Գրադարան
Լեղապարկի քարեր․ պատճառներ

2 րոպե
Դեռևս հայտնի չէ, թե ինչու են առաջանում լեղապարկի քարեր։
Այնուամենայնիվ, համընդհանուր կարծիք կա, որ լեղապարկի քարերը կարող են առաջանալ հետևյալ պատճառներով։
- Լեղին պարունակում է չափազանց շատ խոլեսթերին. նորմայում լեղին պարունակում է բավարար քանակի նյութեր, որոնք տարալուծում են լյարդից արտազատվող խոլեսթերինը։ Երբ լյարդն արտազատում է ավելի շատ խոլեսթերին, քան լեղին կարող է տարալուծել, խոլեսթերինի ավելցուկից ձևավորվում են բյուրեղներ, որոնք ի վերջո վերածվում են քարերի։
- Լեղին պարունակում չափազանց շատ բիլիռուբին. բիլիռուբինը արյան կարմիր գնդիկների (էրիթրոցիտներ) քայքայման արդյունքում առաջացող քիմիական նյութ է։ Որոշ հիվանդությունների ժամանակ լյարդը սկսում է արտադրել ավելի շատ բիլիռուբին, քան անհրաժեշտ է (օրինակ՝ լյարդի ցիռոզ, լեղուղիների վարակներ և որոշ արյան հիվանդություններ), որի արդյունքում վերջինիս ավելցուկը նպաստում է քարերի ձևավորմանը։
- Լեղապարկը պատշաճ չի դատարկվում. երբ լեղապարկը լիարժեք կամ հաճախ բավարար չի դատարկվում, լեղապարկում մնացած ավելցուկային լեղին խտանում է և նպաստում քարերի առաջացմանը։
Լեղապարկի քարերի տեսակները
Լեղապարկում ձևավորվող քարերը լինում են երկու հիմնական տեսակի:
- Խոլեսթերինային քարեր. սրանք լեղապարկի քարերի ամենատարածված տեսակն են, որոնք հաճախ ունեն դեղին երանգավորում: Խոլեսթերինային քարերը հիմնականում կազմված են չլուծվող խոլեսթերինից, սակայն կարող են պարունակել այլ բաղադրիչներ ևս:
- Գունակային (պիգմենտային) քարեր. սրանք մուգ շագանակագույն կամ սև քարեր են, որոնք առաջանում են, երբ լեղին պարունակում է մեծ քանակով բիլիռուբին:
Ռիսկի գործոններ
Կան բազմաթիվ գործոններ, որոնք նպաստում են լեղապարկի քարերի առաջացմանը։ Դրանցից են՝
- իգական սեռ
- 40 տարեկան և ավելի բարձր տարիք
- բնիկ ամերիկյան կամ լատինոամերիկյան ծագում
- ավելորդ քաշ կամ գիրություն
- ֆիզիկական պասիվ («նստակյաց») ապրելակերպ
- հղիություն
- ճարպերով հարուստ սննդակարգ
- խոլեսթերինով հարուստ սննդակարգ
- բջջանքից աղքատ սննդակարգ
- ժառանգականություն (լեղապարկի քարերով ընտանիքի անդամ)
- շաքարային դիաբետ
- արյան հիվանդություններ, օրինակ՝ մանգաղաբջջային անեմիա կամ լեյկոզ
- քաշի կտրուկ անկում
- էստրոգեն պարունակող դեղամիջոցների ընդունում, օրինակ՝ բերանային (օրալ) հակաբեղմնավորիչ հաբեր կամ հորմոնային փոխարինող բուժման դեղամիջոցներ
- լյարդային հիվանդություն։
Հոդվածը տեղադրվել է՝ 29-04-2019 վերանայվել է՝ 03-04-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: