Վահանաձև գեղձը կարող է մեծանալ կամ գեղձի մեջ հանգույցներ կարող են առաջանալ տարբեր պատճառներով։
Ինչպե՞ս է վահանաձև գեղձը գործում
Վահանաձև գեղձի կողմից արտադրվող երկու հորմոններն են թիրոքսինը (T4) և տրիյոդթիրոնինը (T3): Երբ վահանաձև գեղձն այս երկու հորմոնները բաց է թողնում դեպի արյան հուն, դրանք մասնակցում են օրգանիզմի բազմաթիվ գործառույթներին, այդ թվում կարգավորում են՝
- սննդի՝ էներգիայի փոխակերպումը (նյութափոխանակություն)
- մարմնի ջերմաստիճանը
- սրտի ռիթմը
- արյան ճնշումը
- այլ հորմոնային փոխազդեցությունները
- մանկական տարիքում աճը:
Վահանաձև գեղձը նաև արտադրում է կալցիտոնին՝ հորմոն, որն օգնում է արյան կալցիումի մակարդակի կարգավորմանը:
Ինչպե՞ս է վահանաձև գեղձը կարգավորում
Մակուղեղը (հիպոֆիզ) և հիպոթալամուսը հսկում են T4 և T3 հորմոնների արտադրության և դեպի արյան հուն ազատման արագությունը:
Հիպոթալամուսը գլխուղեղի հիմքում գտնվող մասնագիտացված շրջան է: Այն գործում է որպես թերմոստատ՝ պահպանելով օրգանիզմի բազմաթիվ համակարգերի միջև հավասարակշռությունը: Հիպոթալամուսը հրահանգում է հիպոֆիզին, որ վերջինս արտադրի թիրեոտրոպ հորմոն (TSH):
Հիպոֆիզը, որը գտնվում է հիպոթալամուսից քիչ ներքև, արյան հուն է բաց թողնում ТSH-ի որոշակի չափաբաժին, որը կախված է արյան մեջ T4 և T3 հորմոնների քանակներից: Վահանաձև գեղձը, իր հերթին, կարգավորում է այս հորմոնների արտադրությունը՝ ըստ հիպոֆիզից ստացված TSH–ի քանակության:
Խպիպի պատճառները
Բազմաթիվ գործոններ, որոնք ազդում են վահանաձև գեղձի գործունեության կամ աճի վրա, կարող են առաջացնել խպիպ:
- Յոդի պակաս. յոդն անհրաժեշտ է վահանաձև գեղձի T4 և T3 հորմոնների արտադրության համար: Եթե անձը սննդով չի ստանում յոդի բավարար քանակներ, այս հորմոնների արտադրությունը նվազում է, և հիպոֆիզը TSH-ի միջոցով ազդանշան է տալիս վահանաձև գեղձին, որ արտադրի ավելի շատ հորմոններ: Այս բարձրացած ազդանշանը բերում է վահանաձև գեղձի աճի: ԱՄՆ–ում և այլ երկրներում այս պատճառը տարածված չէ, քանի որ յոդն ավելացվում է կերակրի աղին:
- Հաշիմոտոյի հիվանդություն. Հաշիմոտոյի հիվանդությունն աուտոիմուն խանգարում է՝ հիվանդություն, որի պատճառը իմունային համակարգի կողմից առողջ հյուսվածքների վնասումն է: Արդյունքում վահանաձև գեղձի վնասված և բորբոքված հյուսվածքներն այլևս չեն արտադրում բավարար չափով հորմոններ (հիպոթիրեոզ): Երբ հիպոֆիզը գտնում է այս անկումը և խթանում է վահանաձև գեղձին, որ արտադրի ավելի շատ հորմոնները, գեղձը սկսում է չափերով մեծանալ:
