Այս խորհուրդները կարող են օգնել ձեր ներակնային ճնշման վերահսկմանը կամ ձեր աչքերի առողջական վիճակի բարելավմանն ու պահպանմանը:
- Կերեք առողջ սնունդ․ առողջ սննդակարգը կարող է օգնել ձեզ պահպանելու ձեր առողջությունը, բայց դա չի կարող կանխարգելել գլաուկոմայի վատթարացմանը: Աչքերի առողջության համար կարևոր են մի շարք վիտամիններ և սննդանյութեր, այդ թվում՝ ցինկը, պղինձը, սելենը և հակաօքսիդանտ վիտամինները՝ C, E և A:
- Անվտանգ մարզվեք․ կանոնավոր վարժանքները կարող են նվազեցնել ներակնային ճնշումը: Խոսեք ձեր բուժաշխատողի հետ համապատասխան վարժանքների ծրագրի մասին: Խուսափեք գերլարում պահանջող վարժանքներից:
- Սահմանափակեք կոֆեինը․ մեծ քանակությամբ կոֆեին պարունակող ըմպելիքներ խմելը կարող է մեծացնել ձեր ներակնային ճնշումը:
- Զգուշորեն խմեք հեղուկները․ խմեք միայն չափավոր քանակի հեղուկներ։ Կարճ ժամանակում մեկ լիտր կամ ավելի հեղուկ խմելը կարող է ժամանակավորապես բարձրացնել ներակնային ճնշումը:
- Ընդունեք ձեզ նշանակված դեղամիջոցները․ ձեր աչքի կաթիլների կամ նշանակված այլ դեղամիջոցների օգտագործումը կարող է օգնել, որ հասնեք ձեզ բուժման հնարավոր լավագույն արդյունքին: Համոզվեք, որ օգտագործում եք կաթիլները ճիշտ այնպես, ինչպես հրահանգել է ձեր բժիշկը, նույնիսկ եթե ախտանիշներ չունեք: Հակառակ դեպքում, ձեր տեսողական նյարդի վնասումը կարող է ավելի ծանրանալ:
Այլընտրանքային բժշկություն
Այլընտրանքային բժշկության որոշ մոտեցումներ կարող են օգնել ձեր ընդհանուր առողջությանը, բայց դրանցից ոչ մեկը գլաուկոմայի բուժման արդյունավետ միջոց չէ: Խոսեք ձեր բժշկի հետ դրանց հնարավոր օգուտների և ռիսկերի մասին:
- Բուսական միջոցներ. որոշ բուսական հավելումներ, ինչպիսիք են հապալասի թուրմը, գովազդվել են որպես գլաուկոմայի դեմ դեղամիջոցներ: Սակայն դրանց արդյունավետությունն ապացուցելու համար անհրաժեշտ են լրացուցիչ հետազոտություններ: Մի՛ օգտագործեք բուսական հավելումներ ապացուցված բուժման փոխարեն:
- Ռելաքսացիայի մեթոդներ․ սթրեսը կարող է առաջացնել սուր փակ անկյունային գլաուկոմայի նոպա: Փորձեք գտնել սթրեսի հաղթահարման և դիմակայման առողջ ուղիներ: Մեդիտացիան և այլ հանգստացնող մեթոդները կարող են օգնել:
- Մարիխուանա. հետազոտությունները ցույց են տալիս, որ մարիխուանան նվազեցնում է ներակնային ճնշումը գլաուկոմա ունեցող մարդկանց մոտ, սակայն՝ միայն 3-4 ժամով: Այլ, ստանդարտ բուժումներն ավելի արդյունավետ են: Ամերիկյան ակնաբուժության ակադեմիան (ААО) խորհուրդ չի տալիս մարիխուանա օգտագործել գլաուկոմայի բուժման համար:
Հոդվածը հրապարակվել է՝ 23-12-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024