Գրադարան
Լեղապարկի քարեր․ բուժում

2 րոպե
Լեղապարկի քարերով մարդկանց մեծ մասը որևէ գանգատ չի նշում և երբեք բուժման կարիք չի ունենում:
Լեղապարկի քարերի բուժման անհրաժեշտության մասին բժիշկը կտեղեկացնի ըստ առկա ախտանիշների և ախտորոշիչ թեստերի արդյունքների:
Բժիշկը նաև խորհուրդ կտա, թե ինչպիսի ախտանիշների վրա ուշադրություն դարձնել, օրինակ՝ որովայնի վերին աջ շրջանի (աջ թուլակողի) ցավերի սաստկացում:
Լեղապարկի քարերի բուժման տարբերակները ներկայացված են ստորև:
- Լեղապարկի հեռացման վիրահատություն (խոլեցիստէկտոմիա). բժիշկը կարող է խորհուրդ տալ խոլեցիստէկտոմիա, քանի որ լեղապարկի քարերը հաճախ կրկնվում են: Վիրահատությունից հետո լեղին լյարդից ուղղակիրորեն արտահոսում է դեպի բարակ աղի, այլ ոչ թե պահեստավորվում լեղապարկում: Լեղապարկը կենսականորեն կարևոր օրգան չէ, և դրա բացակայությունը չի ազդում սնունդը մարսելու կարողության վրա, թեև կարող է առաջացնել սովորաբար ժամանակավոր բնույթ կրող փորլուծություն: Վիրահատության ամենատարածված տարբերակը լապարոսկոպիկ խոլեցիստէկտոմիան է, երբ որովայնի պատի մեծ կտրվածքի փոխարեն վիրաբույժը որովայնի վրա բացում է մի քանի փոքր անցք, որոնց միջոցով հատուկ սարքերով հեռացնում ձեր լեղապարկը։ Հետվիրահատական վերականգնումը արագ է և առանց լուրջ խնդիրների։ Եթե լեղապարկը խիստ բորբոքված է կամ կան բարդություններ (օրինակ՝ պերիտոնիտ), կարող է առաջարկել բաց վիրահատություն։
- Լեղապարկի քաերերը տարալուծող դեղամիջոցներ. կան ներքին ընդունման (օրալ) դեղամիջոցներ, որոնք կարող են օգնել լեղապարկի քարերի տարալուծմանը: Այնուամենայնիվ, նման բուժումը կարող է շարունակվել ամիսներ կամ տարիներ, իսկ բուժումը դադարեցնելուց հետո կրկին կարող են առաջանալ քարեր: Երբեմն այս դեղամիջոցները որևէ նշանակալի արդյունք չեն ցուցաբերում և որպես բուժման վերջնական միջոց մնում է լեղապարկի հեռացումը:
Որոշ դեպքերում լեղապարկի քարերի բուժումը կարող է սահմանափակվել սննդակարգի համապատասխան փոփոխությամբ, օրինակ՝ սահմանափակելով ճարպոտ և կաթնային սննդամթերքները։
Հոդվածը տեղադրվել է՝ 29-04-2019 վերանայվել է՝ 03-04-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: