Չբուժված Գրեյվսի հիվանդությունը կարող է առաջացնել տարբեր բարդություններ:
- Հղիության խնդիրներ. հղիության ընթացքում Գրեյվսի հիվանդության հնարավոր բարդություններից են՝ վիժում, վաղաժամ ծննդաբերություն, պտղի թիրեոիդային դիսֆունկցիա, պտղի աճի հապաղում, մայրական սրտային անբավարարություն և պրեէկլամպսիա: Պրեէկլամպսիան մայրական հիվանդություն է, որը հանգեցնում է բարձր արյան ճնշման և այլ լուրջ գանգատների և ախտանիշների:
- Սրտային խանգարումներ. չբուժվելու դեպքում Գրեյվսի հիվանդությունը կարող է հանգեցնել սրտի ռիթմի խանգարումների (առիթմիա), սրտամկանի կառուցվածքի և գործունեության փոփոխությունների, ինչպես նաև սրտային անբավարարության, երբ սիրտը չի կարողանում բավանականաչափ արյուն մղել դեպի այլ օրգաններ:
- Թիրեոտոքսիկ կրիզ. Գրեյվսի հիվանդության հազվադեպ, բայց կյանքին սպառնացող բարդությունը թիրեոտոքսիկ կրիզն է, որը նաև հայտնի է որպես արագացած թիրեոտոքսիկոզ կամ թիրեոտոքսիկ փոթորիկ: Այն ավելի հավանական է, երբ ծանր թիրեոտոքսիկոզը չի բուժվում կամ անբավարար է բուժվում: Վահանաձև գեղձի հորմոնների հանկարծակի և կտրուկ աճը կարող է առաջացնել բազմաթիվ հետևանքներ, այդ թվում՝ տենդ, քրտնարտադրություն, փսխում, փորլուծություն, զառանցանք (դելիրիում), ծայրահեղ թուլություն, ցնցումներ, անկանոն սրտազարկ, մաշկի և աչքերի դեղնություն (դեղնուկ), խիստ ցածր արյան ճնշում (հիպոտենզիա) և կոմա: Թիրեոտոքսիկ կրիզը պահանջում է անհետաձգելի բուժօգնություն:
- Ոսկրերի փխրունացում. չբուժված թիրեոտոքսիկոզը կարող է նաև հանգեցնել թույլ, փխրուն ոսկորների (օստեոպորոզ): Ձեր ոսկորների ամրությունը մասամբ կախված է դրանցում պարունակվող կալցիումի և այլ միներալների քանակից: Վահանաձև գեղձի հորմոնների չափազանց մեծ քանակությունը խանգարում է ձեր օրգանիզմի՝ ոսկորների մեջ կալցիում ներմուծելու ունակությունը:
Հոդվածը հրապարակվել է՝ 07-05-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024