Գոնորեա (սուսանակ)

Գոնորեան սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություն է, որի հարուցիչը «գոնոկոկ» բակտերիան է (Neisseria gonorrhoeae)։
Կախված վարակի փոխանցման ճանապարհից և սեռից՝ գոնոկոկն ախտահարում է վարակված մարդու միզուկը, հեշտոցը, արգանդի պարանոցը, հետանցքը, բերանը, ըմպանը և աչքերը։
Գոնորեայի ախտանիշները
Գոնորեան հաճախ չի դրսևորում որևէ ախտանշան, սակայն, չբուժվելու դեպքում կարող է առաջացնել տարբեր բարդություններ, այդ թվում՝ անպտղություն։
Եթե, այնուամենայնիվ, գոնորեան բերում է գանգատների առաջացման, առաջին ախտանիշներն ի հայտ են գալիս վարակվելուց հետո 3-րդ օրվանից սկսած մինչև 2 շաբաթվա ընթացքում։ Սուր գոնորեայի ամենահաճախ հանդիպող ախտանիշներն են՝
- սեռական ուղիներից լորձաթարախային կամ թարախային արտադրություն
- միզարձակելուց ցավ և այրոցի զգացում
- ներքին սեռական օրգանների շրջանում տհաճ կամ ցավային զգացումներ
- կանանց մոտ՝ նաև քոր և այրոց հեշտոցում։
Ինչպե՞ս է տեղի ունենում գոնորեայով վարակումը
Գոնորեան տարածվում է վարակված սեռական զուգընկերոջ կամ զուգընկերուհու հետ չպաշտպանված հեշտոցային (վագինալ), հետանցքային (անալ) կամ բերանային (օրալ) սեռական հարաբերությամբ։
Չպաշտպանված հեշտոցային սեռական հարաբերության ժամանակ վարակված տղամարդու մոտ առաջանում է միզուկի, իսկ կնոջ մոտ՝ հեշտոցի և արգանդի պարանոցի բորբոքումներ։
Գոնորեան կարող է նաև հղի կնոջ ծննդաբերության ընթացքում մորից փոխանցվել նորածնին։ Վարակված նորածնի մոտ զարգանում է նորածնային կոնյուկտիվիտ (աչքի շաղկապենու բորբոքում), որն էլ կարող է բարդանալ կուրությամբ։
Գոնորեայի բարդությունները
Գոնորեայի հետևանքները բազմազան են: Կանանց մոտ կարող է առաջանալ արգանդի, արգանդի պարանոցի, փողերի և ձվարանների բորբոքում, դաշտանային ցիկլի խանգարում, կպումներ, չզարգացող հղիություն և անպտղություն:
Խիստ հազվադեպ, անցնելով արյան հուն, գոնորեան կարող է հանգեցնել անոթների ախտահարման, սրտի ներքին թաղանթի բորբոքման (էնդոկարդիտ) և մենինգիտի:
Ի՞նչ անել, եթե ես ունեմ գոնորեա
Եթե կարծում եք, որ դուք ունեք գոնորեա, անպայման դիմեք սեռավարակաբանին (վեներոլոգ)։ Նա կլսի ձեզ, կնշանակի որոշ լաբորատոր թեստեր (օրինակ՝ միզասեռական քսուքի մանրադիտակային հետազոտություն) և գոնորեան հաստատվելու դեպքում կնշանակի բուժում։
Շատ կարևոր է, որ վերջին երեք ամսվա ձեր բոլոր սեռական զուգընկերները նույնպես սեռավարակների նկատմամբ հետազոտվեն և անհրաժեշտության դեպքում բուժվեն։
Հոդվածը վերանայվել է՝ 02-02-2021