրվելուց հետո, ապա որոշ ժամանակ սափրվելուց հրաժարվելը կարող է օգնել ցանի մեղմացմանը։ Սափրվելիս օգտագործեք մեծ քանակի փրփուր և խուսափեք սափրիչը մազերի աճին հակառակ ուղղությամբ շարժելուց։
Ֆոլիկուլիտի կանխարգելումը
Մաշկը մաքուր և չոր պահելը կարող է օգնել ֆոլիկուլիտի կանխարգելմանը։ Խուսափեք նաև մաշկը գրգռող միջոցներից։ Ընտրեք մաշկի խնամքի այնպիսի միջոցներ, որոնք չեն խցանում մազարմատների բացվածքները։ Կրեք «շնչող» հագուստ և առանց ուշացնելու փոխեք խոնավ կամ քրտինքով պատված հագուստը։
Հոդվածը տեղադրվել է՝ 28-06-2018 վերանայվել է՝ 02-02-2021
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: