Խպիպի առկայությունը հաճախ պարզվում է սովորական բուժզննման ժամանակ:
Շոշափելով ձեր պարանոցը, բժիշկը կարող է հայտնաբերել վահանաձև գեղձի մեծացում, առանձին հանգույց կամ բազմաթիվ հանգույցներ: Երբեմն խպիպը գտնվում է մեկ այլ հիվանդության կապակցությամբ պարանոցի պատկերային հետազոտությամբ:
Այնուհետև բժիշկը կարող է նշանակել լրացուցիչ թեստեր, որ՝
- չափի վահանաձև գեղձի չափերը
- գտնի որևէ հանգույց
- գնահատի, թե արդյոք վահանաձև գեղձը գերակտիվ կամ թերակտիվ է
- որոշի խպիպի պատճառը:
Վահանաձև գեղձի հետազոտությունները կարող են ներառել հետևյալը:
- Վահանաձև գեղձի գործունեության թեստեր. արյան նմուշը կարող է օգտագործվել՝ չափելու մակուղեղի (հիպոֆիզ) կողմից արտադրվող թիրեոտրոպ հորմոնի (TSH) և վահանաձև գեղձի կողմից արտադրվող թիրեոիդ հորմոնների (T4 և T3) մակարդակները: Այս թեստերը կարող են օգնել որոշելու, թե արդյոք խպիպը կապված է վահանաձև գեղձի գործունեության գերխթանման (թերեոտոքսիկոզ) կամ ընկճման հետ (հիպոթիրեոզ):
- Հակամարմնի թեստ. կախված վահանաձև գեղձի գործունեության թեստերի արդյունքներից, բժիշկը կարող է նշանակել արյան թեստ՝ հայտնաբերելու որևէ աուտոիմուն հիվանդության հետ կապված հակամարմին, ինչպիսիք են Հաշիմոտոյի հիվանդությունը կամ Գրեյվսի հիվանդությունը:
- Գերձայնային հետազոտություն (սոնոգրաֆիա). այս հետազոտությունն օգտագործում է ձայնային ալիքներ՝ ձեր պարանոցի հյուսվածքների համակարգչային պատկեր ստեղծելու համար: Հետազոտությունը կատարվում է պարանոցին հպվող ձողաձև գործիքով (տվիչ կամ տրանսդյուսեր): Այս պատկերային հետազոտությունը կարող է որոշել ձեր վահանաձև գեղձի չափը և հայտնաբերել հանգույցները:
- Ռադիոակտիվ յոդի կլանում. եթե ձեր բժիշկը նշանակում է այս հետազոտությունը, ձեզ տրվում է փոքր քանակությամբ ռադիոակտիվ յոդ (ռադիոյոդ): Օգտագործելով հատուկ սքանավորող սարք՝ տեխնիկը կարող է չափել այն քանակությունը և արագությունը, որով ձեր վահանաձև գեղձը կլանում է ռադիոյոդը: Հետազոտությունը կարող է զուգակցվել ռադիոյոդի սքանավորման հետ՝ ցույց տալու կլանման ընթացքի տեսողական պատկերը: Արդյունքները նաև կարող են օգնել պարզելու խպիպի գործունեությունը և առաջացման պատճառը:
- Բիոպսիա. բարակասեղային ասպիրացիոն բիոպսիայի ժամանակ օգտագործվում է գերձայնային սարք (սոնոգրաֆ)՝ շատ բարակ ասեղը վահանաձև գեղձի մեջ ուղղորդելու և հյուսվածքի կամ հանգուցում առկա հեղուկի նմուշ վերցնելու համար: Այս նմուշները ստուգվում են քաղցկեղային բջիջների առկայության համար։
Հոդվածը հրապարակվել է՝ 15-06-2018
Վերջին վերանայում՝ 23-04-2024