Տեսողական նյարդի վրա գլաուկոմայի պատճառած վնասը անդառնալի է, սակայն բուժումը և կանոնավոր ստուգումները կարող են օգնել դանդաղեցնելու կամ կանխելու տեսողության կորուստը, հատկապես, եթե ձեր հիվանդությունը հայտնաբերվել է իր վաղ փուլերում:
Գլաուկոմայի բուժման նպատակը բարձրացած ներակնային ճնշման նվազեցումն է։ Բուժման տարբերակները ներառում են աչքի դեղորայքային կաթիլներ, բերանային (օրալ) դեղամիջոցներ, լազերային բուժում, վիրահատություն կամ տարբեր մեթոդների համակցություն:
Աչքի կաթիլներ
Գլաուկոմայի բուժումը հաճախ սկսվում է դեղորայքային աչքի կաթիլներով: Դրանցից որոշները կարող են նվազեցնել ներակնային ճնշումը՝ բարելավելով ձեր աչքի տրաբեկուլյար ապարատի գործառույթը, այն է՝ ներակնային հեղուկի ճիշտ շրջանառությունը և արտահոսքը: Մյուսները նվազեցնում են ձեր աչքի թարթչային ելունների կողմից արտադրված ներակնային հեղուկի քանակը: Կախված նրանից, թե որքան է պետք նվազեցնել ձեր աչքի ճնշումը, ձեզ կարող են նշանակել մեկից ավելի աչքի կաթիլների տեսակներ:
Գլաուկոմայի բուժման մեջ կարող են նշանակվել հետևյալ աչքի կաթիլները:
- Պրոստոգլանդիններ. այս դեղամիջոցները բարելավում են ձեր ներակնային հեղուկի արտահոսքը, որի շնորհիվ նվազում է ներակնային ճնշումը: Այս խմբի աչքի կաթիլների օրինակներից են՝ Լատանոպրոստ (Քսալատան), Տրավոպրոստ (Տրավատան Z), Տաֆլուպրոստ (Զիօպտան), Բիմատոպրոստ (Լումիգան) և Լատանոպրոստեն բունոդ (Վիզուլտա): Պրոստոգլանդինային աչքի կաթիլների հնարավոր կողմնակի ազդեցություններից են աչքերի թեթև կարմրությունը և ծակծկոցները, ծիածանաթաղանթի մգացումը, թարթիչների կամ կոպերի մաշկի պիգմենտի մգացումը և տեսողության մշուշոտ դառնալը: Դեղամիջոցների այս դասը նախատեսված է օրական մեկ անգամ օգտագործելու (կաթեցնելու) համար:
- Բետա պաշարիչներ (բ-բլոկերներ). այս դեղամիջոցները նվազեցնում են ներակնային ճնշումը՝ արգելափակելով ներակնային հեղուկի արտադրությունը: Օրինակներից են՝ Թիմոլոլ (Բետիմոլ, Իստալոլ, Տիմօպտիկ) և Բետաքսոլոլ (Բետօպտիկ S): Հնարավոր կողմնակի ազդեցություններից են շնչառության դժվարացումը (բրոնխների նեղացման պատճառով), սրտազարկի դանդաղեցումը, արյան ճնշման նվազեցումը (հիպոտենզիա), իմպոտենցիան և հոգնածությունը: Դեղերի այս դասը, կախված ձեր վիճակից, կարող է նշանակվել օրական մեկ կամ երկու անգամ օգտագործման համար:
- Ալֆա-ադրեներգիկ ագոնիստներ. այս խմբի կաթիլները արգելափակում են ձեր աչքի ներսում հոսող հեղուկի արտադրությունը: Դրանք նաև մեծացնում են ներակնային հեղուկի արտահոսքը: Օրինակներից են Ապրակլոնիդինը (Լոպիդին) և Բրիմոնիդինը (Ալֆագան P, Քոլինա): Հնարավոր կողմնակի ազդեցություններից են անկանոն սրտազարկը (առիթմիա), բարձր արյան ճնշումը (հիպերտենզիա), հոգնածությունը, աչքի կարմրությունը, քորը կամ այտուցը և բերանի չորությունը: Դեղերի այս դասը սովորաբար նշանակվում է օրական երկու անգամ օգտագործման համար, սակայն երբեմն կարող է նշանակվել օրական երեք անգամ:
