Գրադարան

Գաստրիտ. պատճառներ

Գաստրիտ. պատճառներ

Time Read 2 րոպե

Գաստրիտը ստամոքսի լորձաթաղանթի բորբոքում է:

Ստամոքսի պատը պաշտպանող լորձապատ պատնեշի թուլությունները կամ վնասվածքը թույլ են տալիս, որ մարսողական հյութերը վնասեն և բորբոքեն ստամոքսի լորձաթաղանթը: Մի շարք հիվանդություններ և վիճակներ կարող են մեծացնել գաստրիտի ռիսկը, ներառյալ բորբոքային վիճակները, ինչպիսին է Կրոնի հիվանդությունը:

Ռիսկի գործոններ

Գաստրիտի ռիսկը մեծացնող գործոնները ներառում են հետևյալը:

  • Բակտերիալ վարակ. չնայած նրան, որ հելիկոբակտեր պիլորի (Helicobacter pylori) բակտերիայով վարակը համարվում է մարդկանց աշխարհում ամենատարածված վարակներից մեկը, այս վարակով միայն որոշ մարդկանց մոտ է զարգանում գաստրիտ կամ վերին ստամոքսաղիքային տրակտի (խողովակի) այլ խանգարումներ: Բժիշկները կարծում են, որ բակտերիաների նկատմամբ խոցելիությունը կարող է ժառանգական լինել կամ առաջանալ ապրելակերպի ընտրությամբ, ինչպիսիք են ծխելը և սննդակարգը:
  • Ցավազրկողների կանոնավոր օգտագործում. ցավազրկողները, որոնք սովորաբար կոչվում են ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներ (ՈՍՀԲԴ), ինչպիսիք են Իբուպրոֆենը (Ադվիլ, Մոտրին IB և այլն) և Նապրոքսեն նատրիումը (Ալեվե, Անապրոքս DS), կարող են առաջացնել ինչպես սուր գաստրիտ, այնպես էլ քրոնիկ գաստրիտ: Այս ցավազրկողների կանոնավոր օգտագործումը կամ չափից շատ ընդունումը կարող է նվազեցնել խիստ կարևոր նյութը, որն օգնում է պահպանել ստամոքսի պաշտպանիչ լորձաթաղանթը:
  • Ավելի մեծ տարիք. տարեցների մոտ գաստրիտի ավելի մեծ ռիսկ կա, քանի որ ստամոքսի լորձաթաղանթը տարիքի հետ հակված է բարակելու և մեծ տարիքով մարդիկ ավելի հավանական է, որ ունենան հելիկոբակտեր պիլորի (H․ pylori) վարակ կամ աուտոիմուն խանգարումներ, քան երիտասարդները:
  • Ալկոհոլի չափից ավելի օգտագործում. ալկոհոլը կարող է գրգռել և քայքայել ձեր ստամոքսի լորձաթաղանթը, որը ձեր ստամոքսն ավելի խոցելի է դարձնում մարսողական հյութերի նկատմամբ: Ալկոհոլի չափից ավելի օգտագործումը ավելի հավանական է, որ առաջացնի սուր գաստրիտ:
  • Սթրես. ծանր վիրահատության, վնասվածքի, այրվածքների կամ ծանր վարակների հետևանքով առաջացած ուժեղ սթրեսը կարող է առաջացնել սուր գաստրիտ:
  • Քաղցկեղի բուժում. քիմիոթերապիայի դեղերը կամ ճառագայթային թերապիան կարող են մեծացնել գաստրիտի ռիսկը:
  • Ձեր սեփական օրգանիզմը վնասում է ստամոքսի բջիջները. գաստրիտի այս տեսակը, որը կոչվում է աուտոիմուն գաստրիտ, առաջանում է, երբ ձեր իմունային համակարգը գրոհում է ստամոքսի լորձաթաղանթը կազմող բջիջների վրա և վնասում դրանք: Այս ռեակցիան կարող է հյուծել ձեր ստամոքսի պաշտպանիչ պատնեշը: Աուտոիմուն գաստրիտն ավելի հաճախ հանդիպում է այլ աուտոիմուն խանգարումներ ունեցող մարդկանց մոտ, ինչպիսիք են Հաշիմոտոյի հիվանդությունը և 1-ին տիպի շաքարախտը: Աուտոիմուն գաստրիտը նաև կարող է կապված լինել վիտամին B12-ի պակասի հետ:
  • Այլ հիվանդություններ և վիճակներ. գաստրիտը կարող է կապված լինել այլ առողջական խնդիրների, այդ թվում ՄԻԱՎ/ՁԻԱՀ–ի, Կրոնի հիվանդության, ցելիակայի, սարկոիդոզի և մակաբուծային վարակների հետ:

Հոդվածը տեղադրվել է՝ 16-06-2018 վերանայվել է՝ 08-03-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով