Գրեյվսի հիվանդություն. պատճառներ
07-05-2021
2 րոպե

Գրեյվսի հիվանդության պատճառը հիվանդությունների դեմ պայքարող իմունային համակարգի խանգարված գործունեությունն է, որի պատճառը մինչ օրս մնում է անհայտ:
Նորմայում իմունային համակարգն արտադրում է հակամարմիններ, որոնք պետք է պայքարեն վիրուսների, բակտերիաների կամ այլ օտարածին գերծոնների դեմ: Գրեյվսի հիվանդության ժամանակ դեռևս ոչ լիարժեք բացահայտված պատճառներով իմունային համակարգն արտադրում է հակամարմիններ, որոնք գործում են ընդդեմ վահանաձև գեղձի հորմոն արտադրող հյուսվածքների ու բջիջների:
Նորմայում վահանաձև գեղձի գործունեությունը կարգավորվում է ուղեղի բաժիններից մեկում՝ մակուղեղում (հիպոֆիզ) արտադրվող թիրեոտրոպ հորմոնի (TSH) միջոցով: Գրեյվսի հիվանդության հետ կապված թիրեոտրոպ հորմոնի ընկալիչների հակամարմինները (rTSH Ab) խաթարում են վահանաձև գեղձի նորմալ կարգավորումը, որը սկսում է արտադրել մեծ քանակով թիրեոիդ հորմոններ՝ պատճառելով թիրեոտոքսիկոզ (հիպերթիրեոզ):
Գրեյվսի օֆթալմոպաթիայի պատճառները
Գրեյվսի օֆթալմոպաթիան զարգանում է անհայտ պատճառներով հետակնագնդային հյուսվածքներում և մկաններում որոշ ածխաջրերի կուտակման արդյունքում: Հավանաբար պատճառը նույն հակամարմինն է, որը բերում է վահանաձև գեղձի գերակտիվացման:
Գրեյվսի օֆթալմոպաթիան հաճախ ի հայտ է գալիս թիրեոտոքսիկոզի հետ միասին կամ մի քանի ամիս ավելի ուշ: Սակայն օֆթալմոպաթիայի ախտանիշները կարող են ի հայտ գալ թիրեոտոքսիկոզի զարգացումից տարիներ առաջ կամ հետո: Գրեյվսի օֆթալմոպաթիան նաև կարող է զարգանալ նույնիսկ այն ժամանակ, երբ թիրեոտոքսիկոզը բացակայում է:
Ռիսկի գործոններ
Թեև Գրեյսվի հիվանդությունը կարող է զարգանալ ցանկացած մարդու մոտ, բազմաթիվ ռիսկի գործոններ կարող են բարձրացնել հիվանդության ռիսկը:
- Ընտանեկան պատմություն (անամնեզ). ընտանեկան անամնեզը Գրեյվսի հիվանդության ապացուցված ռիսկի գործոն է, ուստի հավանական է, որ կան այս հիվանդության նկատմամբ «խոցելիությունը» բարձրացնող մեկ կամ մի քանի գեներ:
- Սեռ. կանանց շրջանում Գրեյվսի հիվանդության հանդիպման հաճախականությունն ավելի բարձր է, քան տղամարդկանց մոտ:
- Տարիք. Գրեյվսի հիվանդությունը սովորաբար զարգանում է մինչև 40 տարեկանների շրջանում:
- Այլ աուտոիմուն խանգարումներ. իմունային համակարգի այլ խանգարումներով մարդկանց մոտ Գրեյվսի հիվանդության ռիսկը բարձրանում է (օրինակ՝ 1-ին տիպի դիաբետ կամ ռևմատոիդ արթրիտ):
- Հուզական կամ ֆիզիկական սթրես. սթրեսով լի իրադարձությունները կամ հիվանդությունները կարող են գործել որպես ժառանգական նախատրամադրվածությամբ մարդկանց շրջանում Գրեյվսի հիվնադության զարգացմանը նպաստող գործոններ:
- Հղիություն. հղիությունը կամ ոչ վաղ անցյալի ծննդաբերությունը կարող են բարձրացնել հիվանդության ռիսկը, հատկապես ժառանգական նախատրամադրվածությամբ կանանց մոտ:
- Ծխախոտի օգտագործում. ծխախոտի ծուխը բացասաբար է ազդում իմունային համակարգի վրա և կարող է բարձրացնել Գրեյվսի հիվանդության ռիսկը: Ծխող մարդկանց մոտ բարձրանում է նաև Գրիեյվսի օֆթալմոպաթիայի ռիսկը:
Հոդվածը վերանայվել է՝ 12-05-2021