Գիյեն-Բարեի համախտանիշը հաճախ սկսվում է ծակծկոցներով և թուլությամբ, որը սկսվում է ոտնաթաթերից և ոտքերից և տարածվում մարմնի վերին մասում և ձեռքերում:
Որոշ մարդիկ առաջին ախտանիշները նկատում են ձեռքերում կամ դեմքին: Գիյեն-Բարեի համախտանիշի հարաճուն զարգացմանը զուգընթաց մկանային թուլությունը կարող է էլ ավելի խորանալ՝ վերածվելով կաթվածի (պարալիչ):
Գիյեն-Բարեի համախտանիշի գանգատներն ու ախտանիշները կարող են ներառել հետևյալը՝
- ձեռքերի և ոտքերի մատների, կոճերի կամ դաստակների ծակծկոցների զգացողություն
- ոտքերի թուլություն, որը տարածվում է մարմնի վերին շրջաններ
- անկայուն քայլք կամ աստիճաններով քայլելու կամ բարձրանալու անկարողություն
- դեմքի շարժումների և դիմախաղի հետ կապված դժվարություններ, ներառյալ խոսելը, ծամելը կամ կուլ տալը
- երկտեսություն (դիպլոպիա) կամ աչքերը շարժելու անկարողություն
- ուժեղ ցավ, որը կարող է զգացվել որպես ցավոտ ծակծկոցներ, նվացող կամ ջղաձգվող (սպաստիկ) ցավեր և կարող է ավելի սաստկանալ գիշերները
- միզապարկի վերահսկման կամ աղիքների գործունեության դժվարություն
- արագացած սրտազարկ
- ցածր (հիպոտենզիա) կամ բարձր (հիպերտենզիա) արյան ճնշում
- շնչառության դժվարացում:
Գիյեն-Բարեի համախտանիշով մարդիկ սովորաբար իրենց ամենազգալի թուլությունը նշում են ախտանիշների սկսվելուց հետո երկու շաբաթվա ընթացքում:
Տեսակները
Գիյեն-Բարեի համախտանիշն ունի մի քանի ձևեր, որոնցից հիմնականները ներկայացված են ստորև:
- Սուր բորբոքային դեմիելիզացնող պոլիռադիկուլոպաթիա (ՍԲԴՊ), որն ԱՄՆ-ում և եվրոպական տարածաշրջանում ամենատարածված ձևն է: ՍԲԴՊ-ի առավել հաճախ հանդիպող գանգատը մկանային թուլությունն է, որը սկսվում է մարմնի ստորին մասից և տարածվում դեպի վեր:
- Միլեր Ֆիշերի համախտանիշ (ՄՖՀ), որի դեպքում կաթվածը սկսվում է աչքերից: ՄՖՀ-ը նաև կապված է անկայուն քայլվածքի հետ: ՄՖՀ-ն ավելի հազվադեպ է ԱՄՆ-ում և եվրոպական տարածաշրջանում, սակայն ավելի տարածված է Ասիայում:
- Սուր մոտոր աքսիոնային նեյրոպաթիա (ՍՄԱՆ) և սուր մոտոր-սենսոր աքսիոնային նեյրոպաթիա (ՍՄՍԱՆ), որոնք ավելի հազվադեպ են ԱՄՆ-ում, բայց ավելի հաճախ են հանդիպում Չինաստանում, Ճապոնիայում և Մեքսիկայում:
Ե՞րբ դիմել բժշկին
Զանգեք ձեր բժշկին կամ բուժաշխատողին, եթե ձեր ոտքերի կամ ձեռքերի շրջանում զգում եք թեթև ծակծկոցներ, որը կարծես չի տարածվում կամ չի ծանրանում է: Դիմեք անհետաձգելի բուժօգնության, եթե ունեք այս ծանր գանգատներից կամ ախտանիշներից որևէ մեկը՝
- ծակծկոցներ, որոնոք սկսվել են ձեր ոտնաթաթերից կամ ոտքի մատներից և այժմ տարածվում են ձեր մարմնի վերին շրջանների վրա
- ծակծկոցներ կամ թուլություն, որն արագորեն տարածվում է
- շունչը պահելու դժվարություն կամ հարթ պառկած ժամանակ շնչարգելություն և հևոց
- խեղդող թուք:
Գիյեն-Բարեի համախտանիշը ծանր վիճակ է, որը պահանջում է անհապաղ հոսպիտալացում, քանի որ այն կարող է արագորեն վատթարանալ: Որքան շուտ սկսվի համապատասխան բուժումը, այնքան լավ արդյունքի հավանականությունն ավելի մեծ կլինի:
Հոդվածը հրապարակվել է՝ 22-12-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024