Գլաուկոման զարգանում է, երբ տեսողական (օպտիկ) նյարդը վնասվում է:
Տեսողական նյարդն ակնագնդի հետին մասից տեսողական զգացողական ազդանիշները փոխանցում է գլխուղեղ, որտեղ էլ լուսային զգացողությունները վերածվում են տեսողական ընկալման:
Երբ այս նյարդն աստիճանաբար վնասվում է, տեսադաշտում առաջանում են կուրացման բծեր: Բժիշկների համար դեռևս ոչ լիարժեք հասկանալի պատճառներով այս նյարդային վնասումը սովորաբար կապված է աչքի ներսում (ներակնային) ճնշման բարձրացման հետ, որի պատճառով ներակնային հեղուկը սկսում է սեղմել ու վնասել տեսողական նյարդը: Այնուամենայնիվ, գլաուկոմա կարող է զարգանալ նաև նորմալ ներակնային ճնշման պայմաններում:
Աչքի ճնշման բարձրացումը զարգանում է հեղուկի կուտակման հետևանքով, որը հոսում է աչքի ներսում: Ներակնային հեղուկը նաև հայտնի է որպես aqueous humor: Այն արտադրվում է թարթչային ելունների կողմից, ոսպնյակին ապահովում անհրաժեշտ սննդանյութերով ու մշտական հեղուկ միջավայրով և սովորաբար արտահոսում է տրաբեկուլյար ցանցով (տրաբեկուլյար ապարատ)՝ հյուսվածք, որը գտնվում է ծիածանաթաղանթի և եղջերաթաղանթի միացման անկյան տակ (բբի միջոցով` առաջային խցիկ, որտեղից էլ ներծծվում է աչքի անոթների մեջ): Եղջերաթաղանթը կարևոր է տեսողության համար, քանի որ լույսն այս թափանցիկ թաղանթով է թափանցում աչքի մեջ: Երբ աչքը չափազանց շատ ներակնային հեղուկ է արտադրում կամ դրա հեռացման (դրենաժային) համակարգը ճիշտ չի աշխատում, աչքի ճնշումը կարող է աճել:
Բաց անկյուն գլաուկոմա
Սա գլաուկոմայի ամենատարածված ձևն է: Ծիածանաթաղանթի և եղջերաթաղանթի կողմից ձևավորված դրենաժային անկյունը մնում է բաց, սակայն դրենաժային համակարգի մյուս մասերը պատշաճ կերպով չեն ապահովում հեղուկի արտահոսքը: Սա կարող է հանգեցնել ներակնային ճնշման դանդաղ, աստիճանական աճի:
Փակ (նեղ) անկյուն գլաուկոմա
Գլաուկոմայի այս ձևն առաջանում է, երբ ծիածանաթաղանթն այտուցվում է: Այտուցված ծիածանաթաղանթը մասամբ կամ ամբողջությամբ արգելափակում է ջրահեռացման անկյունը, որի հետևանքով ներակնային հեղուկը չի կարողանում շրջանառվել աչքի միջով, և ներակնային ճնշումը մեծանում է: Փակ կամ նեղ անկյուն գլաուկոման կարող է առաջանալ հանկարծակի կամ աստիճանաբար:
Նորմալ ճնշումային գլաուկոմա
Դեսևս ճշգրիտ պատճառը մնում է անհայտ, թե ինչու է տեսողական նյարդը վնասվում, երբ ներակնային ճնշումը նորմալ է: Տեսողական նյարդը կարող է գերզգայուն լինել կամ ավելի քիչ արյան հոսք ստանալ: Արյան այս սահմանափակ հոսքը կարող է առաջանալ զարկերակներում ճարպային նստվածքների կուտակումից կամ այլ վիճակներից, որոնք խոչընդոտում են արյան շրջանառությունը: Զարկերակներում ճարպային նստվածքների կուտակումը հայտնի է նաև որպես աթերոսկլերոզ:
Գլաուկոման երեխաների մոտ
Երեխան կարող է ծնվել գլաուկոմայով կամ հիվանդությունը կարող է զարգանալ կյանքի առաջին մի քանի տարիներին: Արգելափակված դրենաժային ցանցը, վնասվածքը կամ պատճառ հանդիսացող այլ խնդիրը կարող են առաջացնել տեսողական նյարդի վնասում:
Պիգմենտային գլաուկոմա
Պիգմենտային գլաուկոմայի դեպքում պիգմենտային մանր հատիկները պոկվում են ծիածանաթաղանթի հետևից և, կուտակվելով ներակնային հեղուկի մեջ, արգելափակում կամ դանդաղեցնում են ներակնային հեղուկի արտահոսքն աչքից: Որոշ գործողությունները, ինչպիսիք են վազքը, երբեմն ակտիվացնում են պիգմենտի հատիկները, որոնք նստում են ծիածանաթաղանթի և եղջերաթաղանթի միացման անկյան հյուսվածքի վրա՝ առաջացնելով ներակնային ճնշման բարձրացում:
Գենային տեսություն
Գլաուկոման հակում ունի հանդիպելու որոշակի ընտանիքներում: Որոշ մարդկանց մոտ գիտնականները հայտնաբերել են գեներ, որոնք կապված են բարձր ներակնային ճնշման և տեսողական նյարդի վնասման հետ:
Ռիսկի գործոններ
Գլաուկոման կարող է վնասել տեսողությունը՝ մինչև դուք նկատեք որևէ ախտանիշ։ Ուստի, պետք է նկատի ունենալ այս ռիսկի գործոնները՝
- բարձր ներակնային ճնշում
- 55-ից բարձր տարիք
- բնիկ սևամորթ, ասիական կամ իսպանական ծագում
- գլաուկոմայի ընտանեկան պատմություն
- որոշակի առողջական խնդիրներ, ինչպիսիք են դիաբետը, միգրենը, բարձր արյան ճնշումը (հիպերտենզիա) և մանգաղաբջջային անեմիան
- կենտրոնում բարակ եղջերաթաղանթներ
- խիստ արտահայտված կարճատեսություն կամ հեռատեսություն
- աչքի վնասվածք կամ որոշ տեսակի աչքի վիրահատություններ
- կորտիկոստերոիդային դեղամիջոցների, հատկապես՝ աչքի կաթիլների երկարաժամկետ օգտագործում:
Որոշ մարդիկ ունեն նեղ դրենաժային անկյուններ, ինչը նրանց մոտ բարձրացնում է փակ անկյուն գլաուկոմայի ռիսկը:
Հոդվածը հրապարակվել է՝ 23-12-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024