- Կարբոանհիդրազի արգելակիչներ (ինհիբիտորներ). այս դեղամիջոցները նվազեցնում են աչքի ներսում հեղուկի արտադրությունը: Օրինակներից են՝ Դորզոլամիդ և Բրինզոլամիդ (Ազօպտ): Հնարավոր կողմնակի ազդեցություններից են բերանում մետաղական համը, հաճախակի միզելը և մատների և ոտքերի մատների ծակծկոցը: Դեղամիջոցների այս դասը սովորաբար նշանակվում է օրական երկու անգամ օգտագործման համար, սակայն երբեմն կարող է նշանակվել օրական երեք անգամ:
- Rho-կինազի արգելակիչ (ինհիբիտոր). այս դեղամիջոցը նվազեցնում է ներակնային ճնշումը՝ արգելափակելով ներակնային հեղուկի ավելացման համար պատասխանատու rho-կինազ ֆերմենտները: Այն հասանելի է Նետարսուդիլի (Ռոպրեսսա) ձևով և նշանակվում է օրական մեկ անգամ օգտագործման համար: Հնարավոր կողմնակի ազդեցություններից են աչքերի կարմրությունը և դիսկոմֆորտը:
- Միոտիկ կամ խոլինէրգիկ նյութեր. այս դեղամիջոցները մեծացնում են ներակնային հեղուկի արտահոսքը: Օրինակներից է Պիլոկարպինը (Իզոպտո Կարպին): Կողմնակի ազդեցություններից են՝ գլխացավ, աչքի ցավ, բբերի նեղացում (միոզ), հնարավոր մշուշոտ կամ աղոտ տեսողություն և կարճատեսություն: Այս դասի դեղամիջոցները սովորաբար նշանակվում են օրական մինչև չորս անգամ օգտագործելու համար: Հնարավոր կողմնակի ազդեցությունների և ամենօրյա հաճախակի օգտագործման անհրաժեշտության պատճառով դրանք այլևս հաճախ չեն նշանակվում:
Որոշ դեղորայքային աչքի կաթիլներ ներծծվում են ձեր արյան մեջ, ուստի դուք կարող եք զգալ որոշ կողմնակի ազդեցություններ, որոնք կապված չեն աչքերի հետ: Այս ներծծումը նվազագույնի հասցնելու համար դրանք կաթեցնելուց հետո փակեք ձեր աչքերը 1-2 րոպե: Կարող եք նաև 1 կամ 2 րոպե թեթև սեղմած պահել ձեր աչքերի քթային անկյունները, որ փակեք արցունքատար ծորանը: Սրբեք ձեր կոպերից չներծծված կաթիլները:
Հնարավոր է, որ ձեզ նշանակեն մի քանի տեսակի աչքի կաթիլներ կամ անհրաժեշտ լինի օգտագործել արհեստական արցունքներ: Նկատի ունեցեք, որ տարբեր կաթիլների օգտագործման միջև պետք է սպասել առնվազն հինգ րոպե:
Բերանային (օրալ) դեղամիջոցներ
Միայն աչքի կաթիլները կարող են և չիջեցնել ձեր ներակնային ճնշումը ցանկալի մակարդակի: Այս իրավիճակում, ձեր ակնաբույժը նաև կարող է նշանակել բերանային դեղամիջոց, որը սովորաբար կարբոանհիդրազի արգելակիչ է (ինհիբիտոր): Հնարավոր կողմնակի ազդեցություններից են՝ հաճախամիզություն, մատների և ոտքերի մատների ծակծկոցներ, դեպրեսիա, ստամոքսի խանգարում և երիկամային քարերի առաջացում:
Վիրահատություն և այլ բուժումներ
Բուժման այլ տարբերակներից են լազերային թերապիան և վիրահատությունը: Հետևյալ մեթոդները կարող են օգնել ներակնային հեղուկի արտահոսքին և նվազեցնել ներակնային ճնշումը:
