Պադագրայի գանգատները և ախտանիշները գրեթե միշտ ի հայտ են գալիս հանկարծակի, հաճախ՝ գիշերները:
Պոդագրայի ախտանիշները (նոպա) ներառում են հետևյալը:
- Սաստիկ հոդացավ. պոդագրան սովորաբար ախտահարում է ոտքի բութ մատի հիմքը (նախագարշապար-մատնոսկրային հոդ), թեև կարող է ի հայտ գալ ցանկացած հոդում: Ավելի հաճախ ախտահարվող այլ հոդերից են ոտքի կոճերը, արմունկները, ծնկները, դաստակներն ու մատները: Ցավը սովորաբար առավել ուժեղ է լինում սկսվելուց առաջին 4-12 ժամվա ընթացքում։ Հոդը և հարակից շրջանների նույնիսկ թույլ հպումները (օրինակ՝ հագուստ, անկողնային սպիտակեղեն) դառնում են խիստ ցավոտ:
- Պահպանվող անհարմարավետություն (դիսկոմֆորտ). ուժեղ ցավերի մեղմացումից հետո հոդային անհարմարավետությունը կարող է պահպանվել մի քանի օրից մինչև մի քանի շաբաթ: Հաջորդող նոպաները կարող են տևել ավելի երկար և ընդգրկել ավելի շատ հոդեր:
- Բորբոքում և կարմրություն. ախտահարված հոդը կամ հոդերն այտուցվում են, լարվում, դառնում տեղային տաք և կարմրած։
- Շարժումների սահմանափակում. երբ պոդագրան խորանում է, ախտահարված հոդում շարժումները սահմանափակվում են:
Պոդագրայի երկարատև ընթացքի ժամանակ միզաթթվային բյուրեղները կուտակվում են մարմնի տարբեր շրջանների ենթամաշկում և առաջացնում պոդագրային հանգույցներ կամ տոֆուսներ (ականջներ, մատներ, դաստակ, նախադաստակ, ծնկներ, արմունկներ և այլն):
Ե՞րբ դիմել բժշկին
Եթե ունեք հանկարծակի և ուժեղ հոդացավ, տեղեկացրեք բժշկին: Չբուժված պոդագրան կարող է բերել ցավի սաստկացման և հոդի վնասման: Առանց ուշացնելու դիմեք բժշկին, եթե ունեք բարձր ջերմություն և ախտահարված հոդը տաք է և բորբոքված, որոնք վարակի նշաններ են:
Հոդվածը հրապարակվել է՝ 29-04-2018
Վերջին վերանայում՝ 23-04-2024