Պոդագրա

Պոդագրան հոդերի ցավոտ բորբոքումն է, որի զարգացման մեջ կարևորվում է միզաթթվական աղերի ներ- և հարհոդային կուտակումը։
Թեև պոդագրայի ժամանակ ավելի հաճախ ախտահարվում է ոտնաթաթի բութ մատը (նախագարշապար-մատնոսկրային հոդ), սակայն հիվանդության մեջ կարող են ներգրավվել նաև ձեռքերը, դաստակը, ծունկը, արմուկները և մյուս հոդերը։
Պոդագրան համարվում է նյութափոխանակության խարգարման հիվանդություն, որի ժամանակ «միզաթթու» կոչվող նյութի ավելցուկը բյուրեղների տեսքով կուտակվում և ախտահարում է որոշ հոդեր։
Նորմայում միզաթթուն առաջանում է բջիջների, ԴՆԹ-ի քայքայման արդյունքում կամ ստացվում է մեր ամենօրյա սննդով և ըմպելիքներով։ Դրա որոշ քանակներ հայտնաբերվում են արյան մեջ։ Միզաթթվի հիմնական մասն օրգանիզմից հեռանում է երիկամների միջոցով։
Միզաթթվի ավելցուկային քանակներն արյան մեջ կուտակվում են երկու հիմնական պատճառով, երբ այս նյութի արտադրությունն ուժեղանում է կամ մեզի միջոցով արտաթորումը՝ դանդաղում։ Միզաթթուն հոդերում կուտակվում է աղերի՝ «ուրատների» տեսքով, որոնք էլ առաջացնում են հոդերի սուր և ծանր բորբոքում։
Պոդագրան կարող է զարգանալ բոլոր մարդկանց մոտ, սակայն ավելի հաճախ հանդիպում է բարձր տարիքով տղամարդկանց մոտ։ Երբեմն պոդագրա կարող է զարգանալ նաև կանանց մոտ՝ դաշտանադադարից առաջ։
Սեռից և տարիքից բացի, պոդագրայի առաջացմանը կարող են նպաստել նաև հետևյալ գործոնները՝
- երիկամներով ջրի հեռացումը խթանող դեղերի ընդունում (միզամուղներ կամ դիուրետիկներ)
- մարմնի ավելցուկային զանգված կամ գիրություն
- երիկամային հիվանդություններ, բարձր արյան ճնշում (հիպերտենզիա), դիաբետ (շաքարախտ), արյան մեջ ճարպերի և խոլեսթերինի բարձր ցուցանիշներ
- պուրինով հարուստ սննդամթերքներ՝ «կարմիր» միս, ճարպոտ ծովամթերք կամ քաղցրահամ ըմպելիքներ
- ոգելից խմիչքների, հատկապես գարեջրի, պորտվեյնի կամ թունդ խմիչքների օգագործում։
Պոդագրան կարող է ուղեկցել նաև արյան որոշ հիվանդություններին (լեյկոզ և լիմֆոմա) և քաղցկեղին։
Պոդագրայի վաղ բուժումը կարող է մեղմացնել հոդերի բորբոքումը և ցավերը։
Հաճախ պոդագրայի «նոպաները» կարող են առաջացնել հոդի և մոտակա ոսկրերի անդառնալի վնասում։
Հոդվածը վերանայվել է՝ 02-02-2021