Գրադարան
Լեղապարկի քարեր․ բարդություններ

1 րոպե
Լեղապարկի քարերը կարող են առաջացնել մի շարք բարդություններ, այդ թվում՝ նաև անհետաձգելի վիրաբուժական բուժում պահանջող։
- Լեղապարկի բորբոքում (խոլեցիստիտ). լեղապարկի պարանոցում անշարժացած քարը կարող է առաջացնել լեղապարկի բորբոքում (խոլեցիստիտ): Սուր խոլեցիստիտն ընթանում է աջ թուլակողի ուժեղ ցավերով (լեղային խիթ) և ջերմությամբ:
- Ընդհանուր լեղածորանի խցանում. քարերը կարող են խցանել այն խողովակները (ծորաններ), որոնցով լեղին լյարդից կամ լեղապարկից հոսում է բարակ աղի: Նման վիճակը կարող է առաջացնել սաստիկ ցավեր, դեղնուկ և լեղածորանների վարակ (խոլանգիտ):
- Ենթաստամոքսային գեղձի (պանկրեաս) ծորանի խցանում. պանկրետիկ ծորանը գեղձից մինչև ընդհանուր լեղածորան (12-մատնյա աղուն միանալուց անմիջապես առաջ) ձգվող խողովակ է, որով արտազատվում են մարսողությանը մասնակցող պանկրեատիկ հյութերը։ Երբ պանկրեատիկ ծորանը խցանվում է լեղապարկի քարով, արտադրված պանկրեատիկ հյութը մնում է գեղձում՝ առաջացնելով ենթաստամոքսային գեղձի բորբոքում (պանկրեատիտ), իսկ ծանր դեպքերում՝ նաև քայքայում։ Սուր պանկրեատիտը բնորոշվում է որովայնի վերին հատվածից ձախ գոտևորող սուր ցավերով և սովորաբար պահանջում է հիվանդանոցային բուժում։
- Լեղապարկի քաղցկեղ. լեղապարկի քարերի պատմությամբ մարդիկ ունեն լեղապարկի քաղցկեղի բարձրացած ռիսկ: Այնուամենայնիվ, լեղապարկի քաղցկեղը խիստ հազվադեպ հանդիպող հիվանդություն է, ուստի, նույնիսկ ռիսկի բարձրացման դեպքում հիվանդության հավանականությունը մնում է խիստ ցածր:
Հոդվածը տեղադրվել է՝ 29-04-2019 վերանայվել է՝ 03-04-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: