Որոշ մարդկանց համար որոշակի սննդի նկատմամբ ալերգիկ ռեակցիան կարող է լինել անհարմարավետ, բայց ոչ՝ սուր:
Այլ մարդկանց համար սննդային ալերգիկ ռեակցիան կարող է լինել վախեցնող և նույնիսկ կյանքին սպառնացող: Սննդային ալերգիայի ախտանիշները սովորաբար զարգանում են ալերգիա առաջացնող մթերքն ուտելուց մի քանի րոպեից մինչև 2 ժամ հետո: Հազվադեպ, ախտանիշները կարող են հետաձգվել մի քանի ժամով:
Սննդային ալերգիայի ամենատարածված գանգատներն ու ախտանիշները ներառում են՝
- բերանում ծակծկոցների կամ քորի առաջացում
- մաշկի եղնջացան, քոր կամ էկզեմա
- շրթունքների, դեմքի, լեզվի և կոկորդի կամ մարմնի այլ մասերի այտուցվածություն
- խզզոցներ, քթի փակվածություն կամ դժվարաշնչություն
- որովայնի ցավ, փորլուծություն, սրտխառնոց կամ փսխում
- գլխապտույտ, ուշագնացության զգացում (նախաուշագնացություն) կամ ուշագնացություն:
Անաֆիլաքսիա
Որոշ մարդկանց մոտ սննդային ալերգիան կարող է առաջացնել ծանր ալերգիկ ռեակցիա, որը կոչվում է անաֆիլաքսիա: Սա կարող է առաջացնել կյանքին սպառնացող գանգատներ և ախտանիշներ, այդ թվում՝
- շնչուղիների նեղացում և կծկանք (սպազմ)
- այտուցված կոկորդ կամ կոկորդում գոյացության զգացում, որը դժվարացնում է շնչելը
- շոկ՝ արյան ճնշման կտրուկ անկմամբ
- արագացած կամ թելանման անոթազարկ (պուլս)
- գլխապտույտ, ուշագնացության զգացում (նախաուշագնացություն) կամ գիտակցության կորուստ:
Անհետաձգելի բուժումը չափազանց կարևոր է անաֆիլաքսիայի համար: Չբուժված անաֆիլաքսիան կարող է հանգեցնել կոմայի կամ նույնիսկ մահվան:
Իմացե՛ք ավելին անաֆիլաքսիայի մասին:
Ե՞րբ դիմել բժշկին
Այցելեք ձեր բժշկին կամ ալերգոլոգին, եթե ուտելուց անմիջապես հետո ունեք սննդային ալերգիայի ախտանիշներ: Հնարավորության դեպքում այցելեք ձեր բժշկին, երբ ալերգիկ ռեակցիա է զարգանում: Սա կօգնի ձեր բժշկին ձեր վիճակն ախտորոշելիս:
Զանգեք 1-03 և կանչեք շտապ օգնություն կամ այլ կերպ փնտրեք անհետաձգելի բուժօգնություն, եթե ձեզ մոտ ի հայտ է գլաիս անաֆիլաքսիայի որևէ նշան կամ ախտանիշ, ինչպիսիք են՝
- շնչուղիների նեղացում, որը դժվարացնում է շնչելը
- շոկ՝ արյան ճնշման կտրուկ անկմամբ
- արագացած կամ թելանման անոթազարկ (պուլս)
- գլխապտույտ կամ ուշագնացության զգացում (նախաուշագնացություն):
Հոդվածը հրապարակվել է՝ 11-04-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024