Ֆոլիկուլիտի բուժումը կախված է ձեր վիճակի տեսակից և ծանրության աստիճանից, ինչպես նաև նրանից, թե ինքնօգնության ինչ միջոցներ եք արդեն փորձել և ինչպես եք ցանկանում շարունակել բուժումը:
Եթե մի քանի շաբաթ փորձել եք սովորական միջոցներ և դրանք չեն օգնել, հարցրեք ձեր բժշկին ավելի ուժեղ դեղամիջոցների մասին: Մաշկաբանը կարող է օգնել ձեզ, որ՝
- վերահսկեք ձեր ֆոլիկուլիտը
- պարզեք, թե արդյոք մեկ այլ խնդրի կապակցությամբ ձեր ընդունած դեղերը կարող են առաջացնել ձեր ախտանիշները, և արդյոք կարող եք դադարեցնել դրանք
- խուսափեք մաշկային սպիներից կամ այլ վնասներից
- սպիները դարձրեք ավելի քիչ նկատելի:
Նույնիսկ եթե բուժումը օգնում է, վարակը կարող է կրկնվել: Խոսեք ձեր բժշկի հետ ձեր նախատեսած բուժման ռիսկերի մասին:
Դեղորայքային բուժում
- Լոսյոններ, գելեր կամ դեղահաբեր՝ բակտերիալ վարակը վերահսկելու համար. բակտերիայից առաջացած թեթև վարակի դեպքում ձեր բժիշկը կարող է նշանակել հակաբիոտիկային լոսյոն կամ գել: Վարակի դեմ պայքարող հաբերը՝ բերանային (օրալ) հակաբիոտիկները, սովորաբար չեն օգտագործվում ֆոլիկուլիտի դեպքում, սակայն դրանք ձեզ կարող են անհրաժեշտ լինել ծանր կամ կրկնվող վարակի դեպքում:
- Նրբաքսուքներ (կրեմներ), շամպուններ կամ հաբեր՝ սնկիկային վարակների դեմ պայքարելու համար. հակասնկիկային միջոցները նախատեսված են ոչ թե բակտերիաների, այլ խմորասնկիկների հետևանքով առաջացած վարակների համար: Այս տեսակի ֆոլիկուլիտի բուժման համար հակաբիոտիկներն օգտակար չեն:
- Նրբաքսուքներ (կրեմներ) կամ հաբեր՝ բորբոքումը մեղմացնելու համար. եթե ունեք թեթև էոզինոֆիլային ֆոլիկուլիտ, ձեր բժիշկը կարող է առաջարկել փորձել ստերոիդային քսուք՝ քորը թեթևացնելու համար: Եթե ունեք ՄԻԱՎ/ՁԻԱՀ, կարող եք գրանցել ձեր էոզինոֆիլային ֆոլիկուլիտի ախտանիշների բարելավում հակառետրովիրուսային թերապիայից հետո:
Այլ միջամտություններ
- Փոքր վիրահատություն. եթե ունեք մեծ ֆուրունկուլ (չիբան) կամ կարբունկուլ, բժիշկը կարող է փոքր կտրվածք անել՝ թարախը դատարկելու համար: Սա կարող է թեթևացնել ցավը, արագացնել վերականգնումը և նվազեցնել սպիների առաջացման ռիսկը: Ձեր բժիշկն այնուհետև կարող է ծածկել տուժած շրջանը ստերիլ ներծծող վիրակապով, որ ապահովի թարախի հետագա արտահոսքը:
- Լազերային մազահեռացում (էպիլյացիա). ձեր բժիշկը կարող է առաջարկել լազերային էպիլյացիա՝ որպես «վարսավիրի» պսևդոֆոլիկուլիտի բուժման տարբերակ, հատկապես, երբ այլ բուժումները չեն բարելավել ձեր ախտանիշները: Այս բուժումը հաճախ պահանջում է բազմաթիվ սեանսներ և այցելություններ: Խոսեք ձեր բժշկի հետ լազերային թերապիայի հնարավոր կողմնակի ազդեցությունների մասին: Դրանք ներառում են սպիներ և մաշկի գունաթափում (հիպոպիգմենտացիա) կամ մգացնում (հիպերպիգմենտացիա):
Հոդվածը հրապարակվել է՝ 19-05-2023
Վերջին վերանայում՝ 04-04-2024