Կան պոդագրայի բուժման երկու տեսակի դեղամիջոցներ, որոնց նպատակը երկու տարբեր խնդիրների լուծումն է։
Առաջին տեսակի դեղամիջոցներն օգնում են պոդագրայի նոպայի հետ կապված բորբոքման և ցավի մեղմացմանը: Երկրորդ տեսակի դեղամիջոցների նպատակն արյան միզաթթվի քանակը նվազեցնելու միջոցով պոդագրայի բարդությունների կանխարգելումն է:
Այն, թե բժիշկը որ տեսակի դեղամիջոցը կնշանակի, կախված է գանգատների ու ախտանիշների հաճախականությունից ու ծանրության աստիճանից, ինչպես նաև ուղեկցող առողջական խնդիրներից:
Պոդագրայի նոպաների բուժման դեղամիջոցներ
Գոյություն ունեն պոդագրայի սրացումների բուժման և ապագա նոպաների կանխարգելման համար նշանակվող տարբեր դեղամիջոցներ:
- Ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներ (ՈՍՀԲԴ). ՈՍՀԲԴ-ները ներառում են դեղատոմս չպահանջող Իբուպրոֆենը (Ադվիլ, Մոտրին IB և այլն) և Նապրոքսեն նատրիումը (Ալեվե), ինչպես նաև ավելի ուժեղ ազդեցության Ինտոմեթացինը (Ինդոցին, Տիվորբեքս) կամ Ցելեկոքսիբը (Ցելեբրեքս)։ ՈՍՀԲԴ-ն ունեն ստամոքսի ցավ, արյունահոսություն և խոցեր առաջացնելու ռիսկ:
- Կոլխիցին. բժիշկը կարող է խորհուրդ տալ Կոլխիցին (Կոլկրիս, Գլոպերբա, Միտիգար)՝ հակաբորբոքային դեղամիջոց, որն արդյունավետ կերպով թուլացնում է պոդագրայի ցավերը: Այնուամենայնիվ, Կոլխիցինը կարող է առաջացնել կողմնակի ազդեցություններ, ինչպիսիք են՝ սրտխառնոց, փսխում և փորլուծություն:
- Կորտիկոստերոիդներ. կորտիկոստերոիդային դեղամիջոցները, օրինակ՝ Պրոդնիզոնը կարող է վերահսկել պոդագրային բորբոքումը և ցավը: Դրանք կարող են նշանակվել որպես հաբեր կամ ներհոդային ներարկման լուծույթներ: Կորտիկոստերոիդների կողմնակի ազեցություններից են՝ տրամադրության փոփոխություններ, արյան շաքարի մակարդակների բարձրացում և արյան ճնշման բարձրացում:
Պոդագրայի բարդությունների կանխարգելման դեղամիջոցներ
Եթե յուրաքանչյուր տարի գրանցվում են պոդագրայի սուր նոպաներ կամ պոդագրայի սրացումներն ավելի հազվադեպ հանդիպող, սակայն խիստ ցավոտ են, բժիշկը կարող է խորհուրդ տալ պոդագրայի հետ կապված բարդությունների ռիսկը կրճատող դեղամիջոցներ: Եթե ռենտգենոգրաֆիայով առկա է հոդի վնասում կամ ունեք տոֆուսներ, քրոնիկ երիկամային հիվանդություն կամ երիկամային քարեր, բժիշկը կարող է նշանակել դեղամիջոցներ, որոնք կրճատում են արյան մեջ միզաթթվի մակարդակը:
- Միզաթթվի արտադրությունն արգելափակող դեղամիջոցներ. Ալլոպուրինոլը (Ալոպրիմ, Լոպուրին, Զիլոպրիպ) և Ֆենուքսոստատը (Ուլորիկ) օգնում են օրգանիզմում միզաթթվի արտադրության կրճատմանը: Կողմնակի ազդեցություններից են ջերմության բարձրացումը, ցանը, հեպատիտը և երիկամային խնդիրները: Ֆեբուքսոստատի կողմնակի ազդեցություններից են ցանը, սրտխառնոցը և լյարդի գործունեության ընկճումը: Այս դեղամիջոցը նաև կարող է բարձրացնել սրտային մահացության ռիսկը:
- Միզաթթվի հեռացումը բարելավող դեղամիջոցներ. Պրոբենեցիդը (Պրոբալան) և նմանատիպ դեղամիջոցները կարող են օգնել երիկամներով օրգանիզմից միզաթթվի հեռացմանը: Կողմնակի ազդեցություններից են ցանը, ստամոքսի ցավը և երիկամային քարերի առաջացումը:
Հոդվածը հրապարակվել է՝ 28-04-2018
Վերջին վերանայում՝ 23-04-2024