Բազմաթիվ դեպքերում գոնորեայի վարակը ոչ մի ախտանիշ չի առաջացնում:
Այնուամենայնիվ, գոնորեայի ախտանիշները կարող են ազդել ձեր մարմնի բազմաթիվ շրջանների վրա, բայց սովորաբար դրսևորվում են սեռական ուղիներում:
Սեռական ուղիներն ախտահարող գոնորեա
Տղամարդկանց մոտ գոնորեային վարակի գանգատներն ու ախտանիշները ներառում են՝
- ցավոտ միզարձակում (դիզուրիա)
- առնանդամի ծայրից (միզուկի արտաքին բացվածքից) թարախային արտադրություն
- ցավ կամ այտուց մեկ ամորձու շրջանում:
Կանանց մոտ գոնորեային վարակի գանգատներն ու ախտանիշները ներառում են՝
- հեշտոցային արտադրության ավելացում
- ցավոտ միզարձակում (դիզուրիա)
- հեշտոցային արյունահոսություն դաշտանների միջև, օրինակ՝ հեշտոցային սեռական հարաբերությունից հետո
- որովայնային կամ կոնքային ցավեր:
Մարմնի այլ շրջաններն ախտահարող գոնորեա
Գոնորեան կարող է ախտահարել նաև մարմնի հետևյալ շրջանները:
- Ուղիղ աղիք (ռեկտում). նշաններն ու ախտանիշները ներառում են՝ հետանցքային (անալ) քոր, ուղիղ աղիքից թարախային արտադրություն, զուգարանի թղթի վրա վառ կարմիր արյան հետքեր և աղիները դատարկելիս լարվելու կարիք:
- Աչքեր. գոնորեան, որն ախտահարում է ձեր աչքերը, կարող է առաջացնել աչքի ցավ, լույսի նկատմամբ զգայունություն (լուսավախություն) և մեկ կամ երկու աչքերից թարախային արտադրություն։
- Կոկորդ. կոկորդի վարակի գանգատներն ու ախտանիշները կարող են ներառել կոկորդի ցավը և պարանոցի ավշային հանգույցների այտուցվածությունը:
- Հոդեր. եթե մեկ կամ մի քանի հոդեր վարակվում են բակտերիայով (սեպտիկ արթրիտ), ախտահարված հոդերը կարող են լինել տաք, կարմիր, այտուցված և չափազանց ցավոտ, հատկապես շարժումներ կատարելիս:
Ե՞րբ այցելել բժշկին
Պայմանավորվեք ձեր բժշկի հետ արտահերթ այցի համար, եթե նկատում եք որևէ անհանգստացնող գանգատ կամ ախտանիշ, ինչպիսին է միզելիս այրոցի զգացողությունը կամ ձեր առնանդամից, հեշտոցից կամ ուղիղ աղիքից թարախային արտահոսքը:
Նաև այցելեք ձեր բժշկին, եթե ձեր զուգընկերոջ մոտ ախտորոշվել է գոնորեա: Դուք կարող եք չզգալ գանգատներ կամ ախտանիշներ, որոնք ձեզ կհուշեին դիմել բժշկի: Բայց առանց բուժման, դուք կարող եք նորից վարակել ձեր զուգընկերոջը նույնիսկ այն բանից հետո, երբ նա հաջողությամբ բուժել է իր գոնորեան:
Հոդվածը հրապարակվել է՝ 07-03-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024