Սրտային հիվանդության պատճառները կախված են այդ հիվանդության առանձնահատուկ տեսակից:
Կան սրտային հիվանդության բազմաթիվ տարբեր տեսակներ:
Ինչպե՞ս է սիրտն աշխատում
Սրտային հիվանդության պատճառները հասկանալու համար նախ անհրաժեշտ է իմանալ, թե ինչպես է սիրտն աշխատում:
- Սիրտը բաժանված է խոռոչների՝ երկու վերին խոռոչներ (նախասրտեր) և երկու ստորին խոռոչներ (փորոքներ):
- Սրտի աջ կողմը արյունը թոքային զարկերակներով մղում է թոքեր:
- Թոքերում արյունը վերցնում է թթվածնը և թոքային երակներով վերադառնում սրտի ձախ կողմ:
- Այնուհետև սրտի ձախ կողմն արտաղմում է արյունը դեպի աորտա և վերջինովս՝ օրգանիզմի մյուս բոլոր մյուս շրջանները:
Սրտի փականներ
Սրտի չորս փականները՝ աորտալ, միտրալ (երկփեղկ), պուլմոնալ (թոքային) և տրիկուսպիդալ (եռփեղկ) սրտում արյան հոսքը դարձնում են ուղղորդված: Դրանք բացվում են միայն մեկ ուղղությամբ և միայն այն դեպքում, երբ դրա կարիքը կա: Փականները պետք է բացվեն լիարժեք և փակվեն կիպ, որ բացառեն արյան ետհոսքը:
Սրտազարկ
Բաբախող սիրտը շարունակաբար և հաջորդաբար կծկվում և թուլանում է:
- Կծկվելու ընթացքում (սիստոլա), սրտի ստորին խոռոչները (փորոքներ) ուժեղ կծկվում և փոքրանում են՝ արյունը մղելով թոքեր և օրգանիզմի մյուս շրջաններ:
- Թուլացման ընթացքում (դիաստոլա) փորոքները լցվում են սրտի վերին խոռոչներից (նախասրտեր) լցվող արյունով:
Էլեկտրական համակարգ
Սրտի էլեկտրական համակարգն ապահովում է սրտի նորմալ ռիթմով կծկումները: Սրտազարկն ապահովում է թթվածնով աղքատ երակային արյան փոխարինումը թթվածնով հարուստ զարկերակային արյամբ: Այս փոխարինումը երաշխավորում է մեր կենսունակությունը:
- Էլեկտրական ազդանշանները ծագում են սրտի վերին աջ խոռոչում (աջ նախասիրտ):
- Ազդանշանները տեղաշարժվում են հատուկ ուղիներով մինչև սրտի ստորին խոռոչներ (փորոքներ): Սա հրահանգում է սրտին, որ կծկվի և արտամղի արյունը դեպի մյուս օրգան–համակարգեր:
Սրտի իշեմիկ հիվանդության պատճառները
Զարկերակներում ճարպային վահանիկների ձևավորումը (աթերոսկլերոզ) հանդիսանում է սրտի իշեմիկ հիվանդության (ՍԻՀ) ամենատարածված պատճառը: Ռիսկի գործոնները ներառում են անառողջ սննդակարգը, ֆիզիկական թերակտիվությունը, գիրությունը և ծխելը: Առողջ ապրելակերպի ընտրությունները կարող են օգնել աթերոսկլերոզի ռիսկի կրճատմանը:
Անկանոն սրտազարկի պատճառները (առիթմիաներ)
Առիթմիաների հիմնական պատճառները կամ դրանց բերող հիվանդություններն են՝
- կարդիոմիոպաթիաներ
- ՍԻՀ
- դիաբետ
- թմրամիջոցների գործածում
- հուզական սթրես
- ալկոհոլի կամ կոֆեինի չափից դուրս շատ օգտագործում
- ի ծնե առկա սրտային խնդիրներ (սրտի բնածին արատներ)
- բարձր արյան ճնշում
- ծխախոտի օգտագործում
