Skip to main content

Խպիպի բուժումը կախված է դրա չափից, ձեր գանգատներից ու ախտանիշներից, ինչպես նաև խպիպի առաջացման պատճառներից։

Եթե ձեր խպիպը փոքր է, և ձեր վահանաձև գեղձի գործունեությունը չի տուժել, բժիշկը կարող է առաջարկել «սպասել և տեսնել» մոտեցումը՝ կանոնավոր ստուգումներով:

Դեղամիջոցներ

Խպիպի դեղամիջոցները կարող են ներառել ստորև նկարագրվածներից մեկնումեկը:

  • Հորմոնի արտադրությունը բարձրացնելու համար. թերակտիվ վահանաձև գեղձը (հիպոթիրեոզ) բուժվում է թիրեոիդային հորմոնի փոխարինմամբ: Լևոթիրոքսին դեղամիջոցը (Լևոքսիլ, Թիքվիդիտի և այլն) փոխարինում է թիրոքսին (T4) հորմոնին, որի շնորհիվ մակուղեղը (հիպոֆիզ) սկսում է արյան մեջ բաց թողնել ավելի քիչ թիրեոտրոպ հորմոն (TSH): Լիոթիրոնին (Ցիտոմել) դեղամիջոցը կարող է նշանակվել որպես տրիյոդթիրոնին (T3) հորմոնի փոխարինող: Այս բուժումները կարող են կրճատել խպիպի չափերը:
  • Հորմոնի արտադրությունը նվազեցնելու համար. գերակտիվ վահանաձև գեղձը (թիրեոտոքսիկոզ) կարելի է բուժել հակաթիրեոիդային դեղամիջոցներով, որոնք արգելակում են վահանաձև գեղձի հորմոնների՝ T4 և T3-ի արտադրությունը: Առավել հաճախ նշանակվող դեղամիջոցը՝ Մեթիմազոլը (Տապազոլ), նաև կարող է փոքրացնել խպիպի չափերը:
  • Հորմոնային ակտիվությունը պաշարելու համար. թիրեոտոքսիկոզի ախտանիշները զսպելու համար բժիշկը կարող է նշանակել որևէ բետա պաշարիչ (բլոկատոր): Այս խմբի դեղամիջոցներից են՝ Ատենոլոլ (Տենորմին), Մետոպրոլոլ (Լոպրեսսոր) և այլն, որոնք կարող են օգնել սրտի ռիթմի կարգավորմանը և բարձր արյան ճնշման նվազեցմանը:
  • Ցավերի կառավարման համար. եթե թիրեոիդիտը՝ վահանաձև գեղձի բորբոքումն առաջացնում է ցավ, այն սովորաբր բուժվում է Ասպիրինով, Նապրոքսենով (Ալեվե), Իբուպրոֆենով (Ադվիլ, Մոտրին IB և այլն) կամ համանման ցավազրկողներով: Ուժեղ ցավը կարող է բուժվել ստերոիդով:

Վիրահատություն

Որոշ դեպքերում կարող է պահանջվել ձեր վահանաձև գեղձի ամբողջական կամ մասնակի հեռացում (տոտալ կամ մասնակի թիրեոիդէկտոմիա): Ձեր բժիշկը կարող է առաջարկել այս վիրահատություններից մեկնումեկը, եթե խպիպն առաջացրել է հետևյալ բարդությունները՝

  • շնչելու կամ կուլ տալու դժվարություն
  • թիրեոտոքսիկոզ պատճառով հանգույցներ
  • վահանաձև գեղձի քաղցկեղ:

Կախված նրանից, թե ձեր վահանաձև գեղձի ինչ չափ է հեռացվել, կարող է առաջանալ վահանաձև գեղձի հորմոնների փոխարինող բուժման անհրաժեշտություն:

Իմացե՛ք ավելին վահանաձև գեղձի հեռացման վիրահատությունների մասին:

Ռադիոակտիվ յոդով բուժում

Բուժման այս տարբերակը կարող է առաջարկվել, եթե ունեք գերակտիվ վահանաձև գեղձ (թիրեոտոքսիկոզ): Ռադիոակտիվ յոդի չափաբաժինն ընդունվում է բերանով: Վահանաձև գեղձը կլանում է ռադիոակտիվ յոդը, որն էլ ոչնչացնում է գեղձային հյուսվածքի բջիջները: Ռադիոակտիվ յոդով բուժումը նվազեցնում կամ վերացնում է վահանաձև գեղձի հորմոնների արտադրությունը և կարող է կրճատել խպիպի չափերը:

Ինչպես վիրահատության դեպքում էր, այս բուժումից հետո կարող է առաջանալ հորմոնային փոխարինող բուժման անհրաժեշտություն՝ հորմոնների անհրաժեշտ մակարդակը պահպանելու համար:

Հոդվածը հրապարակվել է՝ 15-06-2018
Վերջին վերանայում՝ 23-04-2024