Ճիշտ սննդակարգը և վարժանքները կարող են օգնել բուժման միջոցով որոշ ախտանիշների մեղմացմանը, ինչպես նաև ընդհանուր առողջության վերականգնմանը: Օրինակ, դեղամիջոցներով կամ բուժման այլ տարբերակներով թիրեոտոքսիկոզը «զսպելիս» կարող է առաջ գալ քաշի ավելացման խնդիր: Գրեյվսի հիվանդությունը նաև կարող է առաջացնել ոսկրերի փխրունացում, ուստի քաշի կարգավորմանն օգնող միջոցառումները կարող են օգնել ոսկրային հյուսվածքի ամրապնդմանը և առողջ վիճակի վերականգնմանը:
Սթրեսի մեղմացումը կարող է օգուտ տալ, քանի որ սթրեսը վատթարացնում է Գրեյվսի հիվանդության ախտանիշները: Հանգստացնող երաժշտությունը, տաք լոգանքը կամ զբոսանքը կարող են օգնել ձեր ուղեղի թուլացմանը։ Բժշկի հետ կազմեք լավ սննդանյութերը, վարժանքները և ռելաքսացիան ձեր առօրյայի բաղկացուցիչ մաս դարձնելու ծրագիր:
Գրեյվսի օֆթալմոպաթիայի ինքնօգնություն
Այս քայլերը կարող են օգնել ձեր աչքերի հետ կապված խնդիրների մեղմացմանը:
Աչքերին դրե՛ք սառը թրջոցներ. սառը թրջոցները կարող են մեղմացնել աչքերում տհաճ զգացողությունները:
Դրե՛ք արևային ակնոց. արևոտ կամ քամոտ եղանակներին տնից դուրս գալուց կրեք արևային ակնոց, որ աչքերը պաշտպանեք գրգռիչ ուլտրամանուշակագույն ճառագայթներից: Նույն կերպ, քամոտ եղանակին կարող եք նաև օգտագործել աչքերը կողքերից պաշտպանող հատուկ ակնոցներ:
Պահե՛ք ձեր աչքերն օծված և խոնավ. աչքի կաթիլները կարող են օգնել չորության և աչքերում ավազի առկայության զգացողության մեղմացմանը: Եթե ձեր աչքերը լիարժեք չեն փակվում, գիշերային ժամերին կարող եք օգտագործել աչքերը փակ պահող հատուկ սպեղանիներ կամ պարաֆինային հիմքով գելեր:
Բարձրացրե՛ք գլխատակը. մահճակալի գլխային ծայրը քիչ բարձրացնելով կարող եք նպաստել գլխում հեղուկների կուտակման նվազեցմանը, աչքերի վրա ճնշման թուլացմանը և այտուցվածության մեղմացմանը:
Մի՛ ծխեք. ծխախոտի օգտագործումը վատթարացնում է Գրեյվսի օֆթալմոպաթիայի ընթացքը:
Գրեյվսի դերմատոպաթիայի ինքնօգնություն
Հիդրոկորտիզոն (Կորտիզոն-10 և այլն) պարունակող միջոցները կարող են օգնել ձեր ոտնաթաթերի և սրունքների մաշկի կարմրության և այտուցվածության մեղմացմանը: Կարող եք նաև փորձել ոտքերի ճնշող վիրակապեր:
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։