- Լազերային թերապիա. լազերային տրաբեկուլոպլաստիկան տարբերակ է, եթե չեք կարող հանդուրժել դեղորայքային աչքի կաթիլները: Այն նաև կարող է առաջարկվել, եթե դեղամիջոցը չի դանդաղեցնում ձեր հիվանդության հարաճուն զարգացումը: Ձեր ակնաբույժը նաև կարող է խորհուրդ տալ լազերային վիրահատություն աչքի կաթիլներ օգտագործելուց առաջ: Միջոցառումը կատարվում է ակնաբույժի գրասենյակում: Ակնաբույժն օգտագործում է թույլ լազեր, որ բարելավի ծիածանաթաղանթի և եղջերաթաղանթի միացման անկյան տակ գտնվող հյուսվածքի դրենաժային՝ ներակնային հեղուկի արտահոսքն ապահովելու գործառույթը: Բուժումը կարող է տևել մի քանի շաբաթ՝ մինչև լիարժեք բուժական ազդեցության դրսևորվելը:
- Զտման (ֆիլտրացման) վիրահատություն. սա վիրաբուժական միջամտություն է, որը կոչվում է տրաբեկուլէկտոմիա: Աչքի վիրաբույժը ստեղծում է բացվածք ձեր աչքի սպիտակուցի վրա, որը նաև հայտնի է որպես եղջերաթաղանթ (սկլերա): Վիրահատությունը ստեղծում է ներակնային հեղուկի հեռացման այլընտրանքային ուղի:
- Դրենաժային խողովակներ. այս միջամտության դեպքում ակնաբույժը փոքր խողովակ է մտցնում ձեր աչքի մեջ՝ ավելորդ հեղուկի արտահոսք ստանալու համար, որի շնորհիվ ներակնային ճնշումը նվազում է:
- Նվազագույն ինվազիվ գլաուկոմայի վիրահատություն (ՆԻԳՎ, MIGS)․ ակնաբույժը կարող է առաջարկել որևէ ՆԻԳՎ, որի նպատակը ներակնային ճնշման նվազեցումն է: Այս միջամտությունները սովորաբար պահանջում են ավելի քիչ անհապաղ հետվիրահատական խնամք և ավելի քիչ ռիսկ ունեն, քան տրաբեկուլէկտոմիան կամ դրենաժային սարքի օգտագործումը: Դրանք հաճախ զուգակցվում են կատարակտի վիրահատության հետ: Կան մի շարք ՆԻԳՎ մեթոդներ, և ակնաբույժը կքննարկի ձեզ հետ, թե որ միջամտությունը կարող է ճիշտ լինել ձեզ համար:
Միջամտությունից հետո դուք պետք է պարբերաբար այցելեք ձեր ակնաբույժին՝ հետագա ստուգումների համար: Եվ, կարող է անհրաժեշտ լինել լրացուցիչ միջամտություններ անցնել, եթե ձեր աչքի ճնշումը սկսի աճել կամ ձեր աչքի մեջ զարգանան այլ փոփոխություններ:
Սուր փակ անկյուն գլաուկոմայի բուժումը
Սուր փակ (նեղ) անկյուն գլաուկոման անհետաձգելի բուժօգնություն պահանջող վիճակ է: Եթե ձեր մոտ ախտորոշվել է այս վիճակը, հարկավոր է շտապ բուժում՝ ձեր ներակնային ճնշումն արագ նվազեցնելու համար: Սա, ընդհանուր առմամբ, կպահանջի բուժում դեղորայքով և լազերային կամ վիրաբուժական միջամտություններ:
Դուք կարող եք անցնել մի միջամտություն, որը կոչվում է լազերային ծայրամասային իրիդոտոմիա: Բժիշկը լազերի միջոցով ձեր ծիածանաթաղանթում փոքրիկ բացվածք է ստեղծում: Սա թույլ է տալիս, որ ներակնային հեղուկը հոսի ծիածանաթաղանթի միջով, որի արդյունքում բացվում է աչքի դրենաժային անկյունը և նվազում է ներակնային ճնշումը:
Հոդվածը հրապարակվել է՝ 23-12-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024