Սննդային ալերգիան հաստատող կամ բացառող որևէ կատարյալ թեստ գոյություն չունի:
Ախտորոշում կատարելուց առաջ ձեր բժիշկը կքննարկի մի շարք գործոններ: Այս գործոնները ներառում են հետևյալը:
- Ձեր ախտանիշները. մանրամասն պատմեք ձեր բժշկին ձեր ախտանիշների մասին, թե որ մթերքները և որ չափով են, որ խնդիրներ են առաջացնում:
- Ալերգիայի վերաբերյալ ձեր ընտանեկան պատմությունը (անամնեզ). կիսվեք նաև ձեր բժշկի հետ ձեր ընտանիքի անդամների մասին, ովքեր ունեն ցանկացած տեսակի ալերգիա:
- Ֆիզիկական քննություն (բուժզննում). մանրակրկիտ զննումը հաճախ կարող է բացահայտել կամ բացառել այլ առողջական խնդիրները:
- Մաշկային թեստ. մաշկի ծակման կամ քերծման թեստը կարող է որոշել ձեր արձագանքը որոշակի սննդի նկատմամբ: Այս թեստի ժամանակ կասկածելի սննդի փոքր քանակությունը տեղադրվում է ձեր նախաբազուկի կամ մեջքի մաշկի վրա: Այնուհետև բժիշկը կամ մեկ այլ բուժաշխատող ասեղով ծակում կամ քերծում է ձեր մաշկը, որ նյութի չնչին քանակություն թողնի ձեր մաշկի մակերեսի տակ: Եթե դուք ալերգիկ եք որոշակի նյութի նկատմամբ, որը փորձարկվում է, ձեզ մոտ առաջանում է մաշկի մակերևույթից բարձրացած բշտիկ կամ ռեակցիա: Հիշեք, որ միայն այս թեստի դրական արձագանքը բավարար չէ սննդային ալերգիան հաստատելու համար:
- Արյան թեստ. արյան թեստը կարող է չափել ձեր իմունային համակարգի արձագանքը որոշակի սննդի նկատմամբ՝ չափելով ալերգիայի հետ կապված հակամարմինը, որը հայտնի է որպես իմունոգոլոբուլին E (IgE): Այս թեստի համար ձեր արյան նմուշն ուղարկվում է լաբորատորիա, որտեղ կարող են ստուգվել տարբեր մթերքների նկատմամբ ձեր IgE-ի պատասխանները:
- Վերացման (էլիմինացիայի) սննդակարգ. ձեզնից կարող է պահանջվել մեկ կամ երկու շաբաթով ձեր սննդակարգից վերացնել կասկածելի մթերքները, այնուհետև դրանք նորից մեկ առ մեկ ավելացնել ձեր սննդակարգում: Այս գործընթացը կարող է օգնե ախտանշանները կապելու կոնկրետ սննդամթերքի տեսակի հետ: Այնուամենայնիվ, վերացման սննդակարգերը ճշտգրիտ չեն: Դրանք չեն կարող ասել ձեզ, թե արդյոք սննդի նկատմամբ ձեր արձագանքը իսկական ալերգիա է, թե պարզապես սննդի նկատմամբ զգայունություն: Բացի այդ, եթե նախկինում սուր ռեակցիա եք ունեցել որևէ սննդի նկատմամբ, հեռացման սննդակարգը կարող է վտանգավոր դառնալ:
- Բերանային սննդի փորձարկում. այս միջոցառման ընթացքում, որը պետք է իրականացվի ձեր բժշկի գրասենյակում, ձեզ կտրվի փոքր, սակայն աճող քանակներով սնունդ, որը կասկածվում է ձեր ախտանիշների առաջացման մեջ: Եթե փորձարկման ժամանակ ռեակցիա չառաջանա, հնարավոր է, որ կարողանաք այս մթերքը կրկին ներառել ձեր սննդակարգում:
Հոդվածը հրապարակվել է՝ 11-04-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024