- Գրեյվսի հիվանդություն. մեկ այլ աուտոիմուն խանգարումը, որը կոչվում է Գրեյվսի հիվանդություն, առաջանում է, երբ իմունային համակարգն արտադրում է մի սպիտակուց (հակամարմին), որը նմանակում է TSH-ը: Այս «խարդախ» սպիտակուցը խթանում է վահանաձև գեղձին՝ բերելով հորմոնների գերարտադրություն (թիրեոտոքսիկոզ), որի հետևանքով գեղձը սկսում է չափերով մեծանալ:
- Թիրոիդ հանգույցներ. հանգույցը վահանաձև գեղձի բջիջների անկանոն աճն է, որը ձևավորում է գնդաձև ուռածություն: Անձը կարող է ունենալ մեկ հանգույց կամ մի քանի հանգույցներ (բազմահանգուցավոր խպիպ): Հանգույցների առաջացման պատճառը պարզ չէ, բայց կարող են լինել բազմաթիվ նպաստող գործոններ՝ գենետիկա, սննդակարգ, ապրելակերպ և շրջակա միջավայր: Վահանաձև գեղձի հանգույցների մեծ մասը ոչ քաղցկեղային է (բարորակ):
- Վահանաձև գեղձի քաղցկեղ. վահանաձև գեղձի քաղցկեղն ավելի հազվադեպ է հանդիպում, քան մյուս քաղցկեղները, և ընդհանուր առմամբ բուժելի է: Հանգույցներ ունեցող մարդկանց մոտ 5%-ի մոտ առկա է քաղցկեղ:
- Հղիություն. հղիության ընթացքում արտադրվող հորմոնը՝ մարդու խորիոնային գոնադոտրոպինը (HCG), կարող է առաջացնել վահանաձև գեղձի գերակտիվություն և մեղմ մեծացում:
- Բորբոքում. թիրեոիդիտը վահանաձև գեղձի բորբոքումն է՝ առաջացած աուտոիմուն խանգարման, բակտերիալ կամ վիրուսային վարակի կամ դեղամիջոցների պատճառով: Բորբոքումը կարող է առաջացնել ինչպես թիրեոտոքսիկոզ, այնպես էլ հիպոթիրեոզ:
Ռիսկի գործոններ
Յուրաքանչյուրի մոտ կարող է զարգանալ խպիպ: Այն կարող է առկա լինել ի ծնե կամ առաջանալ կյանքի ցանկացած շրջանում: Խպիպի ամենատարածված ռիսկի գործոնները հետևյալներն են:
- Սննդակարգում յոդի պակաս. ԱՄՆ–ում և այլ երկրներում, որտեղ յոդացված աղը լայնորեն տարածված է, այս գործոնի դերը կտրուկ կրճատված է:
- Իգական սեռ. կանանց մոտ ավելի հավանական է խպիպի կամ վահանաձև գեղձի մեկ այլ հիվանդության առաջացումը:
- Հղիություն և դաշտանադադար. կանանց մոտ վահանաձև գեղձի խնդիրների հավանականությունը բարձրանում է հղիության ընթացքում կամ դաշտանադադարից հետո:
- Տարիք. խպիպներն ավելի տարածված են 40 տարեկանից հետո:
- Ընտանեկան հիվանդության պատմություն. խպիպի կամ վահանաձև գեղձի մեկ այլ հիվանդության վերաբերյալ ընտանեկան պատմությունը բարձրացնում է խպիպի ռիսկը: Հետազոտողները առանձնացրել են բարձրացած ռիսկի հետ կապված գենետիկ գործոններ:
- Դեղամիջոցներ. որոշ դեղորայքային բուժումներ, ներառյալ սրտային դեղամիջոց Ամիոդարոնը (Պացերոն) և հոգեբուժական դեղամիջոց Լիթիումը (Լիթոբիդ) բարձրացնում են խպիպի առաջացման ռիսկը:
- Ճառագայթման ազդեցություն. ձեր ռիսկը բարձրանում է, եթե ստանում եք պարանոցի կամ կրծքավանդակի շրջանի ճառագայթային բուժումներ:
Հոդվածը հրապարակվել է՝ 15-06-2018
Վերջին վերանայում՝ 29-04-2024