Սրտային հիվանդության ախտանիշները կախված են հիվանդության տեսակից:
Արյունատար անոնթերի հետ կապված սրտային հիվանդության ախտանիշները
Սրտի իշեմիկ հիվանդությունը (ՍԻՀ) սրտի տարածված հիվանդություն է, որն ախտահարում է սրտամկանին արյուն մատակարարող գլխավոր արյունատար անոթները՝ պսակային զարկերակները (այստեղից էլ մյուս անվանումը՝ սրտի պսակային հիվանդություն): Սրտի զարկերակների պատին խոլեստերինային կուտակումը (վահանիկներ) ՍԻՀ հիմնական պատճառն է: Նման վահանիկների ձևավորումը կոչվում է աթերոսկլերոզ: Աթերոսկլերոզը թուլացնում է դեպի սիրտ և այլ օրգաններ արյան հոսքը: Այն կարող է հանգեցնել սրտամկանի ինֆարկտի, ետկրծոսկրային ցավի (կրծքահեղձուկ) կամ ինսուլտի:
ՍԻՀ ախտանիշները տղամարդկանց և կանանց մոտ կարող են տարբերվել: Օրինակ, տղամարդկանց մոտ ավելի հավանական է ետկրծոսկրային ցավը, մինչդեռ կանանց մոտ ետկրծոսկրային անհարմարավետությունից (դիսկոմֆորտ) բացի նաև կարող են զարգանալ օդի պակաս և հևոց, սրտխառնոց և խիստ թուլություն:
ՍԻՀ ախտանիշները կարող են ներառել՝
- ետկրծոսկրային ցավ, կրծքավանդակում լարվածություն, ճնշման կամ սեղմման զգացում (կրծքահեղձուկ)
- օդի պակասի զգացում և հևոց
- ցավ պարանոցում, ստորին ծնոտում, կոկորդում, ստամոքսի շրջանում կամ թիկունքում
- ոտքերի կամ ձեռքերի շրջանում ցավ, թմրածություն, թուլություն կամ սառնություն, եթե տվյալ շրջանների զարկերակները նեղացած են:
ՍԻՀ կարող է մնալ չախտորոշված, քանի դեռ չեն զարգացել սրտամկանի ինֆարկտ, կրծքահեղձուկ, ինսուլտ կամ սրտային անբավարարություն: Ուստի, խիստ կարևոր է, որ բժշկի հետ զրուցեք սրտային ախտանիշների կամ ձեր մտահոգությունների մասին: Կանոնավոր բժշկական ստուգումներով որոշ դեպքերում ՍԻՀ հնարավոր է հայտնաբերել զարգացման վաղ փուլերում:
Անկանոն սրտազարկի (սրտի առիթմիայի) հետ կապված սրտային հիվանդության ախտանիշները
Սիրտը կարող է բաբախել խիստ արագ, խիստ դանդաղ կամ անկանոն: Սրտի առիթմիայի ախտանիշները կարող են ներառել՝
- կրծքավանդակային (ետկրծոսկրային) ցավ կամ դիսկոմֆորտ
- գլխապտույտ
- ուշագնացություն (սինկոպե) կամ նախաուշագնացություն
- կրծքավանդակի թրթռոց
- արագացած սրտխփոց (տախիկարդիա)
- օդի պակասի զգացում և հևոց
- դանդաղած սրտխփոց (բրադիկարդիա):
Սրտի բնածին արատի հետ կապված սրտային հիվանդության ախտանիշները
Լուրջ բնույթի սրտի բնածին արատները սովորաբար հայտնաբերվում են ծնվելուց շատ չանցած: Երեխաների մոտ սրտի բնածին արատի ախտանիշները կարող են ներառել՝
- բաց մոխրագույն կամ կապտավուն մաշկ կամ շրթունքներ (ցիանոզ)
- ոտքերի, որովայնի կամ աչքերը շրջապատող շրջանի այտուցվածություն
- նորածինների մոտ՝ կերակրելիս շնչարգելություն և հևոց, որը բերում է թերսնուցման և անբավարար քաշի ավելացման:
Ավելի քիչ լրջության արատները հաճախ չեն ախտորոշվում մինչև ուշ մանկական տարիք կամ նույնիսկ չափահաս տարիքում: Անմիջապես կյանքին չսպառնացող արատների ախտանիշներից են՝
