Գիյեն-Բարեի համախտանիշն ախտահարում է ծայրամասային նյարդային համակարգը:
Նյարդերը վերահսկում են շարժումները և օրգանիզմի գործառույթները, ուստի այս խանգարումն ունեցող մարդիկ կարող են առնչվել տարաբնույթ բարդությունների հետ:
- Շնչառական դժվարություններ. մկանային թուլությունը կամ ծայրամասային կաթվածը կարող է տարածվել շնչառությունը կառավարող մկանների վրա, որը պոտենցիալ մահացու բարդություն է: Գիյեն-Բարեի համախտանիշով մարդկանց մինչև 22%-ը կարիք ունի օգտագործել արհեստական շնչառական ապարատ, հատկապես հիվանդանոցային բուժման առաջին շաբաթվա ընթացքում:
- Մնացորդային թմրածություն կամ այլ զգացողություններ. Գիյեն-Բարեի համախտանիշով մարդկանց մեծամասնությունը լիովին ապաքինվում է կամ ունենում է միայն աննշան, մնացորդային թուլություն, թմրածություն կամ ծակծկոցներ:
- Սրտային և արյան ճնշման խնդիրներ. արյան ճնշման տատանումները և սրտի անկանոն ռիթմը (առիթմիա) Գիյեն-Բարեի համախտանիշի տարածված կողմնակի ազդեցություններն են:
- Ցավ. Գիյեն-Բարեի համախտանիշով մարդկանց շուրջ մեկ երրորդը զգում է ուժեղ նյարդային ցավ, որը կարող է պահանջել ցավազրկողների ընդունում:
- Աղիքների և միզապարկի գործունեության հետ կապված խնդիրներ. աղիների գալարակծկանքների դանդաղեցումը և միզապարկում մեզի պահպանումը կարող են պայմանավորված լինել Գիյեն-Բարեի համախտանիշով:
- Արյան մակարդուկներ (թրոմբ). մարդիկ, ովքեր Գիյեն-Բարեի համախտանիշի պատճառով անշարժ են, ենթարկվում են արյունատար անոթներում մակարդուկների ձևավորման բարձրացած ռիսկին: Քանի դեռ չեք կարողանում ինքնուրույն քայլել, խորհուրդ է տրվում օգտագործել արյունը ջրիկացնող միջոցներ (հակամակարդիչներ) և կրել կոմպրեսիոն գուլպաներ:
- Պառկելախոցեր. երկար ժամանակ անշարժ լինելը նաև բարձրացնում է պառկելախոցերի առաջացման ռիսկը: Մարմնի դիրքի հաճախակի փոփոխումները կարող է օգնել այս խնդրից խուսափելուն:
- Կրկնություն (ռեցիդիվ). Գիյեն-Բարեի համախտանիշով մարդկանց մի փոքր տոկոսն ունենում է ռեցիդիվ՝ զգալով մկանային թուլություն ախտանիշների անհետացումից նույնիսկ տարիներ անց:
Գիյեն-Բարեի համախտանիշի սուր, վաղ ախտանշանները զգալիորեն մեծացնում են լուրջ երկարաժամկետ բարդությունների ռիսկը: Հազվադեպ, մահը կարող է առաջանալ այնպիսի բարդություններից, ինչպիսիք են շնչառական դիսթրես համախտանիշը և սրտամկանի ինֆարկտը:
Հոդվածը հրապարակվել է՝ 22-12-2023
Վերջին վերանայում՝ 26-04-2024