- սրտի փականային հիվանդություն
- որոշ դեղամիջոցների, դեղաբույսերի և հավելումների օգտագործում, այդ թվում՝ առանց դեղատոմս դուրս գրվող:
Սրտի բնածին արատների պատճառները
Սրտի բնածին արատը զարգանում է պտղի ներարգանդային կյանքի ընթացքում: Այն զարգանում է պտղի սրտի ձևավորման ընթացքում՝ հղիանալուց մոտ մեկ ամիս հետո: Սրտի բնածին արատները ձևախեղում են սրտի խոռոչներով արյան ուղղորդված հոսքը: Որոշ հիվանդություններ, դեղամիջոցներ և գեներ բարձրացնում են սրտի բնածին արատների ռիսկը:
Հաստացած կամ մեծացած սրտամկանի պատճառները (կարդիոմիոպաթիա)
Կարդիոմիոպաթիայի պատճառը կախված է տեսակից:
- Դիլատացիոն կարդիոմիոպաթիա. սա կարդիոմիոպաթիայի ամենահաճախ հանդիպող տեսակն է, որի պատճառը հաճախ անհայտ է: Այն կարող է փոխանցվել ծնողներից երեխաներին (ժառնագական): Դիլատացիոն կարդիոմիոպաթիան սովորաբար սկսվում է սրտի գլխավոր արտամղիչ խոռոչից՝ ձախ փորոքից: Բազմաթիվ գործոններ կարող են ախտահարել ձախ փորոքը, այդ թվում՝ սրտամկանի ինֆարկտներ, վարակներ, թույներ և որոշ դեղամիջոցներ, օրինակ՝ քաղցկեղի դեղեր:
- Հիպերտրոֆիկ կարդիոմիոպաթիա. այս տեսակը սովորաբար փոխանցվում (ժառանգվում) է ծնողներից երեխաներին:
- Ռեստրիկտիվ կարդիոմիոպաթիա. սա կարդիոմիոպաթիայի ամենահազվադեպ հանդիպող տեսակն է, որի պատճառը հայտնի չէ: Երբեմն այն առաջանում է սրտում ամիլոիդ կոչվող սպիտակուցի կուտակման (սրտային ամիլոիդոզ) կամ շարակցական հյուսվածքի հիվանդության պատճառով:
Սրտի վարակի պատճառները
Սրտի վարակը, օրինակ՝ էնդոկարդիտը, առաջանում է, երբ հարուցիչները հասնում են սիրտ կամ սրտի փականներ: Սրտի վարակի ամենատարածված պատճառներն են՝
- բակտերիաներ
- վիրուսներ
- մակաբույծներ:
Սրտի փականային հիվանդության պատճառները
Բազմաթիվ պատճառներ կարող են առաջացնել սրտի փականային հիվանդություն: Որոշ մարդիկ ի ծնե ունեն սրտի փականային հիվանդություն (բնածին սրտի փականային հիվանդություն): Սրտի փականային հիվանդությունը նաև կարող է առաջանալ որոշ հիվանդությունների պատճառով, այդ թվում՝
- ռևմատիկ տենդ (ռևմատիզմ)
- վարակներ (վարակային էնդոկարդիտ)
- շարակցական հյուսվածքի հիվանդություններ:
Ռիսկի գործոններ
Սրտային հիվանդության ռիսկի գործոնները ներառում են՝
- բարձր տարիք
- արական սեռ (թեև կանանց մոտ ռիսկը բարձրացնում է դաշտանադադարից հետո)
- ընտանեկան պատմություն
- ծխախոտի օգտագործում
- անառողջ սննդակարգ (ճարպերի, աղի, շաքարի և խոլեստերինի բարձր պարունակությամբ)
- բարձր արյան ճնշում
- բարձր խոլեստերին
- դիաբետ
- գիրություն
- ֆիզիկական թերակտիվություն
- սթրես
- անառողջ ատամներ (վարակը կարող է տարածվել և հասնել սիրտ):
Հոդվածը հրապարակվել է՝ 20-01-2023
Վերջին վերանայում՝ 02-06-2024