Գրադարան
Գաստրիտ. բուժում

2 րոպե
Գաստրիտի բուժումը կախված է կոնկրետ պատճառից։
Ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցների (ՈՍՀԲԴ) կամ ալկոհոլի հետևանքով առաջացած սուր գաստրիտը կարող է թեթևանալ՝ դադարեցնելով այդ նյութերի օգտագործումը:
Գաստրիտի բուժման համար օգտագործվող դեղամիջոցները ներառում են հետևյալը:
- Հելիոբակտեր պիլորին (H. pylori) ոչնչացնող հակաբիոտիկներ. ձեր մարսողական խողովակում H. pylori-ի առկայության դեպքում այդ բակտերիաները ոչնչացնելու համար ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ հակաբիոտիկների համակցում, ինչպիսի են Կլարիթրոմիցինը (Բիաքին XL) և Ամոքսիցիլինը (Ամոքսիլ, Աուգմենտին և այլն) կամ Մետրոնիդազոլը (Ֆլագիլ): Անպայման անցնեք հակաբիոտիկային բուժման ամբողջ կուրսը՝ սովորաբար 7-ից 14 օր, թթվի արտադրությունն արգելակող դեղամիջոցների հետ միասին: Բուժվելուց հետո ձեր բժիշկը կվերստուգի ձեզ H. pylori-ի համար՝ համոզվելու, որ այն ոչնչացվել է:
- Թթվի արտադրությունն արգելակող և լավացմանը նպաստող դեղամիջոցներ. պրոտոնային պոմպի արգելակիչները (ինհիբիտորներ) նվազեցնում են թթուն՝ արգելափակելով թթու արտադրող բջիջների գործունեությունը։ Այս դեղերը ներառում են դեղատոմս պահանջող և չպահանջող դեղամիջոցներ՝ Օմեպրազոլ (Պրիլոզեկ), Լանսոպրազոլ (Պրեվացիդ), Ռաբեպրազոլ (Ացիֆեքս), Պանտոպրազոլ (Պրոտոնիքս) և այլն: Պրոտոնային պոմպի արգելակիչների երկարատև օգտագործումը, հատկապես բարձր չափաբաժիններով, կարող է մեծացնել ազդրի, դաստակի և ողնաշարի կոտրվածքների ռիսկը: Հարցրեք ձեր բժշկին, թե արդյոք կալցիումի հավելումը կարող է նվազեցնել այս ռիսկը:
- Թթվի արտադրությունը նվազեցնող դեղամիջոցներ. թթվի պաշարիչները (բլոկատորներ), որոնք նաև կոչվում են հիստամինային (H2) պաշարիչներ, նվազեցնում են ձեր մարսողական խողովակում արտազատվող թթվի քանակը, որը թեթևացնում է գաստրիտի ցավը և խթանում բուժումը: Դեղատոմս պահանջող կամ չպահանջող թթվային պաշարիչները ներառում են Ֆամոտիդին (Պեպսիդ), Ցիմետիդին (Տագամետ HB) և Նիզատիդին (Աքսիդ AR):
- Ստամոքսի թթուն չեզոքացնող դեղամիջոցներ (անտացիդներ). ձեր բժիշկը կարող է ձեր դեղորայքային բուժման մեջ ներառել որևէ անտացիդ: Անտացիդները չեզոքացնում են ստամոքսում առկա թթուն և կարող են արագ ազատվել ցավից: Կողմնակի ազդեցությունները կարող են ներառել փորկապություն կամ փորլուծություն՝ կախված հիմնական բաղադրիչներից: Սրանք օգնում են ախտանշանների արագ թեթևացմանը, սակայն սովորաբար չեն օգտագործվում որպես առաջնային բուժում: Պրոտոնային պոմպի արգելակիչները և թթվային պաշարիչներն ավելի արդյունավետ են և ունեն ավելի քիչ կողմնակի ազդեցություններ:
Հոդվածը տեղադրվել է՝ 17-06-2018 վերանայվել է՝ 08-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: