Որոշ միջոցներ կարող են զգալիորեն նվազեցնել սննդային ալերգիայի ռիսկը:
Վաղ ազդեցություն
Գետնանուշի արտադրանքի վաղ օգտագործումը կապված է այս մթերքից ալերգիայի ավելի ցածր ռիսկի հետ:
Վերջերս կատարված հետազոտությամբ ընտրվել են 4-6 ամսականից մինչև 5 տարեկան բարձր ռիսկային նորածիններ, ինչպիսիք են ատոպիկ դերմատիտով, ձվից ալերգիայով կամ երկու տեսակի ալերգիաներով, որոնց տրվել կամ չի տրվել գետնանուշի արտադրանք: Հետազոտողները պարզել են, որ բարձր ռիսկային խմբի երեխաները, ովքեր պարբերաբար օգտագործել են գետնանուշի սպիտակուցներ, ինչպիսիք են գետնանուշի կարագը կամ գետնանուշի համով նախուտեստները, մոտ 80%-ով ավելի հազվադեպ են ավելի մեծ տարիքում դրսևորել գետնանուշի նկատմամբ ալերգիա:
Նախքան ձեր երեխային ալերգեն պարունակող կերակուրներ փորձելը, խոսեք նրա բժշկի հետ:
Նախազգուշական միջոցառումներ
Երբ սննդային ալերգիան արդեն զարգացել է, ալերգիկ ռեակցիան կանխելու լավագույն միջոցը գանգատներ և ախտանիշներ առաջացնող մթերքները գտնելն է և դրանցից խուսափելը: Ոմանց համար սա զուտ քիչ անհարմարություն ստեղծող վիճակ է, իսկ մյուսների համար՝ դժվարին գործ: Բացի այդ, որոշ մթերքներ, երբ օգտագործվում են որպես որոշակի ուտեստների բաղադրիչներ, կարող են լավ «թաքցված» լինել: Այս խնդիրը հատկապես կարևոր է ռեստորաններում և այլ սոցիալական միջավայրերում:
Եթե գիտեք, որ ունեք սննդային ալերգիա, հետևեք այս քայլերին:
- Իմացեք, թե ինչ եք ուտում և խմում. համոզվեք, որ ուշադիր կարդացել եք սննդամթերքի պիտակները:
- Եթե արդեն սուր ռեակցիա եք ունեցել, կրեք բժշկական զգուշացման ապարանջան կամ վզնոց. սա թույլ կտա ուրիշներին իմանալ, որ դուք սննդային ալերգիա ունեք, եթե հանկարծ ռեակցիա ունենաք և չկարողանաք բուժաշխատողներին տեղեկացնել այդ մասին:
- Խոսեք ձեր բժշկի հետ անհետաձգելի էպինեֆրին ունենալու մասին. ձեզ կարող է անհրաժեշտ լինել ձեզ մոտ միշտ պահել էպինեֆրինի ինքնաներարկիչ (Ադրենալինքլիք, ԷպիՓեն), եթե ունեք ծանր ալերգիկ ռեակցիայի ռիսկ:
- Զգույշ եղեք ռեստորաններում. համոզվեք, որ ձեր մատուցողը կամ խոհարարը տեղյակ են, որ դուք բացարձակապես չեք կարող ուտել այն սնունդը, որից ալերգիա ունեք, և դուք պետք է լիովին վստահ լինեք, որ ձեր պատվիրած կերակուրը չի պարունակում տվյալ՝ ձեզ համար ալերգիկ սնունդը կամ բաղադրիչը: Նաև համոզվեք, որ ձեր սնունդը չի պատրաստվում այն մակերեսների վար կամ թավաների մեջ, որոնք պարունակում են որևէ մթերք, որից դուք ալերգիա ունեք: Մի՛ խուսափեք ձեր կարիքներն այլոց հայտնի դարձնելուց: Ռեստորանի անձնակազմի անդամները սովորաբար ավելի քան ուրախ են օգնել, երբ հստակ հասկանում են ձեր խնդրանքը:
- Մինչև տնից դուրս գալը պլանավորեք ձեր ճաշերը և նախուտեստները. անհրաժեշտության դեպքում, ճանապարհորդելիս կամ միջոցառման գնալիս վերցրեք ալերգեն չպարունակող մթերքներով հագեցած շարժական սառնարան: Եթե դուք կամ ձեր երեխան չեք կարող խնջույքի ժամանակ տորթ կամ աղանդեր ընդունել, բերեք ձեզ հետո ձեր հատուկ մթերքները, որ ոչ ոք իրեն անմասն չզգա տոնակատարությունից:
Եթե ձեր երեխան ունի սննդային ալերգիա, ձեռնարկեք այս նախազգուշական միջոցները՝ նրա անվտանգությունն ապահովելու համար:
- Տեղեկացրեք բոլոր կարևոր մարդկանց, որ ձեր երեխան սննդային ալերգիա ունի. խոսեք երեխաների դաստիարակների կամ խնամողների, դպրոցի անձնակազմի, ձեր երեխայի ընկերների ծնողների և այլ չափահասների հետ, ովքեր պարբերաբար շփվում են ձեր երեխայի հետ: Ընդգծեք, որ ալերգիկ ռեակցիան կարող է ձեր երեխայի կյանքին վտանգ սպառնալ և շտապ գործողություններ պահանջել: Համոզվեք, որ ձեր երեխան նույնպես գիտի անմիջապես օգնություն խնդրելու մասին, եթե որևէ սննդի նկատմամբ ռեակցիա զգա:
- Բացատրեք սննդային ալերգիայի ախտանիշները. սովորեցրեք չափահասներին, ովքեր ժամանակ են անցկացնում ձեր երեխայի հետ, թե ինչպես ճանաչել ալերգիկ ռեակցիայի գանգատներն ու ախտանիշները:
- Գրի առեք գործողությունների ծրագիր. ձեր ծրագիրը պետք է նկարագրի, թե ինչպես պետք է հոգ տանել ձեր երեխայի մասին, երբ նա սննդի նկատմամբ ալերգիկ ռեակցիա դրսևորի: Ձեր կազմած ծրագրի պատճենը տրամադրեք ձեր երեխայի դպրոցի բուժքրոջը և մյուսներին, ովքեր խնամում և վերահսկում են ձեր երեխային:
- Թող ձեր երեխան կրի բժշկական զգուշացման ապարանջան կամ վզնոց. ձեր երեխան կարող է կրել ապարանջան կամ վզնոց, որը նախազգուշացնում է նրա ալերգիկ լինելու մասին:
Հոդվածը հրապարակվել է՝ 11-04-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024