- ֆիզիկական գործ անելիս օդի պակասի զգացում և հևոց
- ֆիզիկական գործ անելիս վաղ հոգնածություն
- ձեռքերի, սրունք–ոտնաթաթային շրջանի կամ ոտնաթաթերի այտուցվածություն:
Ախտահարված սրտամկանի (կարդիոմիոպաթիա) հետ կապված սրտային հիվանդության ախտանիշները
Կարդիոմիոպաթիայի վաղ փուլերը որևէ նկատելի ախտանիշ չարող են չառաջացնել: Երբ հիվանդությունը ծանրանում է, ի հայտ են գալիս հետևյալ ախտանիշները՝
- գլխապտույտ, նախաուշաթափություն կամ ուշագնացություն
- թուլություն կամ հոգնածություն
- ֆիզիկական գործ անելիս կամ հանգիստ վիճակում օդի պակասի զգացում և հևոց
- գիշերները՝ քնելիս կամ առավոտյան՝ արթնանալիս օդի պակասի զգացում և հևոց
- անկանոն սրտազարկ, որը զգացվում է արագ, թփրտացող կամ այլ բնույթի սրտխփոցով
- այտուցված ոտքեր, սրունք–ոտնաթաթեր կամ ոտնաթաթեր:
Սրտի փականային խնդիրների (սրտի փականային հիվանդություն) հետ կապված սրտային հիվանդության ախտանիշները
Սիտն ունի 4 փականներ՝ աորտալ, միտրալ, թոքային (պուլմոնալ) և եռփեղկ (տրիկուսպիդալ): Դրանք բացվում և փակվում են՝ ուղղորդելով արյան հոսքը սրտի խոռոչներում: Սրտի փականները կարող են ախտահարվել տարբեր պատճառներից: Սրտի փականը կարող է նեղանալ (սթենոզ), թուլանալ (ռեգուրգիտացիա կամ անբավարարություն) կամ ոչ պատշաճ փակվել (պրոլափս):
Փականային սրտային հիվանդությունը կոչվում է նաև սրտի փոկանային հիվանդություն: Կախված նրանից, թե որ փականն է ոչ ճիշտ աշխատում, սրտի փականային հիվանդության ախտանիշները սովորաբար ներառում են՝
- կրծքավանդակային ցավ
- ուշագնացություն (սինկոպե)
- թուլություն
- անկանոն սրտազարկ
- շնչարգելություն և հևոց
- այտուցված ոտնաթաթեր կամ սրունք–ոտնաթաթային շրջան։
Էնդոկարդիտը վարակ է, որն ախտահարում է սրտի փականները և սրտի խոռոչների ներքին շերտը՝ լորձաթաղանթը: Էնդոկարդիտի ախտանիշներից են՝
- չոր կամ կայուն հազ
- ջերմություն
- սրտազարկի շեղումներ
- շնչարգելություն և հևոց
- մաշկի քոր կամ անսովոր բծեր
- ոտքերի կամ որովայնի շրջանի այտուց
- թուլություն կամ հոգնածություն:
Ե՞րբ դիմել բժշկին
Դիմեք անհետաձգելի բուժօգնության, եթե ունեք սրտային հիվանդության հետևյալ ախտանիշները՝
- կրծքավանդակային (ետկրծոսկրային) ցավ
- շնչարգելություն և հևոց
- գիտակցության կորուստ (ուշագնացություն):
Առանց ուշացնելու զանգեք 1-03, եթե կարծում եք, որ կարող եք ունենալ սրտամկանի ինֆարկտ:
Սրտային հիվանդությունն ավելի հեշտ է բուժվում, եթե հայտնաբերվում է հնարավորինս վաղ: Զրուցեք ձեր բժշկի հետ, եթե ունեք սրտի առողջական վիճակի վերաբերյալ որևէ անհանգստություն: Միասին դուք կարող եք քննարկել այն ուղիները, որոնց շնորհիվ կկրճատվի ձեր սրտային հիվանդության ռիսկը: Սա առանձնահատուկ կարևորություն է ստանում, եթե ունեք սրտային հիվանդության վերաբերյալ ընտանեկան պատմություն:
Եթե կարծում եք, որ ունեք սրտային հիվանդության ախտանիշներ, պայմանավորվեք և այցելեք ձեր բժշկին:
Հոդվածը հրապարակվել է՝ 15-01-2023
Վերջին վերանայում՝ 02-06-2024