Թեև ձեր բժիշկը, հավանաբար, կասկածում է գաստրիտի մասին ձեզ հետ ձեր հիվանդության պատմության մասին խոսելուց և ձեզ զննելուց հետո, ձեզ նաև կարող են առաջարկվել հետևյալ հետազոտություններից մեկը կամ մի քանիսը ճշգրիտ պատճառը պարզելու համար:
- Հելիկոբակտեր պիլորի (H. pylori) թեստ. ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ լաբորատոր թեստեր, ինչպիսիք են կղանքի անալիզը կամ շնչառական թեստը, որ պարզի, թե արդյոք ունեք H. pylori բակտերիա: Թե ինչ տեսակի թեստ է պետք անցնել, կախված է ձեր իրավիճակից: Շնչառական թեստի համար դուք խմում եք մի փոքր բաժակ թափանցիկ, անհամ հեղուկ, որը պարունակում է ռադիոակտիվ ածխածին: H. pylori բակտերիաները ձեր ստամոքսում քայքայում են այս լուծույթը: Ավելի ուշ դուք փչում եք տոպրակի մեջ, որն այնուհետև փակվում է: Եթե վարակված եք H. pylori-ով, ձեր արտաշնչված օդի նմուշը կպարունակի ռադիոակտիվ ածխածին:
- Վերին մարսողական համակարգի էնդոսկոպիկ զննում (գաստրոդուոդենոսկոպիա). էնդոսկոպիայի ընթացքում ձեր բժիշկը ազատ ծայրին լուսավորող տեսախցիկ ունեցող ճկուն խողովակը ձեր կոկորդով զգուշությամբ անցկացնում է դեպի կերակրափող, ստամոքս (գաստրոսկոպիա) և բարակ աղի (դուոդենոսկոպիա): Էնդոսկոպի օգնությամբ բժիշկը «ներսից» փնտրում է մարսողական խողովակի վերին հատվածների բորբոքման և այլ նշաններ։ Կախված ձեր տարիքից և հիվանդության պատմությունից՝ բժիշկը կարող է խորհուրդ տալ գաստրոսկոպիան որպես առաջին հետազոտություն՝ H. pylori-ի թեստի փոխարեն: Եթե հայտնաբերվի կասկածելի շրջան, բժիշկը կարող է հեռացնել հյուսվածքային փոքր նմուշներ լաբորատոր թեստի համար (բիոպսիա): Բիոպսիան նաև կարող է հեռացված նմուշում հայտնաբերել H. pylori բակտերիաներ կամ դրանց հակածիններ:
- Վերին մարսողական համակարգի ռենտգեն. ռենտգեն պատկերման այս շարքը, որը երբեմն անվանում են բարիումի կուլ տալ կամ կամ վերին ստամոքսաղիքային խողովակի շարք (սերիա), ստեղծում է ձեր կերակրափողի, ստամոքսի և բարակ աղու պատկերներ՝ որևէ շեղում գնելու համար: Խոցն ավելի տեսանելի դարձնելու համար դուք կարող եք կուլ տալ սպիտակ, մետաղական հեղուկ (պարունակում է բարիում), որը ներսից պատում է ձեր մարսողական խողովակը:
Բժիշկը նաև կարող է դիմել ստամոքսաղիքաբանի (գաստրոէնտերոլոգ) օգնությանը։
Հոդվածը հրապարակվել է՝ 17-06-2018
Վերջին վերանայում՝ 30-05-2024