Ֆոլիկուլիտի գանգատներն ու ախտանիշները ներառում են հետևյալը:
- Մազարմատների շուրջ (կենտրոնում մազ պարունակող) փոքր սպիտակ-գլխիկավոր կորյակների կամ հանգույցիկների կուտակումներ
- թարախով լցված բշտիկներ, որոնք պատռվում են, բացվում և կեղևավորվում
- մաշկի քոր և այրվոց
- ցավոտ, լարված մաշկ
- բորբոքված հանգույց:
Ֆոլիկուլիտի տեսակները
Ֆոլիկուլիտի երկու հիմնական տեսակներն են մակերեսային և խոր: Մակերեսային տեսակը ներառում է մազարմատի (ֆոլիկուլի) մի մասը, իսկ խորը տեսակը՝ ամբողջ մազարմատը և սովորաբար ավելի ծանր է:
Ֆոլիկուլիտի տեսակներն ըստ հանդիպման հաճախանակության հերթականության, ներառում են հետևյալը:
- Բակտերիալ ֆոլիկուլիտ. այս տարածված տեսակը քոր առաջացնող, թարախային բշտիկների ցան է: Այն առաջանում է, երբ մազարմատները վարակվում են բակտերիաներով, սովորաբար՝ ոսկեգույն ստաֆիկոկոկով (Staphylococcus aureus): Ստաֆիկոկոկային բակտերիաները մշտապես ապրում են մաշկի վրա և կարող են խնդիրներ առաջացնել, երբ մաշկի մեջ են թափանցում քերծվածքի, կտրվածքի կամ այլ վերքի միջոցով:
- Կապտաթարախային ֆոլիկուլիտ. այս տեսակը քոր առաջացնող կլոր հանգույցիկների ցան է, որը կարող է դրսևորվել այն առաջացնող բակտերիաների հետ շփումից հետո 1-2 օր հետո: Ֆոլիկուլիտի այս տեսակն առաջանում է կապտաթարախային ցուպիկից (Pseudomonas)` բակտերիա, որը կարող է հայտնաբերվել ջակուզիներում, սպա-սրահներում, սաունաներում, ջրային սլայդներում և ջեռուցվող լողավազաններում, որոնցում քլորի և pH մակարդակները ճիշտ չեն:
- Ածելու հանգույցիկներ (մորուքի պևսդոֆոլիկուլիտ). այս ցանը կարող է նմանվել ֆոլիկուլիտի, սակայն այն առաջանում է մաշկի մեջ ներաճած մազերի, այլ ոչ թե վարակված մազարմատների պատճառով: Այն հիմնականում հանդիպում է գանգուր մազերով մարդկանց վրա, ովքեր սափրվում են շատ խորը և առավել նկատելի է դեմքին և պարանոցին: Մարդիկ, ովքեր բիկինիի համար օծում են մաշկը, կարող են աճուկի հատվածում ածելու բշտիկներ ունենալ:
- Պիտիրոսպորային ֆոլիկուլիտ. այս տեսակը քոր առաջացնող, թարախային բշտիկների ցան է, առավել հաճախ՝ մեջքի և կրծքավանդակի վրա: Այն առաջանում է խմորասնկիկային վարակի պատճառով:
- Գրամ-բացասական ֆոլիկուլիտ. այս տեսակն առաջացնում է քթի և բերանի շուրջ թարախային հանգույցներ: Այն երբեմն զարգանում է այն մարդկանց մոտ, ովքեր ակնեի (պզուկների) դեմ երկարատև հակաբիոտիկային բուժում են ստանում:
- Էոզինոֆիլային ֆոլիկուլիտ. այս տեսակն առաջացնում է ուժեղ քոր և կրկնվող հանգույցիկների և բշտիկների բծեր, որոնք ձևավորվում են դեմքի և մարմնի վերին հատվածի մազարմատների մոտ: Հիմնականում հանդիպում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ ունեցող մարդկանց շրջանում: Այս վիճակի պատճառը լիովին պարզված չէ:
- Ֆուրունկուլներ (չիբան) և կարբունկուլներ. դրանք առաջանում են, երբ մազարմատները խոր վարակվում են ստաֆիլոկոկ բակտերիայով: Ֆուրունկուլը հակված է առաջանալ հանկարծակի՝ որպես ցավոտ բորբոքված բուշտ: Կարբունկլը ֆուրունկուլների խումբ է:
- Մորուքի սիկոզ. այս տեսակը հանդիպում է սափրվող մարդկանց մոտ:
Ե՞րբ դիմել բժշկին
Պայմանավորվեք և այցելեք ձեր բժշկին, եթե ձեր վիճակը տարածված է կամ ախտանիշները չեն անհետանում մեկ կամ երկու շաբաթյա ինքնօգնության միջոցառումներից հետո: Ձեզ կարող է անհրաժեշտ լինել հակաբիոտիկ կամ հակասնկիկային դեղամիջոց, որը կօգնի վերահսկելու վիճակը:
Անհապաղ դիմեք բուժօգնություն, եթե զգում եք տարածվող վարակի նշաններ: Դրանք ներառում են կարմրության կամ ցավի հանկարծակի ուժգնացում, ջերմություն, դող և ինքնազգացողության վատացում (թուլություն):
Հոդվածը հրապարակվել է՝ 19-05-2023
Վերջին վերանայում՝ 04-04-2024