Գիյեն-Բարեի համախտանիշ հազվադեպ հանդիպող խանգարում է, որի ժամանակ ձեր օրգանիզմի իմունային համակարգը հարձակվում է ձեր իսկ սեփական նյարդերի վրա:
Ձեռքերի (դաստակների) և ավելի հաճախ՝ ոտնաթաթերի թուլությունն ու ծակծկոցները սովորաբար առաջին ախտանիշներն են:
Այս զգացողությունները կարող են արագ տարածվել՝ ի վերջո կաթվածահար անելով ձեր ամբողջ մարմինը: Գիյեն-Բարեի համախտանիշն իր ամենածանր ձևով պահանջում է անհետաձգելի բժշկական օգնություն: Այս խանգարումն ունեցող մարդկանց մեծ մասն ունի հոսպիտալացման և հիվանդանոցային բուժման կարիք:
Գիյեն-Բարեի համախտանիշի ճշգրիտ պատճառը հայտնի չէ: Սակայն հիվանդների երկու երրորդը հայտնում է նախորդող վեց շաբաթվա ընթացքում վարակի ախտանիշներ, այդ թվում՝ COVID-19, շնչառական կամ ստամոքս-աղիքային վարակ կամ Զիկա վիրուս:
Գիյեն-Բարեի համախտանիշի համար հայտնի բուժում չկա, սակայն մի քանի բուժումներ կարող են թեթևացնել ախտանիշները և կրճատել հիվանդության տևողությունը: Մարդկանց մեծամասնությունը Գիլեն-Բարեի համախտանիշից լիովին ապաքինվում է, սակայն որոշ ծանր դեպքեր կարող են մահացու ելք ունենալ: Վերականգնումը (ռեաբիլիտացիա) կարող է տևել մինչև մի քանի տարի, այնուամենայնիվ, մարդկանց մեծամասնությունը կարող է նորից քայլել ախտանշանների ի հայտ գալուց վեց ամիս հետո: Որոշ մարդիկ կարող են ունենալ երկարաժամկետ հետևանքներ, ինչպիսիք են թուլությունը, թմրածությունը կամ հոգնածությունը:
Հոդվածը հրապարակվել է՝ 22-12-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024