Գրեյվսի հիվանդության ախտանիշները պայմանավորված են վահանաձև գեղձի հորմոնների գերարտադրությամբ (թիրեոտոքսիկոզ):
Գրեյվսի հիվանդության տարածված գանգատներից և ախտանիշներից են՝
- անհանգստության զգացում (տագնապ) և գրգռվածություն
- ձեռքերի և մատների թույլ դող (տրեմոր)
- ջերմային զգայունություն և քրտինքի ավելացում կամ տաք, խոնավ մաշկ
- նիհարում (քաշի կորուստ), չնայած նորմալ ուտելու սովորություններին
- վահանաձև գեղձի մեծացում (խպիպ, զոբ)
- կանանց մոտ՝ դաշտանային ցիկլի փոփոխություններ
- տղամարդկանց մոտ՝ էրեկտիլ դիսֆունկցիա կամ լիբիդոյի նվազում
- աղիների դատարկման հաճախացում
- դուրս ցցված կամ արտափքված աչքեր (Գրեյվսի օֆթալմոպաթիա)
- հոգնածություն
- հաստացած և կարմրած մաշկ, սովորաբար՝ ոտնաթաթերի ծարերին և սրունքների շրջանում (Գրեյվսի դերմոպաթիա)
- արագացած կամ անկանոն սրտազարկ (սրտխփոց)
- քնի խանգարում:
Գրեյվսի օֆթալմոպաթիա
Գրեյվսի հիվանդությամբ մարդկանց շուրջ 30%-ի մոտ ի հայտ են գալիս Գրեյվսի օֆթալմոպաթիայի ախտանիշներ: Գրեյվսի օֆթալմոպաթիայի ժամանակ բորբոքումը և իմունային համակարգի այլ փոփոխություններն ազդում են ձեր աչքերի շուրջ գտնվող մկանների և այլ հյուսվածքների վրա:
Գրեյվսի օֆթալմոպաթիայի ախտանիշները ներառում են՝
- արտափքված աչքեր
- աչքերում ավազի զգացողություն
- աչքերում ճնշման զգացողություն կամ ցավ
- այտուցված կամ ձգված կոպեր
- կարմրած կամ բորբոքված աչքեր
- լուսազգայունություն
- երկտեսություն (դիպլոպիա)
- տեսողության կորուստ:
Գրեյվսի դերմոպաթիա
Գրեյվսի հիվանդությունը հազվադեպ կարող է առաջացնել մաշկի կարմրություն և հաստացում, հիմնականում՝ ոտքերի սրունքների և թաթերի շրջանում, որը կոչվում է Գրեյվսի դերմոպաթիա:
Ե՞րբ դիմել բժշկին
Մի շարք հիվանդություններ կարող են ընթանալ Գրեյվսի հիվանդության հետ կապված ախտանիշներով: Այցելեք ձեր բժշկին, եթե ունեք Գրեյվսի հիվանդության հետ հավանական կապ ունեցող որևէ ախտանիշ՝ արագ և ճիշտ ախտորոշման համար:
Դիմեք շտապ օգնության, եթե զգում եք սրտի հետ կապված ախտանիշներ, ինչպիսիք են արագացած կամ անկանոն սրտազարկը, կամ եթե զարգացել է տեսողության կորուստ:
Հոդվածը հրապարակվել է՝ 07-05-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024